«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2008-11-11 | #209, 2008-11-12 | #210, 2008-11-13


ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԻՋՈ՞Ց

Ինչպե՞ս առեւտրայնացնել գիտությունը եւ ինչպե՞ս ապահովել գիտություն-տնտեսություն կապը. հարցերը ոչ միայն գիտնականների, այլեւ գործարարների ուշադրության կենտրոնում էին, դեռ ավելին, նրանք հանդիպել էին` միասին քննարկելու խնդիրները: Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը գիտնականներին տեղեկացրեց, որ երկշաբաթյա ժամկետում միությունը միասնական առաջարկներ պետք է ներկայացնի կառավարության ղեկավարին: «Կառավարությունը կարեւորում է գիտություն-տնտեսություն կապը: Այսօր, սակայն, մեր իրականությունում այդ ոլորտները փոխկապակցված չեն աշխատում», ասաց Արսեն Ղազարյանը:

Հայաստանի գիտության պետական կոմիտեի նախագահը համոզված է. գիտական լուրջ ներուժ երկրում առկա է: Խնդիրները բազմաթիվ են գիտության բոլոր ճյուղերում: «Գիտական հիմնարկների թիվը Խ. Միության տարիների համեմատությամբ բնավ չի նվազել: Այսօր ունենք 130 գիտական հիմնարկ, որոնք ֆինանսավորվում են պետական միջոցներով: Սակայն ունենալով մեծ քանակությամբ գիտական կենտրոններ, քայլեր չեն ձեռնարկվում դրանք օպտիմալ օգտագործելու համար: Այդ ինստիտուտների մեծ մասը հիմնադրվել են Խ. Միության տարիներին եւ նպատակ ունեին լուծել այդ երկրի խնդիրները: Հայաստանի Հանրապետության առջեւ կանգնած խնդիրներն այսօր այլ են, եւ գիտական հիմնարկների մի մասի գործունեությունն ու ֆինանսավորումն այլեւս նպատակահարմար չեն», նշեց ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը : Գիտության առջեւ ծառացած խնդիրներից մեկն էլ տնտեսության զարգացմանը նպաստելն է: Այդ նպատակով եւ այդ հիմնավորմամբ կոմիտեն մշակում եւ հաջորդ տարի կառավարության հաստատմանն է ներկայացնելու առաջիկա 15 տարիների ընթացքում գիտության զարգացման ռազմավարական ծրագիրը: Նախաձեռնել են նաեւ փոփոխությունների փաթեթ գիտության օրենքում:

Եթե գիտական հիմնարկների թիվը չի նվազել, ապա Խ. Միության տարիների համեմատությամբ կտրուկ անկում են ապրել ֆինանսավորման ծավալները: 2008 թվականին գիտությանը հատկացվել էր ավելի քան 6 մլրդ դրամ, իսկ 2009-ին նախատեսվում է տրամադրել 8 մլրդ դրամից էլ ավելի գումար: Գումարների 45 տոկոսը տրամադրվում է ակադեմիական հիմնարկներին, 15 տոկոսը` բուհական համակարգին, իսկ մնացած դրամը հատկացվում է ճյուղային ինստիտուտներին: «Ֆինանսավորման այն տարբերակը, որ գործում է Հայաստանում, արդյունավետ չէ: Ֆինանսավորվում է գիտնականը եւ ոչ թե գիտական արժեքը: Կարծում եմ, որ մոտ ապագայում հարկ կլինի անցնել ֆինանսավորման գրանտային տարբերակին: Պետական միջոցների սահմանափակությունը պայմանավորված է նաեւ այդ հանգամանքով: Ֆինանսավորման արժանի ծրագրեր քիչ են ներկայացվում», ընդգծեց Սամվել Հարությունյանը:

Գիտության պետական կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն, Հայաստանում տարեկան ստեղծվում է 4000 գիտական աշխատություն, որոնցից 1200 ներկայացվում են միջազգային հեղինակավոր ամսագրերում: Հայաստանը ԱՊՀ երկրների ցանկում առաջատարներից մեկն է գրանտային միջազգային ծրագրերի թվով: Տարեկան իրականացվում են շուրջ 7 մլն դոլարի գրանտային ծրագրեր: «Իրավիճակն անմխիթար է նյութատեխնիկական բազայում: Դրանք 25-30 տարվա հնության են: Ի տարբերություն տեսականի, քիչ են էքսպերիմենտալ աշխատանքները», ասաց Սամվել Հարությունյանը: Միաժամանակ սրությամբ կանգնած է սերնդափոխության հարցը: Գիտությունների թեկնածուների միջին տարիքը 52 է, դոկտորներինը` 63: Հանրապետությունում աշխատում է 7500 գիտնական: Նրանց մեջ փոքր թիվ են կազմում 25-45 տարեկան գիտնականները: Եվ սա այն պարագայում, երբ տարեկան գրվում են շուրջ 500 թեկնածուականներ եւ դոկտորական աշխատություններ, իսկ ասպիրանտուրա ընդունվողների գերակշիռ մեծամասնությունը արական սեռի ներկայացուցիչներն են: «Ավարտելուց հետո նրանցից քչերն են զբաղվում գիտությամբ: Այսօր, ցավոք, ասպիրանտուրան դարձել է բանակից ազատվելու միջոց», վստահ է Սամվել Հարությունյանը:

Գործարարները եւս բողոքում են. գիտնականները հաճախ չեն ներկայացնում ֆինանսավորման արժանի ծրագրեր: «Ինձ մի գիտնական էր դիմել եւ իր գյուտը ներկայացրել որպես նորարարություն: Սակայն հետո պարզվեց, որ Ֆրանսիայում այդ միջոցից օգտվում են արդեն տասը տարի: Բացի այդ, գործարարները պատրաստ չեն ֆինանսավորելու ծրագրեր, որոնց արդյունքները պարզ կլինեն 5 կամ 10 տարի անց: Անհրաժեշտ են կարճաժամկետ եւ արդյունավետ ծրագրեր: Մասնավորը շատ ավելի անվտանգ կզգար իրեն, եթե ռիսկային ներդրումային ծրագրերում որոշակի մասնակցություն ունենար նաեւ պետությունը», ասաց արդյունաբերողների եւ գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը : «Մենեջմենթն իսկապես թույլ հիմքերի վրա է դրված: Շատ հաճախ առաջարկները ֆինանսավորում չեն ստանում պատշաճ ներկայացված չլինելու պատճառով», ասաց գիտության պետական կոմիտեի նախագահը: «Հավաստագրված գյուտ ունեմ, սակայն չեմ կարողանում ներկայացնել եւ վաճառել», նշեց գիտնականներից մեկը: «Մեզ խորհուրդներ մի՛ տվեք, այլ ղեկավարե՛ք», կառավարության ներկայացուցիչներին ու գործարարներին հուշեցին գիտնականները:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4