ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, Թեհրան
Նոյեմբերի տասնվեցին Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում իր աշխատանքները սկսեց մամուլի միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում էին աշխարհի քսանյոթ երկրների մի քանի տասնյակ լրատվամիջոցներ: Այս միջոցառմանը, որն արդեն տասնհինգերորդն է, առաջին անգամ իրանական կողմի պաշտոնական հրավերով մասնակցում էին նաեւ հայկական երկու օրաթերթեր` «Ազգը» եւ «Հայաստանի Հանրապետությունը»: Թե ինչու էր իրանական կողմը այս թերթերին ընտրել, դժվարանում եմ ասել, թեեւ կարծում եմ, որ այն պայմանավորված է տարածաշրջանային զարգացումների նկատմամբ մեր հատուկ ուշադրությամբ ընդհանրապես եւ հայ-իրանական թեմային նվիրված բազմաթիվ հրապարակումներով մասնավորապես:
Ինչեւէ, անկախ պաշտոնական կողմի շահագրգռվածության պատճառից, սա լավ հնարավորություն էր ինձ համար ծանոթանալու մի երկրի, որի հետ հարաբերությունները իսկապես կարեւոր են Հայաստանի համար, ինչի մասին ես բազմիցս եմ գրել: Թեհրանում գտնվելու առաջին երկու օրերի տպավորությունները միանշանակ չէին, երբեմնՙ իրար հակասող: Նման հակասությունը թերեւս բացատրում է հսկայական այդ միջոցառման կազմակերպման ժամանակ առկա թերություններով եւ հասարակ իրանցիների լավ վերաբերմունքով հյուրերի եւ հատկապես հայկական պատվիրակության նկատմամբ: Սա հատկապես նկատելի դարձավ այն բանից հետո, երբ Թեհրան ժամանած տասնյակ լրագրողներ Իմամ Խոմեյնու անվան «Մեծ Մոսալլայում», որը աղոթատեղի է, որի հսկայական դահլիճը, սակայն, այդ օրերին տրամադրվել էր որպես լրատվամիջոցների ցուցահանդեսի հիմնական վայր, տեղադրեցին իրենց ցուցանմուշները եւ սկսվեց պաշտոնական բացումը:
Իրանցի մի քանի պաշտոնյաների արտասանած ճառերից հետո ցուցահանդեսը հայտարարվեց բացված: Մեզ հատկացված տաղավարը, որն, ի դեպ, հայ լրագրողների համատեղ ուժերով մաս առ մաս հավաքել էինք այդ հսկայական դահլիճի տարբեր մասերից, իսկույն հայտնվեց ցուցահանդես ժամանած հազարավոր իրանցիներից շատերի ուշադրության կենտրոնում: Մենք շատ արագ պարզեցինք, որ թեհրանցիներին հետաքրքրում է ոչ միայն մեր թերթերի պատմությունը, այլեւ առաջին հերթին նրանք կարոտ են տեղեկատվության Հայաստանի մասին, իսկ ցուցահանդեսի բնույթից ելնելով, մենք այդ տիպի տեղեկատվություն պարունակող բուկլետներ չէինք վերցրել: Ստեղծված իրավիճակից, երբ իրանցիները ժամերով հարցեր էին ուղղում իրանագետ Էմմա Բեգիջանյանին, որը լավ է տիրապետում պարսկերենին, մեզ փրկեց «Լափթոփը», որի միջոցով իրանցի նոր ծանոթներին ցույց էինք տալիս Հայաստանը, նրա բնությունը, ճարտարապետական հուշարձանները եւ այլն:
Փաստորեն մենք ոչ թե մեր թերթերի, այլ Հայաստանի ներկայացուցիչների էինք վերածվել եւ հնարավորինս շատ տեղեկատվություն էինք հայտնում հայկական տաղավար այցելած հյուրերին Հայաստանի մասին: Թերեւս ուրախալին այն էր, որ Հայաստանով մանրամասն հետաքրքրվողների ճնշող մեծամասնությունը երիտասարդներ էին, որոնք իմանալով, որ մենք Հայաստանից ենք, իսկույն արտասանում էին` «Բարի գալուստ Իրան», «Իրանցիները եւ հայերը եղբայրներ են», «Իրանը ձեր տունն է, այստեղ զգացեք ինչպես տանը»:
Տաղավարում մեզ համար անծանոթ եւ դժվարին աշխատանքում մենք ունեցանք նաեւ մեր կամավոր օգնականըՙ Շադի անունով երիտասարդ գեղեցկուհի, որը ցուցահանդեսի օրերին օգնում էր կազմակերպիչներին: Նա սկսեց ակտիվ կերպով օգնել նաեւ մեզ, միաժամանակ հետաքրքրվելով Հայաստանով, թեեւ նրա հարեւանը հայ է, ինչպես ինքը պատմեց, սակայն Հայաստանի մասին քիչ բան գիտի: Շադին, որի անունը թարգմանաբար ուրախություն է նշանակում, Թեհրանի համալսարանի մագիստրատուրայում է սովորում, որտեղ ուսումնասիրում եւ կատարելագործում է իր ռուսերենը: Ինչեւէ, ցուցահանդեսային առաջին օրն առանց այդ ուրախության բավականին տաղտկալի կլիներ: Իսկ ցուցահանդեսը դեռ հինգ օր էլ տեւելու է, եւ եթե այդ հսկայական դահլիճում շարունակի այդքան ցուրտ լինել, դիմանալը դժվար կլինի, չնայած հասարակ իրանցիների ջերմությանը:
Նկար 1. Իրանական «Ուրախությունը»ՙ «Ազգը» ձեռքին: