ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահն ու Թբիլիսիում ՌԴ ԱԳՆ-ի հատուկ նշանակության դեսպանը Հայաստանում էինՙ մասնակցելու տարածաշրջանային խորհրդաժողովի: Քննարկումներից եւ ելույթներից բացի ռուս դիվանագետները հանդիպեցին լրագրողների հետ:
«Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի պետությունները: Կարծում եմ, սխալ է արտատարածաշրջանային տերությունների, մասնավորապես ԱՄՆ-ի ներգրավումը կոնֆլիկտների լուծման հարցում», հայտարարեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ եւ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը : Ռուս դիվանագետների ուշադրության առանցքում ղարաբաղյան խնդիրն է եւ վրաց օսական հակամարտությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահը, այսօր ռուս դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովը վերջին ամիսներին տեղի ունեցած կարեւորագույն իրադարձություններից մեկը համարեց Մայնդորֆյան հռչակագրի ստորագրումը: Վլադիմիր Կազիմիրովը թեպետ այնքան էլ համաձայն չէ հռչակագրին տրված Մայնդորֆյան անվանը, այնուամենայնիվ որակում է բացառիկ փաստաթուղթ: «Ավելի ճիշտ կլիներ հռչակագիրը կոչել Մոսկովյան: Փաստաթղթի մասին հնչում են դրական եւ բացասական կարծիքներ: Այնուամենայնիվ կարեւորն այն է, որ առաջին անգամ նման բարձր մակարդակով փաստաթուղթ է ստորագրվում, ինչը ես ֆենոմենալ եմ համարում բանակցությունների այս փուլում: Ամենաէականն այն է, որ կողմերը հանձն են առնում խնդիրը լուծել միայն խաղաղ ճանապարհով», ընդգծեց Վլադիմիր Կազիմիրովը: Կոնստանտին Զատուլինը իր հերթին վստահ է, որ ղարաբաղյան խնդիրը չի կարող լուծվել առանց Ղարաբաղի անմիջական մասնակցության:
«Եզակի համարվող այս հռչակագրում չկա Ղարաբաղի նախագահի ստորագրությունը: Բայց եւ ակնհայտ է, որ եթե այդ ստորագրությունը լիներ հռչակագրի ներքո, ապա կբացակայեր Ադրբեջանի նախագահի ստորագրությունը: Այդ դեպքում խաղաղ ճանապարհով խնդրի լուծումը կմնար ցանկությունների մակարդակով: Ի վերջո, Հայաստանն ինքն է հայտարարել, որ բանակցությունների ընթացքում ներկայացնում է Արցախի ժողովրդի շահերը եւ սխալ է մեղադրել Ռուսաստանին, որ փաստաթղթում բացակայում է Արցախի նախագահի ստորագրությունը», ասաց Կոնստանտին Զատուլինը: Վերջինս վստահ էՙ օրերից մի օր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կճանաչվի: «Ռուսաստանն այսօր պատրաստ չէ ճանաչել ԼՂՀ-ն որպես անկախ պետություն, բայց եւ Հայաստանն էլ չի ճանաչում: Բայց այդ պետությունն այսօր դե յուրե գործում է, ընդ որում ապահովում է ոչ միայն անվտանգությունը, այլեւ կառուցում դեմոկրատական պետություն բոլոր բաղկացուցիչներով, ինչը երբեմն չես կարող ասել նաեւ Ադրբեջանի մասին», ասաց Կոնստանտին Զատուլինը:
ԵԱՀԿ Մինսկի նախկին համանախագահը ընդգծեց ղարաբաղյան հակամարտության եւս մեկ կարեւոր հանգամանք. լրանում է հրադադարի կնքման 15-րդ տարին: Այն օրերին Վլադիմիր Կազիմիրովը իրադարձությունների կենտրոնում էր, իսկ հրադադարի կնքումը իրականում Բիշքեկում չէր: «Ռուսաստանի միջնորդությամբ Բիշքեկում փորձում էին խաղաղության կուսակցություն ստեղծել: Այնտեղ էին հավաքվել խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, ովքեր պայմանագրի ստորագրման իրավունք չունեին: Մի քանի օր անց` մայիսի 9-ին, Բաքվի իր գրասենյակում պայմանագիրը ստորագրեց Հեյդար Ալիեւը, հաջորդ օրը Երեւանում` Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 10-ին Ստեփանակերտում` Սամվել Բաբայանը: Այնուհետեւ մենք համադրեցինք նույն բովանդակության երեք փաստաթուղթն ու հռչակեցինք հրադադարի կնքումը», հիշում է Վլադիմիր Կազիմիրովը: Որ Արցախն Ադրբեջանի մաս երբեք չի կարող կազմել, վստահ է ոչ միայն Վլադիմիր Կազիմիրովը: «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ժամանակակից աշխարհում չի կարող ստորադասվել տարածքային ամբողջականության սկզբունքին: Ամեն ինչ կախված է ժողովրդի կամքից: Իսկ ԼՂՀ-ի ճանաչման համար մրցանակ կա` 7 տարածքների ճակատագիրը: Սակայն հստակ է, որ ԼՂՀ-ն այլեւս Ադրբեջանի կազմում չի լինի», ասաց Կոնստանտին Զատուլինը:
Ինչ վերաբերում է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի խնդիրներին, ապա, Զատուլինի վստահեցմամբ, Ռուսաստանն այստեղ առաջնահերթ մի քանի խնդիրներ ունի լուծելու: «Մենք հանձն ենք առել նպաստելու տնտեսության վերականգնմանը, վերացնելու պատերազմի հետքերը եւ աջակցելու պաշտպանական համակարգի կազմակերպմանը», ասաց բանախոսը: Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում օդային ճանապարհի կազմակերպման եւ ավերված բնակավայրերի վերականգնման ուղղությամբ, որի համար բավականին գումարներ արդեն իսկ հատկացվել են: «Կարեւոր խնդիր է տեռորիզմի կանխարգելումը: Ես վստահեցնում եմ, որ դրա շարունակման դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի դիմել կոշտ միջոցների», նկատեց Կոնստանտին Զատուլինը:
Թբիլիսիում ՌԴ ԱԳՆ-ի հատուկ նշանակության դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի բնորոշմամբՙ Վրաստանն այսօր կանգնած է պատմական ընտրության առջեւ: «Կշարունակի՞ արդյոք Վրաստանն իր ներկայիս քաղաքականությունը, թե կնախընտրի բարեկամական հարաբերություններ հաստատել բոլոր պետությունների հետ: Սա ճակատագրական պահ է, որը քաղաքական կամք է պահանջում վրաց իշխանություններից», նշեց Վյաչեսլավ Կովալենկոն: Ընդ որում բանախոսը համոզված է, որ դեկտեմբերինՙ ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում Վրաստանին, ինչպես նաեւ Ուկրաինային դաշինքի կազմում ընդգրկվելու հնարավորություն չի տրվի: «Օգոստոսյան դեպքերը ցույց տվեցին, որ Վրաստանն անկանխատեսելի գործընկեր է: Հին Եվրոպան կասկածով եւ վերապահությամբ է մոտենում Վրաստանին», ասաց Վյաչեսլավ Կովալենկոն: Այս համատեքստում Ռուսաստանը հետաքրքրված է ոչ միայն վրաց-օսական հակամարտությամբ, այլեւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավմամբ: «Ակնհայտ է, որ Հայաստանը ծայրահեղ զգուշությամբ է կառուցում իր հարաբերությունները Վրաստանի հետ` հաշվի առնելով կոմունիկացիոն կախվածությունն այդ երկրից: Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման դեպքում Վրաստանից այդ կախվածությունն ակնհայտորեն կթուլանա», ասաց Կոնստանտին Զատուլինը:
Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի թուրքական նախաձեռնությունը ՌԴ Պետդումայի պատգամավորը համարում է տարածաշրջանային տերություն ինքնահաստատվելու Թուրքիայի փորձ: «Թուրքիան ցանկանում է իր արեւմտյան դաշնակիցներին հասկացնել, որ տարածաշրջանային խնդիրները լուծվում են հենց տարածաշրջանում: Փաստորեն, Թուրքիան ցուցադրում է իր անկախությունը եւ ակնհայտ է, որ չի ցանկանում մնալ Արեւմուտքի հենակետը», ընդգծեց Կոնստանտին Զատուլինը: Վերջինիս դիտարկմամբ. «Իրանը եւս տարածաշրջանային տերություն է, ինչպես Թուրքիան եւ Ռուսաստանը», առանց որի մասնակցության տարածաշրջանային որեւէ նախաձեռնություն հաջողություն չի կարող գրանցել: