Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց «Արմպրոդէքսպո-2008» 8-րդ գյուղատնտեսական ապրանքների միջազգային ցուցահանդես, որտեղ ներկայացված են հայկական եւ արտասահմանյան 60-ից ավելի գյուղմթերքների վերամշակման, սննդի եւ խմիչքի բնագավառի խոշոր ընկերությունների արտադրանքներ: Նախագահը գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանի հետ շրջեց ցուցահանդեսում եւ ծանոթացավ ներկայացված ապրանքատեսակներին:
Մոտ 2 ժամ շրջելով ներկայացված բոլոր ընկերությունների տաղավարներով, Սերժ Սարգսյանը հայտնեց իր տպավորությունները, նշելով, որ դրանք դրական, բայց երկակի են: «Բանն այն է, որ տեսնելով մեր բերք ու բարիքի, վերամշակվող մթերքի որակը` ուրախանում ենք, մյուս կողմից էլ հարց է առաջանում, թե այսպիսի որակը ինչո՞ւ աշխարհում տարածում չի գտնում, եւ մենք որպես պետություն ամեն ինչ պետք է անենք, որպեսզի օգնենք մեր արտադրողներին` իրենց մթերքը իրացնելու աշխարհի տարբեր անկյուններում», ասաց նախագահը:
Հանրապետության նախագահն ասաց, որ հարկավոր է ստեղծել նոր «բրենդներ», ինչպես ողջ աշխարհում ճանաչում են հայկական ծիրանը եւ հայկական կոնյակը: Նրա խոսքով, պետք է ամեն ինչ անել, որ ճանաչվեն նաեւ հայկական թթուն, այծի եւ ոչխարի պանիրները: «Վերջերս Արարատի մարզ էի այցելել, այնտեղ վերամշակողների հետ պայմանավորվեցինք, որ բերքի մթերման հարցում պետությունը եւ վերամշակողը պետք է լինեն գյուղացու կողքին, իսկ իրացման փուլում, իհարկե, պետությունը պետք է միշտ օժանդակի վերամշակողին», նշեց Սերժ Սարգսյանը:
Ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին, ցուցահանդեսի ներկայացուցիչների հիմնական նպատակը մեկ անգամ եւս սպառողին ներկայանալն է:
Կազմակերպիչներ են «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամը եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:
Այս տարի ցուցահանդեսում կազմակերպվելու է ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային ըմպելիքների համտես մրցույթ, որի արդյունքները կամփոփվեն ցուցահանդեսի փակման օրը` նոյեմբերի 14-ին:
Արտերկրից հիմնականում ներկայացված են Անգլիայի, Գերմանիայի, Բելառուսի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի մոտ 10 ընկերությունների արտադրանքներ, իսկ Հայաստանից` 50 ընկերության արտադրանքներ:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ