«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2008-11-06 | #206, 2008-11-07 | #207, 2008-11-08


ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՈՒՍԱՆԵԼԻ ՕՐԻՆԱԿՈՎ

Իրմա եւ Սիլվա Տեր-Ստեփանյանները սփյուռքի ռամկավար շրջանակներից են, Նյու Յորքից: Դեռ վաղ հասակում, Հալեպի իրենց ընտանեկան հարկի տակ կրթվել, դաստիարակվել են Հայաստանի, Մայր աթոռ Ս. Էջմիածնի, հայ գրի ու մշակույթի, դպրության հանդեպ խոր ակնածանքով ու իմացություններով: Հայրը սփյուռքում հայտնի երգիծաբան Միհրան Տեր-Ստեփանյանն էր` մամուլում երեւացող «Խելոք Դավիթ» գրական ծածկանունով: Երկու քույրերն էլ եվրոպական բարձր կրթություն ունեն. Իրման` իրավաբանական, Սիլվան` մանկավարժական: Ապրում, աշխատում են օտար երկրներում. հարաբերվում, շփվում օտար քաղաքակրթություններին: Սակայն ամենայն հավատարմությամբ ոչ միայն պահպանել են իրենց հայրիկիՙ առ հայրենին նվիրումի հորդորն ու խրատը, այլեւ դարձրել են դա սեփական կյանքի գործը: Ամեն այցին Երեւան Տեր-Ստեփանյան քույրերը մի նոր անակնկալ, օգտակար ներդրում են ունենում: Արդեն մի քանի տարի նրանց շնորհիվ Թեքեյան մշակութային միության ամենամյա մրցանակաբաշխության անվանակարգերն ավելացել են երկուսով` «Արա-Մարալ» մանկապատանեկան եւ «Դավիթի պարսատիկեն» երգիծական ստեղծագործությունների համար:

Սիլվա Տեր-Ստեփանյանը սփյուռքում ծավալում է կրթական բծախնդիր գործունեություն` նա դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ, ուղեցույցներ, ուսուցողական ծրագրեր հեղինակելու մեծ հմտություն ունի: Նրա մանկավարժական սկզբունքների հիմքում, անշուշտ, ընկած են, անցյալի եւ ներկայի համաշխարհային մանկավարժական մտածողության առաջադեմ կրողների տեսությունն ու փորձը, որտեղ գլխավորը անհատի եւ նրա ուրույն մտածողության, ներքին ազատության ձեւավորումն է. կրթական մեթոդիկան միտված է համակողմանիորեն զարգացած մարդու կերտմանը: Երեխան, ինչպես ինքն է ասում, հմուտ մանկավարժի ձեռքում նույնն է, ինչ հում կավը` հմուտ արձանագործի:

Ապագա մարդու ձեւավորումը շատ առումներով պայմանավորված է միջավայրով, կրթական հաստատության մթնոլորտով, դաստիարակության մեթոդներով, դասագրքերով եւ, անշուշտ, մանկավարժի օրինակելի անձով: Համակողմանի դաստիարակությունը տարբեր ասպեկտներով` մարդուն ֆիզիկապես, մտավորապես եւ հոգեպես կրթելու դասընթացների ծրագիր է, որի մտահղացողն ու կազմակերպողն ինքն է: Ապրելով օտար մշակութային, սոցիալական միջավայրումՙ ազգային ինքնության գիտակցության սերմանումը Սիլվա Տեր-Ստեփանյանի ուսումնական դասընթացների հիմքն է կազմում: Այս խնդրում նա շատ ուշադիր ու զգայուն է: Նրա կազմած դասագրքերի թեմաները, նյութը սկզբունքորեն առաջնորդվում են ազգային բարձր իդեալներով, խորհրդանիշներով, մեր պատմության հերոսական դրվագներով ու դեմքերով, որոնք կոչված ենՙ օտարության մեջ մեծացող հայ երեխային ներարկելու ազգային արժանապատվություն եւ ձերբազատելու նրանՙ սեփական ծագման հնարավոր թերարժեքությունից:

Կրթական գործը նրա ուշադրության կենտրոնում է նաեւ այստեղՙ Հայաստանում, որտեղ շփվում-ծանոթանում է բնագավառի մասնագետների, զրուցում ծնողների, երեխաների հետ: Երկար տարիներ մշակած ծրագրերը, ուսումնական դասընթացները, մեթոդները Սիլվան իրականացնում է Ամերիկայի Արեւելյան թեմի հայոց առաջնորդարանին կից իր հիմնադրմամբ գործող Խրիմյան ճեմարանում: Եվ շատ խրախուսելի է Հայաստանում նման կրթարան հիմնելու նրա մտադրությունը, որի մասին խոսում էր մեկ ամիս առաջ: Ըստ որում, տվյալ կրթարանի հիմնական նպատակը լինելու է ապագա ղեկավար կադրերի պատրաստումը` որեւէ բնագավառում, որեւէ մակարդակի: Սա ենթադրում է ընդհանուր պատրաստվածություն բոլոր ասպարեզներումՙ սկսած բարոյագիտություն-վայելչագիտությունից մինչեւ մշակույթի, կրոնի, պատմության, արվեստի, գիտության ընդհանուր իմացություններ: Մեր պարագայում անհնար է չտրվել այսօրվա հատկապես մեր բարձրաստիճան շատ պաշտոնյա-ղեկավարների ընդհանուր մակարդակի եւ տարբեր ամբիոններից նրանց հնչեցրած աղավաղված հայերենի մասին հիշելու գայթակղությանը:

Ուստի այսպիսի դասընթացներով (ազգային հենքով համամարդկային բարձր արժեքներ) կրթարանների անհրաժեշտությունը մեզ համար, իրոք, փնտրված է եւ գուցե որոշիչ: (Ի վերջո, դպրոցն է ձեւավորում ապագա հասարակությունը): Մինչ մեզանում կձեւավորվեն նման հաստատություններ, ծանոթանանք վաղուց կյանքի կոչված Խրիմյան ճեմարանի ընդհանուր միջավայրին ու նրա ծրագրերինՙ որպես ուսանելի օրինակ:

Խրիմյան վարժարան

Խրիմյան վարժարանը հիմնվել է 1987-ին Նյու Յորքում, Ամերիկայի Արեւելյան թեմի առաջնորդարանի կրթական եւ մշակութային կենտրոնի նախկին տնօրեն Սիլվա Տեր-Ստեփանյանի ջանքերով: 6 տարվա կրթական ընդհանուր ծրագրով այս ճեմարանում ուսանել կարող են հայ վարժարանների նախակրթարանների վկայականով 12-18 տարեկան շրջանավարտներ: Ամբողջական դասընթացը 2 հավասար` Ա եւ Բ շրջանների է բաժանվումՙ երեքական տարով, յուրաքանչյուրըՙ կարմիր, կապույտ, նարնջագույն եւ Արարատ, Հայաստան, Երեւան անվանումներով: Տարեկան դասընթացն ընդգրկում է սեպտեմբերից հունիս ժամանակահատվածը, դասերնՙ ամիսը մեկ անգամ, շաբաթ առավոտյան: Կան եւս 4 հանդիպումներՙ մասնավոր հայտագրերի եւ բացառիկ հանդիսությունների: Ճեմարանն ունի հստակ եւ խստապահանջ կարգ ու կանոն, համազգեստ կրթարանի մակնիշովՙ շապիկներ եւ պայուսակներ: Մակնիշինՙ Արարատը, Ս. Էջմիածինը եւ ծիածանըՙ հողը, հավատը, գիրն ու մշակույթը խորհրդանշող: Ունի նաեւ քայլերգ, որով սկսվում է յուրաքանչյուր դաս: Դասընթացները ներառում են ընթերցանության, գրականության, գրավարժության, քերականության, արտասանության, քաղաքականության, բարոյագիտության-վայելչագիտության, երգ-երաժշտության եւ այլ պարապմունքներ: Առանցքային տեղ է հատկացված Հայ եկեղեցուն եւ քրիստոնեական հավատքին, Սուրբ գրքի ընթերցանությանը, Սուրբ պատարագի ուսուցմանը, երգեցողությանը, աղոթքներին:

Ճեմարանում անցկացվում են գիտաժողովներՙ հրավիրյալ մասնագետների դասախոսություններովՙ գիտության, աստվածաբանության, պատմության, մշակույթի, քաղաքականության, բարոյագիտության եւ այլ թեմաներով:

Վարժընթացների մեջ կարեւորվում է նաեւ ուսանողների թղթակցությունների պատրաստումը: Ճեմարանն ունի սեփականՙ «Մեր շունչը» պարբերաթերթը: Վերջին երեք տարիներին ուսանողների թղթակցությունը պարտադիր է, հատուկ ժամ է հատկացված թերթի ընթերցանությանըՙ ուղեկցվող քննարկումներով ու կարծիքների փոխանակումներով: Ճեմարանը սահմանել է ամսական եւ տարեկան խրախուսական մրցանակներ` հայոց լեզվից, կրոնից, մշակույթից, բառախաղերից, կան նաեւ հատուկ` «Ներկայության», «Ապրիք», «Տիպար աշակերտի» մրցանակներ:

Խրիմյան ճեմարանը հանդիսությունների եւ տոնակատարությունների ճոխ ավանդույթներ ունիՙ Վերամուտի, Ճրագալույցի, Թարգմանչաց տոնի, ուսուցողական շրջապտույտների (թանգարաններ, պատմական հնավայրեր), ազգային, եկեղեցական տոների առիթով ձեռնարկների, արվեստի երեկոների: Մեծ ուշադրություն է դարձվում ուսանողների պատշաճ պահվածքին, արտաքինին, հասարակության մեջ նրանց ապրելու ու գործելու կերպին, նրանց բարեսիրությանը, կամավորական աշխատանքներին վարժեցնելուն:

Ճեմարանի տարեվերջյան հանդիսությունը կատարվում է Ազգադրոշմի արարողությամբ եւ հաստատագրերի հանձնումով: Ազգադրոշմը յուրահատուկ ձեռնարկ է, կատարվում է եկեղեցումՙ հոգեւորականների մասնակցությամբ, երաժշտության ուղեկցությամբ: Ա շրջանի ուսանողները, որոնց կոչում են ազգասան-ազգասանուհիներ, ընտրում են իրենց ազգահորն ու ազգամորը: Նրանք իրենց սաների ուսերին գցում են հատուկ ուսնոցներՙ որպես հիշեցում հայ ազգի նկատմամբ իրենց ունեցած պարտականությունների: Ազգահայր-ազգամայրը ստանում են առաջնորդ սրբազան հոր շնորհավորագիր-վկայականը, իսկ սաներըՙ ոսկի մանյակ, «Ազգանշան» անունով. դա Հայաստանի քարտեզն էՙ Ս. Էջմիածնի տեղումՙ խաչ: Ստանում են նաեւ վկայագիր եւ փոխադրվում հաջորդՙ ավարտական փուլ: Իսկ վերջին դասարանի ուսանողները ստանում են հաստատագիրՙ տրված Ամերիկյան համալսարաններից: Այս հաստատագիրը իրենց ուսանած համալսարաններում նրանց վարկանիշ ստանալու հնարավորություն է տալիս:

Ճեմարանի գլխավոր նպատակը արձանագրված-ամփոփված է կանոնադրություն-ծրագրում` պատրաստել քաղաքակիրթ, կամային, բարոյական սկզբունքներով, օրինապահ ու բարեպաշտ անհատներ, որոնք գիտակից են ազգային արժեքներին եւ պատրաստ են պահպանելու ազգային նկարագիրը, կարող օգտակար լինելու ազգային կառույցներին օգտակար լինելու կարողությամբ: Տնօրենությունը ուսանողներին վերաբերվում է որպես ղեկավարներիՙ նրանց հորդորելով ճեմարանական կրթությունը, ստացած գիտելիքները գործադրել եւ տարածել հասարակական շրջանակներում:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4