Մոտենում է 1988-ի երկրաշարժի 20-ամյակը: Ե՛վ մեր թերթում, ե՛ւ այլ պարբերականներում տպագրվում են հոդվածներ, որոնց հեղինակները նկարագրում են հետերկրաշարժյան իրադարձությունները, փորձում հիշատակել մարդկանց անուններ, ովքեր այդ ծանր ժամանակներում, ամենքն իրենց չափով, որոշակի դեր են խաղացել իրավիճակը շտկելու գործում: (Իհարկե, կան մարդիկ, ովքեր իրավացիորեն հարց են տալիսՙ բա մե՞նք):
Հիշատակվում են նաեւ միջազգային այն կազմակերպությունների, արտասահմանցի բարերարների անունները, որոնք օգնության ձեռք մեկնեցին մեր ժողովրդինՙ ե՛ւ աղետի գոտու վերականգնման առումով, ե՛ւ սննդամթերքով, բուժսարքավորումներով ու առաջին օգնության տարբեր պարագաներով բեռներ հասցնելով Հայաստան:
Մոռացության ու անտարբերության է մատնված մի շատ կարեւոր իրողություն. հայաստանյան բարեգործական կազմակերպությունները եւս զգալի քանակով հումանիտար օգնություն են հասցրել աղետի գոտի եւ Արցախ` չմոռանալով, որ այդ ժամանակահատվածում մեր երկիրը պատերազմի մեջ էր Ադրբեջանի հետ:
Հիշյալ կազմակերպություններից մեկն էլ Վանաձորի «Ինտերկապ» բարեգործական կենտրոնն է, որն ավելի քան մեկուկես տասնամյակ, օգտագործելով արտասահմանում անձնական կապերը, սեփական միջոցներով Եվրոպայից մարդասիրական օգնություն է հասցրել Հայաստանՙ տրամադրելով ե՛ւ աղետի գոտու բնակչությանը, ե՛ւ Արցախին: Այդ տարիներին հազարավոր տոննաներով սննդամթերք, դեղորայք, հագուստ են բաշխվել մեր բնակչությանը: Շրջափակման մեջ գտնվող երկրի համար պակաս կարեւոր չէին թանկարժեք բուժսարքավորումները, որոնք նվիրաբերվել են Վանաձորի, աղետի գոտու մյուս քաղաքների, Արցախի բուժհիմնարկներին:
Այս ամենի մասին մեր թերթում եւ հանրապետական ու արտասահմանյան մամուլում հրապարակումներն այսօր հսկայական մի հատոր կկազմեն: Այդ իսկ պատճառով հարկ չենք համարում անդրադառնալ մանրամասներին: Վանաձորում երեւի թե քիչ են այն ընտանիքները, որոնք այս կամ այն չափով չեն օգտվել «Ինտերկապի» բարեգործությունից:
Բերված օրինակն, անկասկած, միակը չէ: Եղել են նաեւ այլ բարեգործական կազմակերպություններ, որոնցից յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում օգնել է աղետի գոտու բնակչությանը:
Երկրաշարժի 20-ամյա տարելիցը հարմար առիթ էՙ յուրաքանչյուրին գնահատելու ըստ արժանվույն:
Եվ ամենակարեւորըՙ այս ամենը, մեր կարծիքով, պետք է արվի պետական մակարդակով:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր