Բեռնն ու Անկարան վերագտել են երբեմնի բարեկամությունը. դրա մասին է վկայում Շվեյցարիայի դաշնային նախագահ Պասկալ Քուշպենի քառօրյա այցը Թուրքիա, տեղեկացնում է շվեյցարական «Շաֆֆհաուզեր նախրիշթենը»: Դաշնային նախագահը Թուրքիայի նախագահի հետ մասնակցել է Թուրքիայում Շվեյցարիայի առաջին ներկայացուցչության ութսունամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, որի առիթով Շվեյցարիայի նախագահը Թուրքիային է նվիրել այն սեղանը, որի վրա 1923 թվականին կնքվել է Թուրքիայի ներկայիս սահմանները հաստատող Լոզանի պայմանագիրը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը Շվեյցարիայի նախագահը Թուրքիային բնութագրել է իբրեւ ռազմավարական կենտրոնական գործընկերոջ եւ կարծիք հայտնել, թե երկու երկրների միջեւ երկկողմանի անվստահությունը նվազել է:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցինՙ Շվեյցարիայի նախագահն ասել է, թե հարցի մասին պիտի որոշումներ կայացնեն պատմաբանները, ոչ թե քաղաքական գործիչները: Հիշեցնենք, որ Շվեյցարիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ դատարանը պատժել Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք ռասիստներին:
Դաշնային նախագահը բավարար քաջություն չի ունեցել, նախագահի վերոհիշյալ հայտարարությունը սուր քննադատել է Շվեյցարիա-Հայաստան ընկերությունըՙ նկատել տալով, թե ամեն գնով Թուրքիային մերձենալու շվեյցարական կառավարության պատրաստակամությունը վկայում է, որ Բեռնը տնտեսական հետաքրքրությունները վեր է դասում մարդու իրավունքներից:
Շվեյցարիա-Հայաստան ընկերության համանախագահ Սարգիս Շահինյանը վերջերս մեզ իր մտահոգությունն էր հայտնել, որ հայ համայնքի նվիրյալ գործիչների ուժերը բավարար չեն հակահայկական խոշոր արշավին հակազդելու: Բեռնում եւ Ժնեւում 2-ական դեսպան եւ գործունյա աշխատակազմ ունեցող Թուրքիան ու Ադրբեջանը ջանք չեն խնայում, եւ նրանց ամենօրյա տեղեկատվական հեղեղը ողողում է շվեյցարացի քաղաքական գործիչների գրասենյակները, այնինչ պաշտոնական Երեւանը ոչ միայն Շվեյցարիայում, այլեւ եվրոպական մյուս խոշոր կենտրոններումՙ Ֆրանսիայում, Իտալիայում դեռ չի նշանակել իր դեսպաններին:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա