Ոչ ֆորմալ կրթությունը զարգացման նախապայման ժամանակակից աշխարհում
Ակադեմիական կրթությանը զուգահեռ այսօր երիտասարդները հնարավորություն ունեն մասնակցելու բազմաբնույթ սեմինարների եւ ծրագրերի, որոնք առաջարկում են նոր գիտելիքների ձեռք բերում ու փորձի հարստացում: Ծրագրերը հիմանականում ֆինանսավորվում են Եվրոմիության, Եվրոխորհրդի եւ միջազգային կազմակերպությունների կողմից: Մասնակցելու համար ընդամենը պահանջվում է ցանկություն եւ համբերություն: Ի՞նչ հնարավորություններ են առաջարկում այդ ծրագրերը, ինչպիսի՞ն է հայ երիտասարդների մասնակցությունը; Հարցերին պատասխանում է «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ (FYCA) նախագահ Ատոմ Մխիթարյանը:
- Կրթության ի՞նչ տարբերակ են առաջարկում այսօր իրականացվող ամենատարբեր ծրագրերը:
- Կրթություն ասվածն ունի մի քանի բաղադիչներ: Լայն առումով կրթությունը կարող ենք բաժանել ֆորմալ, ոչ ֆորմալ եւ ինֆորմալ կրթական ձեւերի: Յուրաքանչյուր մարդ կյանքի ընթացքում տեղեկության մեծ մասը կուտակում է ոչ ֆորմալ եւ ինֆորմալ կրթական ձեւերի շնորհիվ: Ֆորմալ կրթությունը բոլորիս ծանոթ համակարգն է. դպրոց, բուհ, ասպիրանտուրա եւ այլն: Ոչ ֆորմալն ենթադրում է հասակակիցների, տարբեր կազմակերպությունների հետ շփման, ուսուցողական եւ փոխանակման ծրագրերի մասնակցության արդյունքում ձեռք բերած գիտելիքները: Իսկ ընտանիքում եւ շրջապատում ստացած տեղեկությունն ու գիտելիքները համարվում են ինֆորմալ կրթության ձեւ: Ինֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթության ձեւերը միշտ էլ առկա են մեր կյանքում, որովհետեւ մենք շարունակ գիտելիքներ ենք կուտակում: Ի տարբերություն ֆորմալի, այստեղ դիպլոմ չեք ստանում: Կրթության այս ձեւերը կարեւոր են մարդկային կապիտալի զարգացման առումով: Ակադեմիական կրթություն ստանալուց հետո հաճախ ես հասկանում, որ գիտելիքներդ բավարար չեն աշխատանքիդ համար: Տարածված երեւույթ է, երբ համալսարաններն ավարտած երիտասարդները չեն կարողանում աշխատանք գտնել, նրանց պակասում են կազմակերպչական ու հաղորդակցական հմտությունները: Ոչ ֆորմալ կրթությունը երիտասարդներին հնարավորություն է տալիս ձեռք բերել ակտիվ քաղաքական դիրքորոշում, սեփական իրավունքների գիտակցություն:
- Որքանո՞վ են միմյանց լրացնում ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթության ձեւերը:
- Եվրոպական բազմաթիվ համալսարաններում այսօր կիրառում են ոչ ֆորմալ կրթության մեթոդները: Սա, իհարկե, ավելի գրավիչ է դարձնում կրթության ձեռք բերման ընթացքը: Դու ուսանում ես, միաժամանակ չկան կաղապարներ: Ոչ Ֆորմալ կրթության ընթացքում կիրառվում են նաեւ ֆորմալ կրթության մեթոդները: Օրինակ, ուսուցողական ծրագրի մի հատված կարող է անցկացվել դասախոսության ձեւաչափով, կարող են հրավիրել փորձագետի, ով կոնկրետ գիտելիքների պաշար կառաջարկի:
- Ո՞րն է առաջարկվող ծրագրերին մասնակցելու առավելությունն ու օգտակարությունը:
- Ոչ ֆորմալ կրթության կարեւորագույն բաղադրիչներից մեկը միջմշակութային ուսուցումն է, ինչը ֆորմալ կրթական համակարգում չկա կամ գրեթե չկա: Արագ փոփոխվող աշխարհում այսօր շատ կարեւոր է շփումը, այլ մշակույթներին ծանոթանալը:
- «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ սեփական ծրագրերը կազմելիս որքանո՞վ է օգտվում ոչ ֆորմալ կրթության մեթոդից:
- Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) շեշտը դնում է ոչ ֆորմալ կրթական համակարգի վրա: Երիտասարդների ուսուցումն այս մեթոդի միջոցով, նրանցից հմուտ, բազմակողմանի զարգացած, ակտիվ որոշումներ ընդունող ու ազդեցություն ունեցող քաղաքացու կերտումը մեր կազամակերպության նպատակներից է: FYCA-ն հիմնադրվել է 1999 թվականին եւ այս տարիների ընթացքում հարյուրավոր երիտասարդներ մասնակցել են ամենատարբեր ծրագրերի եվրոպական բազմաթիվ երկրներում: Հայաստանում գործում են երիտասարդական մի շարք կազմակերպություններ, որոնք եւս երիտասարդներին գործուղում են տարբեր երկրներ` մասնակցելու սեմինարների, փոխանակման ծրագրերի:
- Շոշափելի արդյունք այսօր տեսնո՞ւմ եք:
- Արդյունքն այն է, որ երիտասարդությունն առավել հանդուրժող է դարձել: Ունենք գիտակից, իր նպատակների իրականացմանը ձգտող երիտասարդության մի լայն հատված: Այսօր մեր կազմակերպությունում գործում են երիտասարդներ, ովքեր միջազգային երիտասարդական շարժման ակտիվ մասնակիցներ են եւ իրենց որոշումներով ազդում են նրանց քաղաքականությանը: Կան երիտասարդներ, ովքեր բազմաթիվ ծրագրերին մասնակցելու արդյունքում ձեռք բերած գիտելիքների շնորհիվ իրենք են արդեն դարձել ուսուցանողներ` օգտագործելով ոչ ֆորմալ կրթության մեթոդները:
- Ինչպիսի՞ն է հայ երիտասարդների հետաքրքրությունն ու իրազեկությունն առաջարկվող հնարավորությունների նկատմամբ:
- Գնալով մեծանում է հետաքրքրությունը, սակայն մասշտաբները դեռեւս այն չեն: Ցավոք երիտասարդներից շատերը դեռեւս չգիտեն այս հնարավորությունների մասին: Ոլորտը Հայաստանում նոր է կայանում եւ կայանում է հենց նույն երիտասարդների շնորհիվ: Այստեղ աշխատում են սովորելու միջոցով, որը ոչ ֆորմալ կրթության սկզբունքներից մեկն է:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ