Դրանք կունենան աննախադեպ պայմաններ
«Արդշինինվեստբանկի» պարտատոմսերի թողարկման կապակցությամբ երեկ տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ բանկի վարչության նախագահ Արամ Անդրեասյանը նշեց, որ այսՙ առաջին թողարկումն ունի աննախադեպ պայմաններ: Մասնավորապես, պարտատոմսերի ընդհանուր ծավալը 1,5 մլրդ դրամ է: Դրանք շրջանառության ամբողջ ընթացքում ենթակա են հետգնման` յուրաքանչյուր օրվա համար «Արդշինինվեստբանկի» նախապես սահմանած գնով: Ֆիզիկական անձանց ներդրումները «Արդշինինվեստբանկի» պարտատոմսերում համարվում են բանկային ավանդ եւ երաշխավորվում են ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: Բաժանորդագրությանը կարող են մասնակցել բոլորը` ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ, ֆիզիկական եւ իրավաբանական անձինք: 1 պարտատոմսի անվանական արժեքը 10 հազար դրամ է, շրջանառության ժամկետըՙ 12 ամիս, թողարկման ընդհանուր քանակըՙ 150 հազար հատ, եւ վերջապես, տարեկան եկամտաբերությունըՙ 10 տոկոս:
«Արդշինինվեստբանկի» վարչության նախագահի տեղակալ Սերգեյ Վիրաբյանը հայտնեց, որ պարտատոմսերի բաժանորդագրության սկիզբը 2008-ի նոյեմբերի 10 է, տեւողությունը` 25 օրացուցային օր, տեղաբաշխման օրը` դեկտեմբերի 5-ը, մարման օրը` 2009-ի դեկտեմբերի 5-ը: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտները վճարվելու են եռամսյակային պարբերականությամբ: Առաջին վճարումը տեղի կունենա 2009-ի մարտի 5-ին, երկրորդ վճարումը` 2009-ի հունիսի 5-ին, երրորդ վճարումը` 2009-ի սեպտեմբերի 5-ին, չորրորդ վճարումը` (անվանական արժեքի մարում) 2009-ի դեկտեմբերի 5-ին:
Արարողությանը ներկա Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աննախադեպ համարեց միջազգային ֆինանսական ճգնաժամի պայմաններում պարտատոմսերի թողարկումը: Նա նշեց, որ նման գործիքների (պարտատոմսերի) առկայությունը հնարավորություն կտա ներգրավելու ոչ միայն ներքին, այլեւ օտարերկրյա ներդնողներին: ԿԲ նախագահը մեկ անգամ եւս հավաստիացրեց, որ միջազգային ֆինանսական ճգնաժամի պայմաններում Հայաստանը խաղաղ նավահանգիստ է, եւ մեր մակրոտնտեսական ու ֆինանսական ցուցանիշները նկատի ունենալով, խելամիտ մարդիկ պետք է ներդրումներ կատարեն այստեղ:
Ա. Մ.