«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2008-11-14 | #212, 2008-11-15 | #213, 2008-11-18


«ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿՆ ԱՅՍՕՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՉԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ»

Երեւանում են ԵԱՀԿ Մինսկի համանախագահները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ասուլիսը կայացավ մի փոքր ուշացումով: Համանախագահներին ընդունել էր նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպումից անմիջապես հետո համանախագահները շտապել էին ԱՄՆ դեսպանատուն, ուր եւ հանդիպեցին լրագրողների հետ:

Առաջինը խոսեց ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ` նշելով, որ այս անգամ իրենք դրական պատգամներ ունեն: «Մենք եզրափակում ենք մեր այցելությունը Բաքու, Ստեփանակերտ եւ Երեւան, որը կառուցողական էր, եւ կարող եմ ասել, նաեւ հաջող»: Լավատեսական նախաբանով հանդերձ, ամերիկացի համանախագահը չշրջանցեց հայկական մամուլում շրջանառվող այն լուրերը, թե իբր պատրաստվում է գաղտնի արձանագրություն, որ Հայաստանը հանձն է առնում որոշակի պարտավորություններ: «Այս լուրերը բացարձակապես ճշմարտությանը չեն համապատասխանում, - հայտարարեց Մեթյու Բրայզան: - Իհարկե, մենք կուզենայինք, որ բանակցությունները լինեին եզրափակիչ փուլում, սակայն այսօր իրավիճակն այդպիսին չէ: Գաղտնի արձանագրություններ չկան եւ չեն կարող լինել: Սակայն կարող եմ ասել, որ Մայնդորֆյան հռչակագրի ստորագրումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների տրամադրությունը նշանակալիորեն փոխվել է դեպի լավը: Երկու նախագահների մեջ միմյանց նկատմամբ աճող հարգանք է ձեւավորվում: Նրանք սկսում են գործընթացին նայել մեկը մյուսի աչքերով: Ռուսաստանի նախագահի հետ համատեղ ստորագրելով Մայնդորֆյան հռչակագիրը` հաստատել են, որ խնդրի լուծման միակ ճանապարհը Մինսկի խմբի միջոցով է եւ առանց ռազմական միջամտության»:

Սակայն հռչակագրի ստորագրումն էլ արգելք չի դարձել, որ ընդամենն օրեր առաջ ադրբեջանցիները կրկին խախտեն հրադադարի ռեժիմը ԼՂՀ հակամարտության գոտում` Ֆիզուլիի մոտ: Ինչպես նշեց Մեթյու Բրայզան, համանախագահողները խորապես անհանգստացած են այս դեպքով: Այս առնչությամբ հակամարտության գոտի կայցելի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ճգնաժամային մոնիտորինգ իրականացնելու: Մոնիտորինգ իրականացնելու թույլտվություն, համանախագահներն արդեն խնդրել են: «Ֆիզուլիում տեղի ունեցածը մեկ անգամ եւս ակնհայտ է դարձնում երկու կողմերի միջեւ վստահության քայլերի անհրաժեշտությունը»,- ասաց Մեթյու Բրայզան,-Խնդրի լուծումը կարող է լինել միայն խաղաղ ճանապարհով: Սա նշված է նաեւ Մայնդորֆյան հռչակագրում: Եվ պետք չէ, որ ինչ-որ սադրիչ քայլերի հետեւանքով զոհվի զինվոր, որը ծառայում է բանակում»:

Մոսկովյան հռչակագիրը շահարկումների առիթ տվեց Ադրբեջանում: Այստեղ անգամ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարեց, որ հռչակագիրը ադրբեջանական երազանքների իրականացումն է: «Այո, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղարի բրիֆինգը եղավ: Նա փորձում էր իր մեկնաբանությունը տալ: Կարծիքները կարող են եւ չհամընկնել: Մենք ունենք հռչակագրի մեր մեկնաբանությունը եւ ելնում ենք նրանից, թե ինչ է ասել նախագահ Ալիեւը: Իսկ մեր վերջին հանդիպման ընթացքում Ալիեւը միայն դրական գնահատական է տվել հռչակագրին: Նա ասաց, որ փաստաթղթի ստորագրումն ապացուցեց, որ կողմերից յուրաքանչյուրն իր դրական կողմն է տեսնում հռչակագրում: Այլ կերպ հնարավոր էլ չէր լինի», ասաց ռուսաստանցի համանախագահող Յուրի Մերզլյակովը :

Ինչ վերաբերում է Բաքվում Մեթյու Բրայզայի կատարած հերթական հայտարարությանը, ըստ որի «հանրաքվեի հարցը կարելի է քննարկել Ադրբեջանի գրավյալ տարածքները ազատելուց եւ այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելուց հետո», ապա ամերիկացի համանախագահողը կրկին հերքեց այդ հայտարարությունը: «Բաքվում ինչի մասին էլ որ խոսենք, մեկնաբանությունները միշտ միակողմանի են: Կապ չունիՙ Ղարաբաղ է, գյուղատնտեսություն, պողպատի արտադրություն, հարցերը ներկայացվում են միակողմանի: Իմ բառերը վերաթարգմանվել են առնվազն երկու անգամ: Այդ հարցազրույցի ժամանակ ես ասել եմ, որ անհրաժեշտ է այնպիսի հավասարակշռված համաձայնություն, որում կողմերը կտեսնեն այն, ինչ ցանկանում են: Ես հղում կատարեցի, թե որո՞նք կարող են լինել այդ ցանկալի կետերը: Սակայն լրագրողները մեկնաբանեցին այնպես, ինչպես իրենք են ցանկանում», ասաց Մեթյու Բրայզան:

Որքանո՞վ են կողմերը պատրաստ փոխզիջումների: Վերջին հանդիպումներից հետո եւ նախագահների հարաբերություններում փոխվստահության աճ արձանագրելով հանդերձ, Մեթյու Բրայզան ասաց, որ նախագահներից որեւէ մեկն այսօր գործընթացը չի դիտարկում զիջումների համատեքստում: «Պարզապես կա հնարավորություն մյուս նախագահի աչքերով դիտարկելու գործընթացը եւ ակնկալել լուծումներ, որոնք համապատասխանում են հասարակության պատկերացումներին», ասաց նա: «Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ապագայում անվտանգ ապրելու հնարավորություն պետք է ունենա: Ներկայումս ԼՂՀ անվտանգության խնդիրը լուծում են ԼՂՀ-ն եւ Հայաստանը: Մենք ձգտում ենք, որ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովվի համակողմանի միջոցառումների շնորհիվ եւ երաշխավորված լինի միջազգային երաշխիքներով, ինչպես նաեւ այս միջոցների նկատմամբ լինի Ադրբեջանի համաձայնությունը», ասաց Բեռնար Ֆասիեն: «Հենց այնպես տարածքներ չեն վերադարձնում: Դրանք լուրջ դեր են Արցախի անվտանգության հարցում: Համապատասխան փոխարինում գտնելու դեպքում, ներառելով նաեւ միջազգային երաշխիքները, այդ տարածքները կարող են վերադարձվել», ասաց Յուրի Մերզլյակովը:

Բանակցային գործընթացը գտնվում է խաղաղության համաձայնագրի ձեւավորման նախնական փուլում: Ֆրանսիացի համանախագահողը հայտարարել է, որ ընդհանուր հարցերում համաձայնություն չկա, սակայն կան ընդհանուր սկզբունքներ: «Համաձայնությունը չի կայանա առանց Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու: Մենք արդեն իսկ որոշակի ինֆորմացիա ունենք Ղարաբաղի դիրքորոշման մասին: Սխալ է այն կարծիքը, թե Ղարաբաղը դուրս է բանակցությունների գործընթացից: Մենք Արցախ չենք այցելում միայն թթի օղու համար: Այնտեղ լուրջ աշխատանք ենք կատարում: Ներկայիս փուլում Ղարաբաղը գործընթացին մասնակցում է այնքան, ինչքան հնարավոր է: Սակայն մի օր թե՛ Ղարաբաղի իշխանությունը, թե՛ ժողովուրդը պետք է հայտնեն իրենց կարծիքը», ասաց Բեռնար Ֆասիեն:

Այժմ համանախագահները աշխատում են դեկտեմբերի 4-ին Հելսինկիում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ: Թե կոնկերտ ե՞րբ տեղի կունենա նոր հանդիպում արդեն նախագահների մակարդակով, համանախագահները դժվարացան նշել: «Այդ ուղղությամբ աշխատում ենք», վստահեցրին նրանք:

Ֆրանսիացի համանախագահը միասնական աշխատանքի հույս ունի նաեւ ԱՄՆ նոր նախագահի պաշտոնավարման ընթացքում: «Մեր եռյակը համերաշխ է եւ միասնական», վստահեցրեց նա` հույս հայտնելով, որ նոր նախագահ Օբաման նոր ամերիկացի համանախագահ չի նշանակի: Մեթյու Բրայզան էլ իր հերթին նշեց. «Կադրային փոփոխությունների մասին խոսելը վաղ է, սակայն կուզեի Օբամայի օրոք շարունակել աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբում»:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4