«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2008-11-18 | #214, 2008-11-19 | #215, 2008-11-20


«ԱՂԴԱՄՆ ԷԼ Է ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ. ՀԵՆՑ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼ»

Զ. Փոստանջյանը պնդում է, թե «Ժառանգության» առաջարկը իրականում այսպիսին է

«Միացում» ազգային նախաձեռնությունը, հետամուտ լինելով Հայաստանի ազատագրված տարածքի հանձնումը ենթադրող կարգավորման բանակցային գործընթացի քողազերծմանը, նոյեմբերի 14-ին Վաղարշապատ եւ 18-ին Արմավիր քաղաքների մշակույթի մայր օջախներում նախատեսել է անցկացնել բաց սեմինար, որի ընթացքում պետք է ցուցադրվեր Տիգրան Խզմալյանի «Արաքսից Կուր, Արցախից Ջավախք» վավերագրական կինոնկարը եւ տեղի ունենար բանախոսություն` «Հայաստանի ազատազրկված տարածքը եւ Հայոց պետականության ապագան» անվամբ:

«Ժառանգության» պատգամավոր, «Միացում» ազգային նախաձեռնության անդամ Զարուհի Փոստանջյանը երեկ «Ուրբաթ» ակումբում լրագրողներին պատմեց, որ երբ էջմիածնում իրենց արգելել են միջոցառում անցկացնել, ինքը զանգահարել է ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանին եւ հիշեցրել, որ ընտրվելու ժամանակ նա խոսք էր տվել, որ ինքն ամեն ինչ կանի, որպեսզի այլեւս որեւէ խոչընդոտ չհարուցվի միջոցառումներ անցկացնելու համար դահլիճներ տրամադրելու հարցում: Հ. Աբրահամյանը խոստացել է ընդդիմադիր պատգամավորին, որ այդ հարցով կխոսի ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի հետ, ինչպես նաեւ կքննարկի այդ հարցը նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, սակայն մեկ ժամ անց նա զանգահարել է Զ. Փոստանջյանին ու ասել, որ պետք չէ միջոցառում անցկացնել, որ «դա Լեւոն Տեր-Պետրոսյանի պրոյեկտն է», իսկ նախաձեռնողները դա անգամ չեն գիտակցում:

Հարցին, որ եթե անգամ դա Տեր-Պետրոսյանի ծրագիրն է, արդյոք դրանից բխո՞ւմ է, որ վատ նախաձեռնություն է եւ պետք է դադարեցնել, Զ. Փոստանջյանը պատասխանեց. «Մեզ որեւիցե մեկը չի կարող արգելել արտահայտել մեր դիրքորոշումը, սիրել մեր հայրենիքը, պայքարել արյան գնով ազատագրված տարածքների համար: Այդ տարածքները մեր հայրենիքն են: Աղդամն էլ է մեր հայրենիքը, եւ եթե որեւիցե բարձրաստիճան պաշտոնյա կասկածում է, հենց դրա համար ենք ցանկանում դասընթացներ անցկացնել, որ բոլորը հասկանան, որ Աղդամը մեր հայրենիքն է: Որեւէ քաղաքական ուժ կամ պաշտոնյա չի կարող մեզ խոչընդոտել մեր գործունեության մեջ»:

Հիշեցնենք, որ վերջերս մամուլի ակումբներից մեկում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նույն «Ժառանգություն» խմբակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը հանդես էր եկել մեկ այլ հայտարարությամբ. «Դուք գիտեք, որ նույն Ղարաբաղի տարածքից զգալի տարածքներ` Մարտակերտից եւ Մարտունիից, գտնվում են ադրբեջանական զորքերի օկուպացիայի տակ. նույն Շահումյանի շրջանը ԽՍՀՄ փլուզման ընթացքում, ԽՍՀՄ օրենքներով նույն կերպ, ինչպես Ղարաբաղը ինքնորոշվել է: Այստեղ էլ պատրաստ ենք փոխադարձ զիջումների` Աղդամը վերադարձնելու դիմաց ստանալ Շահումյանը. վերաբնակեցնել այնտեղ հայերին կամ ադրբեջանցիներին»: Մինչդեռ Զարուհի Փոստանջյանը պնդում էր, թե «Ժառանգության» առաջարկը իրականում այդպես չի եղել, եւ լրագրողներն են թերեւս սխալ հասկացել: Վերջինիս խոսքերով` «Ժառանգության» քաղաքական մոտեցումը Արցախի հարցում համահունչ է «Միացման» մոտեցումներին:

Լրագրողները, սակայն, նշեցին, որ նույն ասուլիսի ընթացքում, երբ հնչել է Աղդամ-Շահումյան տարբերակի մասին, «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը հայտարարել է ոչ մի թիզ հող տարբերակին դեմ լինելու մասին, նշելով, որ այդ տարբերակը տանում է փակուղի: Լրագրողները հարցրեցին, թե արդյոք «Ժառանգության» այդ դիրքորոշումը համահո՞ւնչ է «Միացում»-ի դիրքորոշմանը: Փոստանջյանը նշեց, թե «Ժառանգությունն» ունի իր ծրագիրը, որտեղ միանշանակ արտահայտվում է Արցախի հարցի կապակցությամբ եւ այդ ծրագրից բխած էլ ներկայացրել էր Ազգային Ժողովին ԼՂՀ ճանաչման օրինագիծ: Ըստ Փոստանջյանի, ցանկությունը մեկն է, որ Արցախն ու Հայաստանը միավորվեն, իսկ թե ինչ եղանակով դա կարվի, արդեն այլ հարց է:

Նոյեմբերի 20-ին Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի կապակցությամբ Սերժ Սարգսյանի եւ Հայաստանում գրանցված կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հավանաբար բացելու է կարգավորման գործընթացի փակագծերը եւ մանրամասնելու է կարգավորման առկա տարբերակը: Այս մտքերի հեղինակն էլ Ժիրայր Սեֆիլյանն է: Ըստ նրա, Սերժ Սարգսյանը խնդրել է, որ այդ բանը չանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք պատրաստվում էին այդ բանն անել Երեւանում ունեցած ասուլիսի ընթացքում, խոստանալով, որ ինքը կանի դա: Դրա համար էլ, ըստ Սեֆիլյանի, Սարգսյանը նախաձեռնել է կուսակցությունների հետ հանդիպում: Սեֆիլյանի կարծիքով, Սարգսյանը ներկայացնելու է, թե ինչպես են դուրս բերվելու հայկական զորքերը ազատագրված տարածքներից, ինչպես են այնտեղ տեղակայվելու ռուս խաղաղապահներ եւ այլ մանրամասներ: Վերջինս ողջունում է հանդիպմանը մասնակցելու հրավերը մերժելու ընդդիմության որոշումը:

Զարուհի Փոստանջյանը հայտնեց, թե վատ բան չի տեսնում ոչ մասնակցելու, ոչ էլ մերժելու մեջ, իսկ կոնկրետ «Ժառանգության» որոշումը դեռ չկա, երբ լինի` կտեղեկացնեն:

Տեղեկացնենք մենքՙ երեկ ուշ ժամի ստացված լուրիցՙ «Ժառանգության» ներկայացուցիչը մասնակցելու է հանդիպմանը:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4