«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2008-11-12 | #210, 2008-11-13 | #211, 2008-11-14


ՖՐԱՆՍԻԱԿԱՆ «ԳԶԵՐԵՄԻԱՆ» ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ «ՇԱՐԱԿԱՆԸ»ՙ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՄԵՐԳՈՎ

Միջնադարյան երաժշտության տրամադրություններով էր համակված երեկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճի հանդիսականը: Ֆրանսիական «Գզերեմիա» միջնադարյան երաժշտական համույթի երեւանյան հյուրախաղերի երկրորդ համերգը կայացավ այստեղ (առաջինըՙ կամերային երաժշտության տանը, նոյեմբերի 10-ին էր): Կատարողական ցանկում ընդգրկելով միջնադարյան շրջանի երաժշտության նմուշներ, ժամանակաշրջանին հատուկ նվագարաններով ու ազգային տարազովՙ երաժիշտները ստեղծում են համապատասխան մթնոլորտՙ վերականգնելով մոռացության մատնվող շատ արժեքներ:

Համույթի ղեկավար Ռոբեր Ռեսիկոն երաժշտական խմբի հիմնադիրն է, մյուս երկու անդամներըՙ Ֆիլիպ Կուրտըՙ կիթառի, հարմոնիայի եւ երգի, իսկ Ֆրանսուա Ժինեստըՙ դաշնակահար եւ սրնգահար, աշխարհի տարբեր մասերում Կենտրոնական Ասիայից, Աֆրիկայից մինչեւ Միացյալ Նահանգներ ներկայացրել են եվրոպական միջնադարյան երաժշտությունը եւ արժանացել լայն ընդունելության:

Խմբի արվեստը սիրով ընդունեց նաեւ երեւանյան հանդիսատեսը: Երաժիշտները հանդես եկան ազգային տարազով, մինչ կատարումը ներկայացնելով երաժշտության բնույթը, ստեղծման պատմությունը, ժամանակաշրջանը, նկարագրելով գործիքները (օգտագործում են շուրջ 80 նվագարանՙ ուդ, սրինգ, պալտերիոն, շարժական երգեհոն, աղեղնավոր վիելա, փայտյա փողային գործիքներ եւ այլն):

Ֆրանսիացի երաժիշտների կատարմամբ միջնադարյան երաժշտության նրբահունչ, մեղմ ու հանդարտ մեղեդին շարունակեց Դանիել Երաժշտի ղեկավարությամբ «Շարական» հնագույն երաժշտության համույթը: Հնչեց հայ եւ եվրոպական բազմաժանր երաժշտությունՙ Մաշտոց-«Շարական», Գր. Նարեկացի-Տաղ («Հաւուն, հաւուն»), ժողովրդական երգ-«Ուստի՞ կուգաս», Սայաթ-Նովա, Կոմիտաս, ֆրանսիական երգ (XV դ.) «Գեղեցկուհիս, եթե քո հոգին... », Ջոն Դաուլենդ (16-17-րդ դարեր) «Դանիացի արքայի գալիարդան» եւ այլն:

Հայկական եւ Ֆրանսիական խմբերի համերգային համատեղ ելույթն անցավ հրաշալի մթնոլորտում, փոխադարձաբար ջերմ տպավորություններով, Դանիել Երաժշտին հատուկ սրամիտ հումորի ուղեկցությամբ եւ մեկնաբանություններով, նաեւ երաժշտական մի շարք ուշագրավ հրատարակությունների ընծայումովՙ ֆրանսիացի կոլեգաներին:

Ունկնդիրներից մեկն ափսոսանք հայտնեց «Շարականի» մեներգչուհու ձայնի որակային փոփոխության համար, նկատելով նաեւ, որ «հատկապես եվրոպական երգերի կատարումներին ավելի քան անհարիր էր թառի եւ քյամանչայի նվագակցումը»:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4