Չհաշված իրացման երեք գոտիներում ճանաչված իրավունքները
Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Արտյոմ Սարգսյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց «Երեւան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի կատարման ընթացքը, որն առնչվում էր մայրաքաղաքի այն բնակիչների սեփականության իրավունքների ճանաչմանը, որոնք երկար տարիներ ապրել են իրենց բնակելիներում, բայց չունեն սեփականության փաստաթղթեր:
Իրավաբանական վարչության պետը նշելով, որ վերոնշյալ քաղաքացիների իրավունքների անհատույց ճանաչումը նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումն է, տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ 1203 քաղաքացու սեփականության իրավունքի ճանաչման որոշում է ընդունել Երեւանի քաղաքապետը: Ընդ որում, այս թվի մեջ ընդգրկված չեն իրացման գոտի ճանաչված Կոնդի 535, Կոզեռնի 110 եւ 33-րդ թաղամասի 165 միավոր գույքի սեփականատեր դարձած բնակիչները: Արտյոմ Սարգսյանն ընդգծեց, որ սեփականության ճանաչումը կատարվում է անվճար: Եթե 300 քմ-ից ավելի զբաղեցրած հողամասի օրինականացման դիմում է լինում, ապա այն օտարվում է կադաստրային արժեքով եւ եթե քաղաքաշինական նորմեր չեն խախտվում: Ներկայումս իրենց իրավունքի ճանաչման համար քաղաքապետարան են դիմել 2500 բնակիչ: Իսկ արդեն սեփականության իրավունքը ճանաչած քաղաքացիներից 350-ը քաղաքապետարան չեն գալիս ստանալու համար իրենց որոշումը, ինչը քաղաքապետարանի պաշտոնյան անհասկանալի համարեց:
Ա. Մ.