Մանկատների շրջանավարտներին բնակարաններով ապահովելու ծրագրի ստուգման ընթացքում Հայաստանի Վերահսկիչ պալատի հայտնաբերած խախտումները, պարզվում է, նորություն չեն սոցիալական ապահովության նախկին նախարար Աղվան Վարդանյանի համար: Մանկատների շրջանավարտներին պետական աջակցություն նախատեսող ծրագրի շրջանակներում տրամադրվելու էին մեկսենյականոց բնակարաններ, որոնք պետք է լինեին բնակության համար պատրաստի վիճակում եւ չունենային վերանորոգման կարիք: «Ծրագիրը սկսվել է 2002 թվականին, առաջին արդյունքները նկատելի են եղել 2003-ին: Այն իրականացվում էր կառավարության եւ Եվրոհանձնաժողովի հետ համատեղ: Ծրագիրը շատ ավելի համալիր էր, իսկ բնակարաններով ապահովելու համար Եվրոհանձնաժողովը տարեկան տրամադրում էր 10 մլն եվրո. բնակարաններով ապահովելու նախաձեռնությունն այդ ծրագրի մեկ ճյուղն էր միայն, որի համար տարեկան տրամադրվում էր 1 մլն եվրո», ասաց Աղվան Վարդանյանը, որը որոշել էր պարզաբանումներ տալ, քանի որ ծրագրի իրագործումն սկսվել է այն ժամանակ, երբ ինքն էր նախարար: Եվրոհանձնաժողովի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիրն ավարտվել է 2006-ին, այնուհետեւ գումարները տրամադրվել են պետական բյուջեից:
Վերահսկիչ պալատի ստուգումներով 296 մլն դրամ արդեն վերադարձվել է պետական բյուջե «Սոկոլ գրուպ»-ից: Սոցիալական ապահովության նախարարությունը պայմանագիր էր կնքել «Սոկոլ գրուպ»-ի հետ, որպեսզի այդ ընկերությունը բնակարաններ գնի եւ տրամադրի մանկատան շրջանավարտներին: «Մինչ բնակարանը մանկատան սաներին հանձնելը, այդ տարածքը համապատասխան կառույցի` քաղաքապետարանի կամ էլ համայնքապետարանների կողմից ճանաչվել է բնակֆոնդ: Քաղծառայողներն այնտեղ ստուգումներ են իրականացրել: Այն ժամանակ նոր վերանորոգված տանիքից պարզ չէր, որ հետագայում կարող է ջուր կաթել, կամ էլ նկուղը վերանորոգված չի եղել: Այս հարցում մեղավորն այն կառույցն է, որն այդ տարածքը ճանաչել է որպես բնակֆոնդ», ասաց Աղվան Վարդանյանը:
Վերահսկիչ պալատի ներկայացրած հաշվետվությունում նշվում է, որ «Սոկոլ» կազմակերպությունը բնակության համար պիտանի տներ գնելու փոխարեն, 38 քառակուսի մետրի փոխարեն գնել է 25-32 քառակուսի մետր տարածք ունեցող բնակարաններ, որտեղ բացակայել է հատակը, առաստաղը բարակ գիպսային շերտից է եղել, 13 բնակարան ընդհանրապես գտնվել է ոչ բնակելի տարածքում` տեխնիկական հարկերում: «Ծրագիրն իրականացվել է 60 տոկոսով: Իմ տեսակետն այն է, որ ոչ մի գործ անպատիժ չի մնում», նշեց Աղվան Վարդանյանը:
1991 թվականից ի վեր սա առաջին ծրագիրն էր, որով կառավարությունը աջակցում եւ բնակարաններով էր ապահովում մանկատան շրջանավարտներին: 1991-ից մինչեւ 2003 թվականը մանկատան սաները 18 տարին լրանալուց հետո պարզապես հայտնվում էին փողոցում: 1991-2003 թթ. մանկատներն ավարտել են շուրջ 280-ը: Ծրագրի նպատակն էր առաջին հերթին օգնել այդ մարդկանց, որից հետո բնակարաններ էին գնվելու նաեւ 2003-ից հետո մանկատունն ավարտածների համար: 2008 թվականին բնակարաններ գնելու համար միջոցներ պետական բյուջեից հատկացվել էին, ծրագիրը, չիրականացվեց: Վերահսկիչ պալատի նախագահն արդեն առաջարկել է գործն ուղարկել դատախազություն:
Ա. Բ.