ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ
Փոխզիջման քաղաքական հասկացությունը չպետք է տեղադրել «Տարածքների վերադարձ` հավասար է անկախության ճանաչում» բանաձեւի մեջ: Այդ բանաձեւն անհեռանկար է, իսկ այդպիսի մոտեցումը` ընդամենը առեւտրային հոգեբանության տեսակ: Պետք է խնդիրը առաջադրել այն իրողության մեկնակետից, որ վերջին երկու տասնամյակում Ադրբեջանը շրջափակել է ԼՂՀ-ն` զրկելով նրան կենսատար ճանապարհներից, այդ ընթացքում նաեւ Ղարաբաղի ֆիզիկական ոչնչացման փորձեր ձեռնարկելով: Հակամարտության իմաստն Ադրբեջանից Ղարաբաղի անջատվելու մեջ է, եւ եթե հիմնախնդրի միջուկը դուրս է մղվում քննարկումներից, ապա անիմաստ է որեւէ զիջման մասին խոսելը:
ԼՂՀ շուրջը ստեղծված անվտանգության գոտին պահպանելը միայն ներկա իրավիճակում չէ օրակարգային, այն հրատապ է լինելու նաեւ հետագայում, որովհետեւ ուզենք-չուզենք` Ղարաբաղը դեռ կռվախնձոր է մնալու տարածաշրջանային հավակնություններում:
Երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն օգոստոսյան դեպքերից հետո պնդում էր, թե օս-աբխազական լուծումը չի կարող նախադեպ դառնալ Ղարաբաղի համար, նրա ասածը երկակի չափանիշների մեջ էինք տեսնում: Առավել պրագմատիկ մոտենալով հայտարարությանը` ակնհայտ է դառնում, որ ճանաչելով օսերի ու աբխազների ինքնիշխանությունը` Ռուսաստանը դրանով իսկ ուղղել է խորհրդային հին սխալը. նա հեռացող Վրաստանից պարզապես հետ է վերցրել իր նախկին պրեֆեկտները: Արեւմուտքն այս իրողությունների իրավունակությունը կճանաչի, թե` ոչ, որեւէ նշանակություն չունի, կգա մի պահ, երբ պատմական խմբագրումներն ընդունելի փաստ կդառնան: Իզուր չէ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն իր տարեկան ուղերձում վերաշեշտել Կովկասից չնահանջելու վճռականությունը: Գծվում են սահմաններ, որտեղ Ռուսաստանն ուրվագծում է գերտերության նոր միջնաբերդերը:
Ղարաբաղը նույնպես միջնաբերդ դարձնելու փորձ գուցե արվի, բայց ոչ անեքսավորված ճանաչման միջոցով: Կովկասի տնօրինման ռուսական ծրագիրը խորհրդային ծրարով համապարփակ իրականացնել հնարավոր չէ, կամ հնարավոր է միայն Արեւմուտքի հետ ուղղակի առճակատման միջոցով, ինչից Ռուսաստանը երեւի կխուսափի: Ի՞նչ է նախատեսում «հարավային» ծրագիրը` որոշակի պատկերացում է տալիս թերեւս դարձյալ Մայնդորֆ ամրոցում եռակողմ ստորագրված հռչակագիրը: Անգամ իսկ տեղն ու վայրը առանձնակի նշանակությամբ են ընտրված: Ամրոցային պայմանագիրն այլ սիմվոլիկայով դժվար է գնահատել, ու եթե նույնիսկ պայմանագրում նշված է խաղաղ բանակցությունների նախընտրությունը, միեւնույն է, հոգեմաշ բանակցությունների արդյունքը կարող է լինել շեշտակի լուծումը: Պետք չէ այլ ենթատեքստեր պեղել, կտրուկ լուծումը` կայծակնային պատերազմն է, որը կարելի է համարել 21-րդ դարի պատերազմների` տարբեր հակամարտություններում ապրոբացված մեթոդը: Գլոբալ տրանսֆորմացումներից խուսափելու առումով այդպես ավելի հարմար է. նախՙ ակնթարթային ռազմագործողությամբ կտրել գորդյան հանգույցը, այնուհետեւ զբաղվել դրա քաղաքական արդյունքները սրբագրելով:
Այս հաշվարկով, եթե Ադրբեջանին հանկարծ հաջողվի բլից-կրիգով նեղացնել Ղարաբաղի անվտանգության գոտին կազմող սահմանները, ապա նրա համար անկարեւոր կլինի միջազգային հանրության կարծիքը: Ամենախիստ դեպքում` նրան կմեղադրեն նախնական պայմանավորվածությունները խախտելու մեջ, սակայն միջնորդ երկրները պատժիչ քայլ չեն ձեռնարկի: Ընդհակառակը, նրանք կօգտագործեն պատեհ առիթը տարածաշրջան խաղաղարար զորք մտցնելու համար, իսկ դա արդեն այլ նպատակ է:
Այս տեսլականում Ադրբեջանը հույսեր փայփայելու տեղ ունի, որովհետեւ հակամարտության հնացումը, ինչը նույն ստատուս քվոյի տեւական պահպանումն է, նրա օգտին չէ: Եթե գա մի պահ, երբ տարածաշրջանն այլեւս դադարի գերտերությունների համար հետաքրքրություն ներկայացնելուց, ու ղարաբաղյան հիմնախնդիրն էլ լուծված չլինի` նրան այլ բան չի մնա անելու, քան Ղարաբաղից վերջնականորեն հրաժարվելը: Հարեւան երկրում դա լավ են հասկանում: Պատերազմ սկսելու համար, կարծես թե, էականը ոչ այնքան ռազմական ուժն է, որքան մեծ տերությունից թույլտվություն ունենալը: Իսկ ինչո՞ւ բացառենք, որ դա Ադրբեջանին երբեւէ կտրվի:
Ասենք ավելին` բլից-կրիգով, թե զիջմամբ, Լեռնային Ղարաբաղի տարածքին ավելի սերտ մոտենալու դեպքում Ադրբեջանը կշահի, քանզի շփման գիծն արդեն իր տարածքային անձեռնմխելիության սահմաններում է լինելու: Դրանից հետո նա կարող է համաձայնել բոլոր մակարդակներով բանակցությունների, որը կարգավորման այսօրվա տրամաբանությամբ չի դիտարկվի: Ղարաբաղյան հիմնախնդիրն, այսպիսով, կհայտնվի մի այնպիսի վիճակում, երբ կնվազի բանակցություններին Հայաստանի մասնակցության նշանակությունը, իսկ ԼՂՀ ներգրավումը կդառնա ձեւական:
Եթե զարգացումներն այս ծիրով ընթանան, ո՞վ կարող է երաշխավորել, որ բուն Ղարաբաղում խուճապային տրամադրություն չի առաջանա` դրանից ածանցվող անցանկալի հետեւանքներով: Ի դեպ, դրա որոշ նախանշաններ արդեն հիմա կան, հատկապես անվտանգության գոտու բնակավայրերում: Թերեւս նաեւ նման մտավախությունները ցրելու նպատակով օրերս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կառավարության պատասխանատուների ուղեկցությամբ երկօրյա շրջագայություն է կատարել Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններ: Հանրապետության ղեկավարը վերստին հղում անելով երկրի սահմանադրությանը, որում անվտանգության գոտու կարեւորությունն ընդգծված է իր նշանակության ողջ համալիրի մեջ, տեղի բնակիչներին հավաստիացրել է, որ դրանք ԼՂՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեն: Բակո Սահակյանը անձամբ շփվելով հիմնականում Ադրբեջանից բռնագաղթած տեղաբնակների հետ, մոտիկից ծանոթացել է սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ խոստացել կարճ ժամանակում լուծել վերոհիշյալ շրջանների կենսական խնդիրները` կապված էներգետիկ, ճանապարհաշինարարական, գյուղատնտեսական եւ այլ ոլորտների հետ: Ազատագրված տարածքներ հասկացությունից պետք է ձերբազատվել, դա 90-ականների սկզբների տերմինաբանություն է, մենք ունենք սահմանադրությամբ որակված շրջաններ, նկատել է տվել ԼՂՀ նախագահը:
Գալիս ենք նույն եզրահանգման` ոչ թե պետք է մտածել տարածքների զիջման, այլ դրանց ամրապնդման մասին: