«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2008-11-11 | #209, 2008-11-12 | #210, 2008-11-13


«ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ՄԱՍՆԱԳԵՏԸ ԿԱՐՈՂ Է ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ ԱՇԽԱՏԱՆՔ ՉԳՏՆԵԼ»

Մեծ Բրիտանիայի կրթական համակարգը աշխարհում համարվում է լավագույններից մեկը: Հայ երիտասարդներից շատերն են այսօր ձգտում ուսանել հատկապես այս երկրի համալսարաններում: Ինչո՞վ է սա պայմանավորված եւ ի՞նչն է այսքան գրավիչ դարձնում բրիտանական կրթությունը: Հարցերին պատասխանում է Բրիթիշ Քաունսիլի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի եւ ծրագրերի պատասխանատու Մարիամ Մովսիսյանը:


- Հայ երիտասարդներին Մեծ Բրիտանիայում ուսանելու ի՞նչ հնարավորություններ է տրամադրում Բրիթիշ Քաունսիլի հայաստանյան գրասենյակը:

- Բրիթիշ Քաունսիլի հայաստանյան գրասենյակը համակարգում է Չիվնինգ կրթաթոշակն ու Ջոն Սմիթի անվան ծրագիրը: Այս ծրագրերը հնարավորություն են տալիս երիտասարդ մասնագետներին իրենց հմտությունները կատարելագործել Մեծ Բրիտանիայում: Երկու ծրագրերին դիմելու համար հարկավոր է աշխատանքային փորձ, բարձրագույն կրթություն: Երիտասարդ մասնագետ ասելով, մենք հասկանում ենք ոչ թե ուսանող, այլ աշխատանքային ճանապարհին որոշակի քայլեր կատարած եւ ոլորտին տիրապետող անձնավորություն: Ջոն Սմիթի անվան ծրագիրը հիմնվել է Ջոն Սմիթի հիշատակի հիմանդրամի կողմից` հավերժ պահելու նրա հիշատակը, գաղափարախոսությունը եւ տարածած արժեքները: Ջոն Սմիթը հարգանք վայելող քաղաքական գործիչ էր: Մինչ Թոնի Բլեերի վարչապետ դառնալը, մեծ էր հավանականությունը, որ նա կարող էր վարչապետ դառնալ: Ջոն Սմիթի անվան ծրագիրը Հայաստանում իրագործվում է 1998 թվականից: Առ այսօր 30 շրջանավարտ ունենք: Ամեն տարի Հայաստանից մեկնում է 3 մասնակից: Ծրագիրը բաղկացած է 5 շաբաթյա այցելությունից Մեծ Բրիտանիա: Նրանք մասնակցում են դասընթացների, հանդիպումների քաղաքական գործիչների եւ դասախոսների հետ: Ծրագրի 3 շաբաթն էլ տրամադրվում է աշխատանքային փորձ ձեռք բերելուն եւ փորձի փոխանակմանը: Ծրագիրը նախատեսված է 25-35 տարեկան երիտասարդների համար, ովքեր աշխատում են քաղաքական, ԶԼՄ-ների, մարդու իրավունքների բնագավառներում եւ հասարակական ոլորտում:

Չիվնինգ կրթաթոշակը ֆինանսավորում է Մեծ Բրիտանիայի կառավարությունըՙ արտգործնախարարությունը: Այս կրթաթոշակը տրամադրվում է 1983 թվականից: Հայաստանից առաջին ուսանողը մեկնել է 1995 թվականին, յուրաքանչյուր տարի տարբեր քանակով ուսանողներ են մեկնել: Կրթաթոշակը հնարավորություն է տալիս մագիստրոսի կոչում ստանալ Մեծ Բրիտանիայում: Մինչ այդ արդեն իսկ պետք է ունենալ բարձրագույն կրթություն եւ աշխատանքային փորձ:

- Կա՞ արդյոք համագործակցություն Բրիտանական համալսարանների հետ:

- Առանձին որեւէ համալսարանի հետ համագործակցություն չի իրականացվում: Բրիթիշ Քաունսիլի հայաստանյան գրասենյակի միջոցով կարող են դիմել Չիվնինգ կրթաթոշակին, ընդ որում սա այն բացառիկ կրթաթոշակային մրցույթներից է, երբ կարող ես դիմել դեռեւս բուհ չընդունված: Հաջողակ թեկնածուներին հնարավորություն է տրվում ընտրել 3 ուսումնական հաստատություններից մեկը, որտեղ էլ ուղարկվում են դիմորդի փաստաթղթերը: Չիվնինգ ծրագրի շրջանակներում Մեծ Բրիտանիայում արդեն ուսանել է 50-ից ավելի ուսանող: Բրիթիշ Քաունսիլի գրասենյակներն ամբողջ աշխարհում քաղաքացիներին տրամադրում են տեղեկատվություն եւ օգնում խորհրդատվությամբ Մեծ Բրիտանիայում սովորել ցանկացողներին: Բրիթիշ Քաունսիլի հայաստանյան գրասենյակը եւս սիրով բոլոր ցանկացողներին տրամադրում է տեղեկատվություն ու օգնում խորհուրդներով:

- Շատ են երիտասարդները, ովքեր ինքնուրույն դիմում են Մեծ Բրիտանիայի համալսարաններին եւ հաջողությամբ ուսանում այնտեղ: Ինչպե՞ս է իրականացվում այդ գործընթացը:

- Եթե խոսքը գնում է բակալավրի կոչման մասին, ապա ուսանողը դիմում է «Յուկաս» (UCAS) կառույցի միջոցով: Կարելի է դիմել on-line համակարգով, ինչը բավականին դյուրացնում է գործընթացը: Եթե դիմում ես մագիստրոսի եւ ավելի բարձր կոչումների համար, ապա ուսանողը դիմում է ուղիղ բուհ: Այդ մակարդակի համար ընդունելությունն ավելի անհատական է: Որեւէ պարագայում անհրաժեշտ է հանձնել անգլերենի միջազգային որակավորման քննություն (IELTS): Լրացուցիչ տեղեկությունների համար բավականին օգտակար կարող են լինել www.educationuk.org եւ www.britishcouncil.org կայքերը:

- Ինչո՞վ է Մեծ Բրիտանիայի կրթական համակարգը գրավում ուսանողներին:

-Կարծում եմ, առավել գնահատելին ավանդույթն է: Մեծ Բրիտանիայի համալսարաններում մասնագիտական որեւէ դասընթաց հենց այնպես չի ստեղծվում: Յուրաքանչյուր ուսումնական ծրագիր հաստատվում է միայն աշխատատուների պահանջի հիման վրա: Միջազգային ուսանողները ողջունվում են Մեծ Բրիտանիայում: Սա այն հազվագյուտ երկրներից է, որը պաշտոնապես ամրագրել է միջազգային ուսանողների խրախուսման ծրագիրը: Կրթությունն այսօր Մեծ Բրիտանիայում լուրջ եկամտի աղբյուր է, եւ դրա որակին մեծ ուշադրություն է հատկացվում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կրթությունը Միացյալ Թագավորության տնտեսությանն ավելի շատ եկամուտ է բերում, քան մեքենաների կամ սնունդի արտահանումը:

- Որքանո՞վ են Մեծ Բրիտանիայում կրթություն ստացած երիտասարդները պահանջված Հայաստանյան աշխատաշուկայում:

- Եթե եվրոպական երկրներում ուսանողը դեռ ուսումը չավարտված ստանում է աշխատանքի հրավեր, ապա Հայաստանում դեռ իրավիճակը մի քիչ այլ է. Մեծ Բրիտանիայում կրթություն ստացած մասնագետը կարող է երկար ժամանակ աշխատանք չգտնել: Այդ մասնագետի որակավորումը երբեմն, մեղմ ասած, պահանջարկ չի ունենում: Սակայն որոշակի առաջընթաց արդեն իսկ երեւում է: Ի վերջո որակյալ կրթությունը երկար չի կարող պահանջարկ չվայլել:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


Նկար 1. Օքսֆորդի համալսարանը


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4