«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2008-11-14 | #212, 2008-11-15 | #213, 2008-11-18


ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐՆ ԵՆ

Դրեզդենում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայում աստիճանաբար պայքարի լարվածությունն աճում է, քանի որ առաջատարները սկսում են մրցել միմյանց հետ: Այս առումով Հայաստանի տղամարդկանց հավաքականի բախտն առայժմ բերում է: 3-րդ տուրում մեր շախմատիստները հանդիպեցին Ֆարերների թիմի հետ ու ջախջախիչ հաղթանակ տոնեցինՙ 4-0: Այդ մրցավեճում առաջին խաղատախտակի վրա Լեւոն Արոնյանին փոխարինած Վլադիմիր Հակոբյանը հաղթեց Դամ Զիսկային, Գաբրիել Սարգսյանը պարտության մատնեց Հեյնի Օլսենին, իսկ Տիգրան Պետրոսյանն առավելության հասավ Ջոն Ռոդգարդի նկատմամբ: Իր առաջին ելույթն օլիմպիադայում հաղթանակով նշեց Արտաշես Մինասյանըՙ պարտության մատնելով Մարտին Պոուլսենին: Այդ հաղթանակի շնորհիվ հայ շախմատիստները գլխավորեցին աղյուսակը:

Ցավոք մեր շախմատիստներին չհաջողվեց շարունակել հաղթարշավն առաջին լուրջ մրցակցի հետ մրցավեճում: Ուկրաինայի հավաքականի հետ մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի, ընդ որում բոլոր պարտիաներում էլ հաշտություն կնքվեց: Միավորը բաժանեցին Իվանչուկն ու Արոնյանը, Կարյակինն ու Հակոբյանը, Եֆիմենկոն ու Սարգսյանը, Վոլոկիտինն ու Պետրոսյանը: Միավորի այս կորուստը Հայաստանի հավաքականին աղյուսակում տեղափոխեց 3-րդ հորիզոնական: Նշենք, որ բոլոր պարտիաներում վաստակած միավորներով (13) ՀՀ հավաքականը լավագույն ցուցանիշն ուներ, սակայն 4 տուրում վաստակել էր 7 միավոր: Իսկ աղյուսակը գլխավորեցին Ռուսաստանի եւ Գերմանիայի առաջին հավաքականները, որոնք 8-ական միավոր ունեն: Գերմանացիներն առաջին տեղում են, քանի որ ընդհանուր միավորներով (12,5) 1,5-ով գերազանցում են ռուսներին: Գերմանիայի հավաքականը նախ 3,5-0,5 հաշվով հաղթեց Մալայզիայի շախմատիստներին, ապա առավելության հասավ իսպանացիների նկատմամբ (2,5-1,5): Ռուսները նույնպիսի հաշիվներով հաղթեցին Կուբայի եւ Հնդկաստանի հավաքականներին:

3-րդ տուրում մեր շախմատիստուհիներն էլ խոշորՙ 4-0 հաշվով հաղթեցին Գերմանիայի 2-րդ հավաքականին: Դանիելյանը, Մկրտչյանը, Գալոյանն ու Անդրեասյանը հաղթեցին համապատասխանաբար Ֆուշին, Շոյնին, Մադերին ու Էնդրեսին: Ցավոք, հաջորդ տուրում առաջատարներից մեկիՙ Չինաստանի հավաքականի հետ պայքարում մեր աղջիկներն անհաջող խաղացին եւ ընդամենը կես միավոր վաստակեցին: Լիլիթ Մկրտչյանը հաշտություն կնքեց Հուե Ժաոյի հետ: Դանիելյանը, Աղինյանը եւ Անդրեասյանը պարտվեցին համապատասխանաբար Հոու Իֆանին, Յանգ Շենին ու Ցոնգի Թանին: 4 տուրից հետո Հայաստանի հավաքականը 6 միավորով 16-րդ տեղում էր: 8-ական միավորով առաջատարներն էին Չինաստանի եւ Լեհաստանի հավաքականները: Չին շախմատիստուհիները 3-րդ տուրում հաղթել էին հոլանդացիներին (2,5-1,5), իսկ լեհերը պարտության էին մատնել մեքսիկացիներին (4-0) եւ սերբերին (2,5-1,5):

5-րդ տուրում հայ շախմատիստները չափազանց կարեւոր հաղթանակ տոնեցին Հոլանդիայի ուժեղ հավաքականի նկատմամբ, որը մրցաշարում անդրանիկ պարտությունը կրեց: Մեր թիմի հաղթանակն ապահովեց Գաբրիել Սարգսյանըՙ պարտության մատնելով Դանիել Սթելվագենին: Արոնյան-վան Վելի, Հակոբյան-Սմիթ եւ Պետրոսյան-Լ,Ամի պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: 5 տուրից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 9 միավոր (բոլոր պարտիաներում վաստակած միավորներըՙ 15,5): Ուշադրության կենտրոնում առաջատարներիՙ Գերմանիայի առաջին հավաքականի եւ Ռուսաստանի մրցավեճն էր, որն ավարտվեց ոչ-ոքի: Դա հնարավորություն տվեց հայ շախմատիստներին ընդհանուր 15,5 միավորով գլխավորելու աղյուսակը: Մերոնք 0,5 միավորով գերազանցում են ադրբեջանցիներին, որոնք 3-1 հաշվով հաղթեցին նորվեգացիներին:

Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեցՙ 1,5-2,5 հաշվով զիջելով ֆրանսիացիներին: Վճռորոշ եղավ Էլինա Դանիելյանի եւ Մարի Սեբագի մրցավեճը, որն ավարտվեց բոլորից ուշՙ հայ շախմատիստուհու պարտությամբ: Անհաջողության մատնվեց նաեւ Լիլիթ Մկրտչյանըՙ զիջելով Սիլվիա Կոլասին: Միակ հաղթական միավորը իր օգտին գրանցեց Լիլիթ Գալոյանըՙ առավելության հասնելով Սոֆի Միլիեթի նկատմամբ: Անդրեասյան-Լեկոնտե պարտիան ավարտվեց ոչ-ոքի:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4