Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն աննախադեպ հաջողության հասավ Լիվերպուլում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Հովհաննես Դանիելյանն ու Էդուարդ Համբարձումյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ, Ցոլակ Անանիկյանը նվաճեց արծաթե մեդալ: Նման հաջողության Եվրոպայի առաջնություններում նորանկախ Հայաստանի բռնցքամարտիկներն առաջին անգամ հասան: Նշենք, որ վերջին անգամ հայ բռնցքամարտիկներից Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը հաջողվել էր նվաճել Նշան Մունչյանին եւ Մեխակ Ղազարյանին 1987-ին ԽՍՀՄ հավաքականի կազմում:
Մինչեւ 48 կգ քաշային կարգում Հովհաննես Դանիելյանը եզրափակիչում մեկ միավորի առավելությամբ (7-6) հաղթեց Իսպանիան ներկայացնող Խոսե Լինարեսին ու հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Հաջող էր նաեւ Էդուարդ Համբարձումյանի (64 կգ) ելույթը, որը եզրափակիչում մեծ առավելությամբ (27-1) պարտության մատնեց հունգարացի Գյուլա Կատեին եւ նույնպես արժանացավ ոսկե մեդալի: Իսկ ահա 91 կգ քաշային կարգում Ցոլակ Անանիկյանին չհաջողվեց վճռորոշ գոտեմարտն էլ շահել: Նա պարտվեց ռուսաստանցի Եգոր Մեխոնցեւին (2-9) ու բավարարվեց արծաթե մեդալով, ինչը եւս մեծ նվաճում պետք է համարել:
Եզրափակիչ մենամարտերում հանդես եկան եւս երկու հայ բռնցքամարտիկներ: Մինչեւ 57 կգ քաշային կարգում ՌԴ հավաքականում հանդես եկող Արայիկ Համբարձումովը 1-7 հաշվով զիջեց օլիմպիական չեմպիոն, ուկրաինացի Վասիլի Լոմաչենկոյին: Բելառուսի հավաքականում էլ ընդգրկված Վազգեն Սաֆարյանը (60 կգ) չկարողացավ հաղթել ռուսաստանցի Լեոնիդ Կոստիլեւին (3-7):
Քաշային մյուս կարգերում Եվրոպայի չեմպիոններ հռչակվեցին ուկրաինացիներ Գեորգի Չիգարյովը (51 կգ), Իվան Սենայը (75 կգ) եւ Ալեքսանդր Ուսիկը (81 կգ), բուլղարացի գերծանրքաշային Կուբրատ Պուլեւը, անգլիացի Լուկե Քեմբելը (54 կգ) եւ բելառուսցի Մոհամեդ Նուրուդզինաուն (69 կգ):
ՀՀ հավաքականի կազմում հանդես եկած մեր 9 բռնցքամարտիկները թիմին 21 միավոր պարգեւեցինՙ նվաճելով 3 մեդալ: Այս ցուցանիշով Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով գրավեց 3-րդ տեղը: Առաջին տեղը գրավեց Ուկրաինայի հավաքականը (33 միավոր, 4 ոսկե, 1 բրոնզե մեդալ): Ուկրաինացիներից մեկ միավորով հետ մնացին ռուսները, որոնք նվաճեցին 2 ոսկե եւ 3 արծաթե մեդալ: Ընդհանուր առմամբ մեդալների արժանացան մասնակից 40 երկրներից ուղիղ կեսը: Նշենք նաեւ, որ մեր բռնցքամարտիկներից չորսըՙ երեք մրցանակակիրներն ու Անդրանիկ Հակոբյանը (75 կգ), իրենց քաշային կարգերում ընդգրկվել են 8 լավագույն բռնցքամարտիկների շարքում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Նկար 1. Էդուարդ Համբարձումյան