Կառավարությունը ելքեր է փնտրում փախստականներին բարեկեցիկ պայմաններով ապահովելու համար
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
Այն, որ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում կարող ես զրկվել ունեցվածքից, սեփական տանն ապրելու իրավունքից, 18 տարի առաջ Ասյա Պողոսյանը պատկերացնել անգամ չէր կարող: Հավատը մեծ էր ոչ միայն Սովետական միության անսասանության, այլեւ ադրբեջանցի հարեւանների հանդեպ: «Ոստիկանները եկան մեր տուն եւ ասացին, որ վերցնենք միայն փաստաթղթերն ու հետեւենք իրենց: Ոչինչ թույլ չտվեցին վերցնել: Ասացին` մի անհանգստացեք, միեւնույն է երեք օրից վերադառնալու եք», հիշեց 75-ամյա Ասյա Պողոսյանը: Երեք օր եւ արդեն 18 տարի Ասյա Պողոսյանը որդու հետ ապրում է Երեւանում փախստականի կարգավիճակով:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության տվյալների համաձայնՙ 1998 թվականին հանրապետությունում բնակվում էր 300.000 փախստական: Ստույգ տվյալներ չկան, փախստականների շրջանում մեծ է արտագաղթողների թիվը:
Ասյա Պողոսյանը Բաքվից Երեւան է փախել ամուսնու, երեք որդու եւ հարսի հետ: Մի քանի տարի անց ամուսինը մահացել է, որդիներից երկուսն էլ ապրում են Ռուսաստանում: «Ընտանիքս ցրվեց», ցավով նշեց նա: Այսօր ապրում է միայն մեկ որդու հետ Նոր Նորքի հանրակացարաններում:
Կառավարությունը 2004 թվականին որոշում ընդունեց փախստականներին բնակարաններով ապահովելու մասին: Միգրացիոն գործակալությունը հաշվառեց այն բոլոր փախստականներին, ովքեր առաջնահերթ պետք է ընդգրկվեին բնակարանների գնման վկայագրերի ծրագրում: «Միայն Երեւանում 1100 առավել կարիքավոր ընտանիք կա: Կան նաեւ կարիքավոր ընտանիքներ, որոնք կամ վարձով են բնակվում, կամ էլ հարազատների տանը: Նրանք այս ծրագրի մեջ ընդգրկված չեն: Կառավարությունը բնակարաններ է հատկացնելու միայն այն ընտանիքներին, ովքեր բնակվում են հանրակացարաններում, դպրոցներում եւ հանրային նշանակության այլ շինություններում: Մարզերում ապրում է առավել կարիքավոր 350 ընտանիք: Մարզերում ապրող 800 ընտանիք կարողացել է ծրագրի շրջանակներում իրեն տրամադրված վկայագրերով բնակարան գնել, մինչդեռ 350-ը` ոչ: Այսօր այդ 350 ընտանիքն էլ է ընդգրկված ծրագրում: 1450 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու համար ամենակոպիտ հաշվարկներով կպահանջվի 15 մլրդ դրամ», ասաց միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը :
Կառավարության որոշումից հետո ծրագիրն առավելապես գործել է մարզերում: Վերջին երեք տարիներին ամենամյա հատկացվող 815 մլն դրամը բավարարում էր միայն մարզերում արդյունավետ աշխատանքի համար: Ամենամեծ գումարը կառավարությունը հատկացրել է 2005 թվականին` 1.3 մլրդ դրամ: «2009 թվականին կրկին նախատեսված է տրամադրել 815 մլն դրամ: Նախնական հայտը ներկայացրել ենք կառավարությանը եւ Ազգային Ժողովի քննարկմանը: Գումարի հաստատումից հետո կսկսվեն աշխատանքները: 2009 թ-ին առաջնահերթությունը տրվելու է Երեւանին: Ընդգրկելու ենք նաեւ Շիրակի, Լոռու, Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերը: Երեւանում խնդիրը լուծելու համար մենք նույնիսկ քննարկում ենք ոչ միայն բնակարանների գնման, այլեւ կառուցման հնարավորությունը: Այսօր բնակարան կառուցելն ավելի էժան է, քան գնելը: Ծրագրի իրագործումից ի վեր մայրաքաղաքում բնակարանով ենք ապահովել շուրջ 70 ընտանիքի», նշեց ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Կառլեն Գեւորգյանը :
Ասյա Պողոսյանին եւս խոստացել են, որ բնակարան կտրամադրեն: «Ասել են, որ տուն են տալու: Չգիտեմ, երբ կտան, սպասում ենք», ասաց Ասյա Պողոսյանը:
Քաղաքաշինության նախարարությունում անգամ չեն էլ կանխատեսում, թե քանի տարի անց հնարավոր կլինի լուծել բոլոր փախստականների բնակապահովման հարցը: Եթե մի քանի տարի առաջ խնդրով զբաղվում էին նաեւ միջազգային կազմակերպությունները, ապա այսօր ողջ ծանրությունը միայն կառավարության ուսերին է: «Տրամադրվող 815 մլն դրամը, իմ կարծիքով, պետք է եռապատկվի: Փախստականների վիճակն, իսկապես ծանր է` սոցիալ կենցաղային դժվարին պայմաններ, բարդ հոգեբանական իրավիճակ: Արդեն 18 տարի է ապրում են ծայրահեղ ծանր վիճակում», նշեց Գագիկ Եգանյանը: «815 մլն դրամն առավելագույնն է, որ կառավարությունը կարողանում է հատկացնել: Մենք ներկայացրել էինք ավելի քան 4 մլրդ դրամի հայտ, սակայն քննարկումների արդյունքում ձեւավորել է վերոնշյալ գումարը», ասաց Կառլեն Գեւորգյանը:
Ասյա Պողոսյանին եւ երկրորդ կարգի հաշմանդամ որդուն տրամադրված հանրակացարանային սենյակի տարածքը բավականացնում է ընդամենը երկու մահճակալի եւ մեկ սեղանի համար: Սակայն չեն դժգոհում, մի քանի տարի առաջ պայմանները շատ ավելի վատթար էին: Սենյակը վերանորոգվել է, առանձին զուգարան է կառուցվել: Ասյա Պողոսյանն ապրում է իր եւ որդու թոշակով, նաեւ «Փարոս» ծրագրից են օգտվում: Ասաց. «Մի կերպ ապրում ենք»:
2009 թվականին քաղաքաշինության նախարարությունում նախատեսում են բնակարանով ապահովել շուրջ 45 առավել կարիքավոր ընտանիքի: