Հայկական կողմը շարունակում է լռել
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
Վրաստանի հայկական համագործակցության կենտրոնը հաղորդագրություն է տարածել` մեկ անգամ եւս ոչ միայն Վրաստանի, այլեւ Հայաստանի հասարակության ուշադրությունը հրավիրելով Վրաստանում տեղի ունեցած վանդալիզմի հերթական դրսեւորումներին:
Նոյեմբերի 16-ին, տեղական ժամանակով ժամը 13-ի սահմաններում հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցու սպասավորները տեղեկացան, որ Սուրբ Նորաշեն եկեղեցու տարածքում կատարվում է հերթական ոտնձգությունը: Թբիլիսիի հայկական համայնքի ներկայացուցիչներն օրը ցերեկով ականատես եղան, թե ինչպես են պղծվում Թամամշյանների ընտանիքին պատկանող` մեկենասներ Միխայիլ Իվանովիչի եւ Լիդիա Պետրովնայի գերեզմանները: Մեկենասները Նորաշեն եկեղեցու տարածքում են թաղվել ավելի քան 100 տարի առաջ:
Այս անգամ եւս դեպքերի կենտրոնում վրաց պատրիարքարանի ներկայացուցիչ Թարիել Սիկինչելաշվիլին էր: Նրա խոսքերով, վրացի բանվորները տեղաշարժել են քարերը` «գերեզմանաքարերի տակի հողը մաքրելու նպատակով»: Իր իսկ խոսքերով, ինքն այդ քայլին գնացել է «հայկական եկեղեցուն հարող տարածքի բարելավման մասին իր անձնական ծրագրի շրջանակներում»:
Վրաստանի հայկական համագործակցության կենտրոնի ներկայացուցիչները ահազանգել են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: «Նրանց ստիպված էինք երկար բացատրել իրավիճակը, բացատրագիր գրել: Այնպիսի իրադրություն էր ստեղծվել, որ կարծես թե մենք «կեղծ» ահազանգ ենք հնչեցրել եւ պետք է ներողություն խնդրենք դրա համար», գրված է հաղորդագրությունում: Վանդալիզմի վայր են շտապել հայ համայնքի ներկայացուցիչներ եւ նրանց պարտադրանքով հայր Թարիելը ստիպված է եղել գերեզմանաքարերը տեղը դնել: Զուգահեռ Հայ առաքելական եկեղեցու վրացական թեմի ներկայացուցիչները բանակցություններ են վարել վրաց պատրիարքարանի հետ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ սա Թարիել Սիկինչելաշվիլու` քրիստոնյաների գերեզմանները պղծելու առաջին փորձը չէ: 2005 թվականին նրա հրահանգով վրացական գյուղական գերեզմաններից Սուրբ Նորաշեն եկեղեցու բակ են տեղափոխվել եւ տեղադրվել վրացական գերեզմանաքարեր: Այսպիսով, պարզ է դառնում, որ հայկական հոգեւոր մշակույթի վերացումն այստեղ կազմակերպված բնույթ է կրում: Իսկ Նորաշեն եկեղեցու վրացականացման ու պարսպապատման մասին «Ազգ» -ն արդեն ահազանգ հնչեցրել է: Սակայն, կարծես թե ոչինչ չի կարող խանգարել Թարիել Սիկինչելաշվիլուն իր մտադրությունն իրականացնելու համար:
Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն սրբազան Միրզախանյանը, մեկնաբանելով տեղի ունեցած վայրագությունները, նշեց, որ սա հայության հանդեպ վրացական հասարակության ընդհանուր տրամադրության արտացոլումն է: «Թարիել Սիկինչելաշվիլուն հրավիրել են վրաց պատրիարքարան եւ նկատողություն արել: Ասում են, թե նա զղջացել է եւ նշել, որ գերեզմանները պղծել է բարեկարգման նպատակով: Սակայն ակնհայտ է, որ վրաց հոգեւորականությունը գործում է անպատժելիության մթնոլորտում: Վրացական եկեղեցին միշտ էլ ոտնձգություններ է կատարել եւ հայկական տարածքներ յուրացնելու ցանկությունը բավարարված չէ», նշեց վիրահայոց թեմի առաջնորդը: Նա տեղեկացրել է, որ հարցը բազմիցս բարձրացրել են թե՛ Էջմիածնում, թե՛ վրաց պատրիարքի մոտ: «Էջմիածնում պետք է ժողով գումարվի եւ հստակեցվեն այն քայլերը, որ պետք է ձեռնարկվեն ոտնձգությունների դադարեցման ուղղությամբ», ասաց սրբազանը:
Իսկ մինչ ժողովի գումարումը եւ համապատասխան որոշումների ընդունումը, պարզ չէ, թե հերթական անգամ ի՞նչ վայրագություն կնախաձեռնի վրաց հոգեւորական Թարիել Սիկինչելաշվիլին:
Մինչդեռ եթե այստեղ լինեին Երուսաղեմի մեր տղաների ոգին ունեցողներ...