Հաջողության բանաձեւն ըստ Մարիա Սադոյանի
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարիա Սադոյանի աշխատանքային օրը հագեցած է, հանդիպումները պլանավորված են ամիսներ առաջ: Հասարակությունը նրան հաջողակ լեդի է համարում, սակայն հաջողության գաղտնիքը Մարիան համարում է լեդիների հայրենիքում կրթություն ստանալը:
Ավելի քան մեկ տարի Լոնդոնի Մետրոպոլիտեն համալսարանում Մարիան ուսանել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Միջազգային հարաբերությունների ոլորտում մագիստրոսի կոչում ստանալու համար համալսարանը նրան կրթաթոշակ է տրամադրել, որի արդյունքում հնարավոր է եղել ձեռք բերել թանկարժեք եւ որակյալ կրթություն: Մեծ Բրիտանիայում միայն ֆինանսներ ունենալը կրթություն ստանալու համար բավարար չէ, այս երկրում հարկավոր է նաեւ տքնաջան սովորել: «Մեծ Բրիտանիայի բուհերում խրախուսվում է ինքնուրույն աշխատանքն ու ինդիվիդուալիզմը: Այստեղ մեծ նշանակություն է տրվում սեփական կարծիքն ու մտքերն ունենալուն: Գիտական որեւէ աշխատանք դիտարկելիս մասնագետներն առաջին հերթին ուշադրություն են դարձնում ներկայացնողի անհատական տեսակետին», ասում է Մարիա Սադոյանը:
Մինչ համալսարան ընդունվելը Մարիան աշխատել է լրատվության եւ հասարակական բնագավառներում: Մեծ Բրիտանիայի համալսարաններն ընդունվելու համար աշխատանքային փորձն ու ապագայում սեփական անելիքների հստակ գիտակցությունը կարեւոր նախապայման է: «Ընդունվելիս մասնագետները մեծ ուշադրություն են դարձնում մոտիվացիոն նամակին: Շատ կարեւոր է, թե ինչու ես դու ընտրում հատկապես այդ ֆակուլտետը, ինչ ես պատրաստվում անել ապագայում», նշում է Մարիան:
Անհատապես զարգանալուն նպաստում է ոչ միայն կրթությունը լավագույն համալսարանում, այլեւ աշխարհի հետաքրքրական եւ անսովոր քաղաքներից մեկում ապրելը: «Լոնդոնն իմ այցելած ամենաազատ քաղաքներից մեկն է: Այստեղ կարող ես հանդիպել ամենատարբեր կրոնների եւ ազգությունների: Որեւէ, գուցե մեզ համար տարօրինակ համարվող դրսեւորում, Լոնդոնում հանգիստ է ընդունվում: Այստեղ դու կտրված ես քեզ ծանոթ միջավայրից, ընտանիքից, առօրյայից: Քո առջեւ միայն մեկ նպատակ է դրվածՙ ուսանել», հիշում է նա:
Մարիան համոզված է. մասնագիտության ընտրությունն ու վայրը միանշանակ ճիշտ է եղել: Հայրենիք վերադառնալուց հետո կարողացել է արագորեն աշխատանք գտնել: Մամուլի եւ հասարակայնության հետ աշխատելը նրան դուր է գալիս: Որակյալ կրթություն, աշխատասիրություն եւ հստակ նպատակ: Ժամանակակից երիտասարդի եւ մասնագետի հաջողության այս բանաձեւը Մարիան այսօր առավել քան կենսունակ է համարում:
Ա. Բ.