Արտերկրում այսօր շատերն են ձգտում ուսանել, որակյալ կրթությունն էլ դարձել է կապիտալ եւ փայլուն կարիերայի հնարավորություն: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը մի շարք երկրների հետ ունի միջպետական համաձայնագրեր, ինչը հնարավորություն է տալիս ուսանել արտասահմանյան լավագույն համալսարաններում: Ինչպե՞ս է իրականացվում այդ գործընթացը, ի՞նչ ծրագրեր են գործում: Հարցերին պատասխանում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության միջազգային համագործակցության բաժնի պետ Վահե Գրիգորյանը:
- Պետական մակարդակով արտերկրում կրթություն ստանալու ի՞նչ հնարավորություններ ունեն հայ ուսանողները:
- ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը մի շարք երկրների կառավարությունների հետ ունի միջպետական համաձայնագրեր, որոնց շրջանակում Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն է տրվում տարբեր կրթական աստիճանների համար ուսում ստանալ արտերկրում: Նման համաձայնագրեր գործում են Ռուսաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի եւ Չինաստանի հետ: Արդեն տասը տարուց ավելի է, ինչ հայ ուսանողները մեկնում են այս երկրներ սովորելու: Արաբագետների վերապատրաստման նպատակով այս տարի համաձայնագիր է ստորագրվել Սիրիայի հետ: Միջպետական համաձայնագրի շրջանակում Չեխիան եւ Սլովակիան եւս կրթաթոշակներ են տրամադրում: Սովորաբար կրթաթոշակ տրամադրող երկիրն էլ ներկայացնում է մասնագիտությունների ցանկը: Եթե ոչ, ապա մասնագիտության ընտրության առումով որեւէ սահմանափակում չկա եւ դիմորդն ինքն է կատարում իր ընտրությունը:
- Ինչպե՞ս են տրամադրվում կրթաթոշակները:
- Կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ: Հայտարարությունը տեղադրում ենք նախարարության կայքում եւ թերթերում: Այնուհետեւ դիմորդները հանձնում են անհրաժեշտ փաստաթղթերը, որից հետո կազմակերպվում է բուն մրցույթը քննությունների եւ հարցազրույցների միջոցով: Մրցակցությունը, իհարկե, բարձր է: Եթե ուսանողը դիմում է բակալավրիատի համար, ապա մրցույթն իրականացվում է նույն սկզբունքով, որը գործում է հայաստանյան բուհերում: Տարբերությունը կայանում է նրանում, որ հայոց լեզվի փոխարեն դիմորդները հանձնում են օտար լեզվի քննություն: Լավագույնները հնարավորություն են ստանում ստանալ անվճար կրթություն: Իհարկե, քաղաքացին որոշ ծախսեր կատարում է, մասնավորապես հոգում է ճանապարհածախսը, երբեմն նաեւ վճարում հանրակացարանի վարձը: Մեր գործունեությունը չի սահմանափակվում միայն ուսանողներին գործուղելով: Ամեն տարի նրանք մեզ տրամադրում են տեղեկանք տվյալ տարվա կրթական ծրագիրն ավարտելու վերաբերյալ: Տղաներին օգնում ենք տարկետման իրավունքի ձեռքբերման հարցում: Մշտական կապի մեջ ենք նաեւ դեսպանատան աշխատակիցների հետ: Միջպետական համաձայնագրերի շրջանակում վերը նշված երկրների քաղաքացիները կարող են իրենց կրթությունը ստանալ Հայաստանում: Տասից ավելի չին ուսանողներ պետպատվերի շրջանակոմ սովորում են Հայաստանում, հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ սիրիացի երիտասարդները:
- Ե՞րբ է սովորաբար սկսվում է ընդունելության շրջանը:
- Տարբեր երկրներում տարբեր է: Գործընթացը սովորաբար սկսվում է փետրվար- մարտ ամիսներից:
- Ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը միջպետական կրթական համաձայնագրեր չունի Արեւմտյան Եվրոպայի երկրների հետ:
- Հարցը մշտապես էլ կառավարության ուշադրության կենտրոնում է եղել: Պարզապես մինչ օրս թերեւս պահանջարկ չի եղել: Հնարավոր է նաեւ, որ ՀՀ արտգործնախարարությունը քայլեր է ձեռնարկել, սակայն այդ երկրները չեն ցանկացել համագործակցել: Համաձայնագրի կնքումը բավականին բարդ գործընթաց է: Ամեն երկիր ունի իր ներքին օրենսդրությունը , գործընթացը պետք է անցնի դիվանագիտական խողովակներով: Այժմ բանակցություններ են վարվում Կիպրոսի, Հունգարիայի, Խորվաթիայի, Ֆինլանդիայի եւ Լեհաստանի հետ:
- Սակայն փաստ է, որ այսօր բազմաթիվ ուսանողներ սեփական նախաձեռնությամբ սովորում են Արեւմտյան Եվրոպայի լավագույն համալսարաններում: Սա նշանակում է, որ պահանջարկ այնուամենայնիվ կա:
- Այո, բայց նրանք սովորում են վճարովի հիմունքներով: Իսկ մենք տրամադրում ենք անվճար կրթության հնարավորություն:
- Քանի՞ հայ ուսանող է մինչ օրս միջպետական համաձայնագրերով սովորել արտերկրում:
- Տասը տարում շուրջ 500 ուսանողներ են սովորել արտերկրում:
- Ո՞ր մասնագիտություններ են առավելապես հետաքրքրում հայ դիմորդներին:
- Տնտեսագիտությունը, միջազգային հարաբերությունները, իրավագիտությունն ու բժշկագիտությունն այսօր մեծ հետաքրքրություն են վայելում:
- Արտերկրում կրթություն ստանալուց հետո հայ երիտասարդներն արդեն հայրենիքում վայելու՞մ են կառավարության աջակցությունն աշխատանք գտնելու խնդրում:
- Նախ պայմանագրի կետերից մեկը ենթադրում է, որ ուսման ավարտից հետո ուսանողը պարտավոր է վերադառնալ Հայաստան: Ինչ վերաբերում է աշխատանք գտնելուն, ապա մասնավոր սեկտորում պետությունն այսօր ոչինչ չի կարող անել: Իսկ քաղծառայողի հաստիքի համար հայտարարվում է մրցույթ, որին հավասար իրավունքներով մասնակցում են բոլոր ցանկացողները:
- Որքանո՞վ են Հայաստանին այսօր անհրաժեշտ արտերկրում ուսանած մասնագետները:
- Սա հնարավորություն է մեր քաղաքացիների համար ինտեգրվելու այլ երկրների կրթական համակարգին, յուրացնելու ուրիշ մշակույթ եւ փորձ: Զարգացած եւ կրթված սերունդը մեր երկրի լավ ապագայի հիմքն է:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
Նկար 1. Հայդելբերգի համալսարանի գրադարանի մասնաշենքը