Microsoft-Windows Vista օպերացիոն համակարգի ծրագրային փաթեթի հայերեն տարբերակի շնորհանդեսը երեկ տեղի ունեցավ «Նովոստի» գործակալության մամուլի կենտրոնում: Ներկայացնելով այն, Microsoft ընկերության Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Բարսեղյանը նշեց, որ Vista համակարգը հասանելի է բոլորին: Հայերեն ինտերֆեյսի նորացման փաթեթի ծավալը 2,5 Մբ է եւ հնարավոր է ինտերնետից ստանալ: Տեղեկացվեց, որ հայերեն ինտերֆեյսը մատչելի է Vista-ի բոլոր տարբերակների համար եւ տարածվում է անվճար:
«Բի Լայն» ընկերության, որն իրականացրել է օպերացիոն համակարգի տեղայնացումը, գործադիր տնօրեն Հայկ Խանջյանն ասաց, որ օպերացիոն համակարգի բառապաշարի ժամանակ օգտագործվել է արդեն գոյություն ունեցող բառերի այն բազան, որն օգտագործվել է Windows XP-ի թարգմանության ժամանակ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցման խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարեւորեց ծրագրային արտադրանքի հայերենացնելը, նշելով, որ դա օգնում է լեզուներ չիմացող մարդկանց համար համակարգիչը դարձնել ավելի հեշտ եւ մատչելի գործիք:
Ա. Մ.