«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2008-11-18 | #214, 2008-11-19 | #215, 2008-11-20


ԵԹԵ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԱՌՈՂՋ ԼԻՆԵԼ...

Անզորության զգացումն է այսօր պատել լրագրողական ու մերձլրագրողական շրջանակներին. պարբերաբար ծեծվում եւ խոշտանգվում են լրագրողներ, որի համար ոչ ոք դեռ պատասխանատվության չի կանչվում, մեղավորները չեն հայտնաբերվում ու չեն ձերբակալվում, եւ որոշ ժամանակ մամուլի էջերում ընդվզման հայտարարությունների հրապարակումից հետո ամեն ինչ, կարծեք, մոռացվում է եւ կյանքը վերադառնում իր «բնականոն» հուն: Համապատասխան մարմինները հերթական անգամ հայտարարում են հետաքննություն անցկացնելու կամ քրեական գործ հարուցելու մասին: Նույնիսկ ամենախիստ ցուցումներն են տրվում, իսկ հարուցված գործերը, ինչպես Մահարին պիտի ասեր, գնում-խառնվում են հազար տարվա մեռելներին, այսինքնՙ գնում-կուտակվում են չբացահայտված մյուս հազարավոր գործերի վրա:

Հարյուր անգամ, հազար անգամ ասվել էՙ անպատժելիության մթնոլորտն է տիրում մեր երկրում: Ու դրանից ոչ ոք, այսինքնՙ ոչ մի պատասխանատու անձ չի նեղվում, ոչ ոք հրաժարական չի տալիս, ոչ ոք չի խոստովանում, որ ինքը եւ իր գլխավորած կառույցն ի վիճակի չեն աշխատելու: Պատասխանատու մարմինների վրա չեն ազդում անգամ միջազգային կազմակերպությունների համապատասխան զեկույցները, համաշխարհային ցուցակներում մեր երկրի վարկանիշի անկումները:

Լրագրողը Հայաստանում դարձել է այն չարաճճի, բայց անպաշտպան երեխան, որի վզակոթին ամեն անցնող-դարձող հարկ է համարում մի հատ հարվածել, քանի որ «իրեն խելոք չի պահում»: Բոլորը գիտեն, որ նա անպաշտպան է, չունի թիկնազոր եւ պաշտպանվելու որեւէ այլ միջոց: Չունի նաեւ օրենքի՛ պաշտպանությունը, որը նրան կապահովեր մասնագիտությունը կիրառելու պայմաններ: Ահա՛ թե ինչու մեր լրագրողներից շատերը դարձել են հաշվենկատ, ավելորդ շրջահայաց եւ, երբեմն, գնվող, կաշառվող, ինչը, հակադարձորեն, նվազեցրել է հասարակության վստահությունը մամուլի նկատմամբ:

Երեք օր առաջ աշխատավայրից գիշերը դուրս գալու պահին խոշտանգվեց հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը: Այժմ նա դեռ հիվանդանոցում է: Հավանաբար շուտով դուրս կգրվի այնտեղից եւ հասարակությունը, մամուլն անգամ կմոռանա միջադեպը, մինչեւ նոր... միջադեպ, նոր խոշտանգում: Չգիտենք, այսուհետեւ նա կդառնա՞ զգուշավոր, թե՞ կշարունակի ավելի համարձակ ու «վտանգավոր» թեմաների ձեռք զարնելը: Հերոսությունը չի գնահատվում մեր մեջ, շատ-շատ միջազգային մեկ-երկու մրցանակն է բաժինը նման լրագրողների: Ոչ ոք իրավունք չունի մեղադրելու, եթե «Հետք» ինտերնետային թերթի խմբագիրն ու Հետաքննող լրագրողների հասարակական կազմակերպության նախագահը դառնա զգուշավոր: Բոլոր պարագաներում պետք է մեղադրել իշխանությանը, որի պարտականությունն առաջին հերթին իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է, որի պարտականությունը լրագրողին պաշտպանելն է նաեւ, առավել եւս այն լրագրողին, որն իր հետաքննություններով հսկում է նույն այդ իշխանության առողջությանն առաջին հերթին: 1964-ից, երբ Պուլիցերյան մրցանակը առաջին անգամ պարգեւատրեց հետաքննական լրագրությամբ զբաղվող «Ֆիլադելֆիա բուլետեն» թերթը, լրագրության մեջ այս ժանրը առանձնահատուկ նշանակություն ստացավ հենց այսՙ իշխանությանը կոռուպցիոն ախտերից ձերբազատելու իմաստով, եւ առաջին գնահատանքը, առաջին ուշադրությունը իշխանության պետք է հասցեագրվի հենց նրանցՙ հետաքննող լրագրողներին:

Անշուշտ, եթե իշխանությունը ցանկանա առողջ լինել:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4