Երուսաղեմումՙ Տիրոջ գերեզմանի տաճարում տեղի է ունեցել հայ եւ հույն վանականների կռիվ: Ոստիկանությունը միջամտել է ծեծկռտուքի մասնակիցներին բաժանելու համար: «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը հաղորդում է, որ ոստիկանները յուրաքանչյուր կողմից մեկ վանականի են ձերբակալել հարցաքննելու նպատակով:
Հաղորդվում է, որ կռիվն սկսվել է հայ հոգեւորականների ամենամյա տոնակատարություններից մեկի նախապատրաստման կապակցությամբ, որը վերաբերում է 4-րդ դարում կենարար խաչի ձեռքբերմանը:
Ընդունված կարծիքի համաձայն, Տիրոջ գերեզմանի տաճարը կառուցված է այն վայրում, որտեղ Քրիստոսը խաչվել եւ թաղվել, իսկ հետո հարություն է առել:
Տաճարը բաժանված է քրիստոնեական եկեղեցու վեցՙ հույն ուղղափառ, կաթոլիկ, հայ առաքելական, ղպտիական, ասորական եւ եթովպական ճյուղերի միջեւ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր բաժինները եւ աղոթքի ժամերը: Հոգեւորականները երբեմն վեճի են բռնվում եւ ծեծկռտուք սկսում, որին միջամտում է Իսրայելի ոստիկանությունը: Հայ եւ հույն հոգեւորականների նախորդ բախումն այս տարի տեղի էր ունեցել Ծաղկազարդի տոնի ժամանակ:
Պ. Ք.