«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2008-11-18 | #214, 2008-11-19 | #215, 2008-11-20


ԵՎՐՈԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՄԸՆԿՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՀԱՑԱԴՈՒԼԻՆ

Եվրոխորհրդի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը նոյեմբերի 20-22-ը հատուկ այցով կժամանի Հայաստան` գնահատելու մարտի 1-2-ի դեպքերի հետեւանքով ազատությունից զրկված անձանց վիճակը եւ այդ դեպքերի առնչությամբ իրականացվող հետաքննությունը:

«Ես նպատակ ունեմ գնահատելու ազատազրկված անձանց վիճակը եւ այն առաջընթացը, որ գրանցվել է մարտյան իրադարձությունների համար պատասխանատուներին ի հայտ բերելու առումով: Կարեւոր է, որ փաստացի նկարագրություն տրվի, թե ինչ է կատարվել իրականում: Եթե հնարավոր լինի կատարել այդ նկարագրությունը, ապա կարող է օգտակար լինել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հետագա աշխատանքի համար», ասել է հանձնակատարը:

Այցի ընթացքում Թոմաս Համմարբերգը հանդիպելու է նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Նա նաեւ կհանդիպի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի եւ մարտյան դեպքերի հետաքննությամբ զբաղվող նորաստեղծ փաստահավաք խմբի անդամների, մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Թոմաս Համմարբերգը կայցելի նաեւ ազատազրկման վայրեր:

Սեպտեմբերին հանձնակատարը հրապարակել էր իր հետազոտության արդյունքները` նշելով, որ կա բանտարկվածների առնչությամբ գոհացուցիչ լուծումներ գտնելու եւ մարտյան իրադարձությունների համար մեղավորներին պատասխանատվության կանչելու հրատապ անհրաժեշտություն:

Նոյեմբերի 20-ին` Եվրոխորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի այցելության առաջին օրը, մեկօրյա հացադուլ են հայտարարել ութ ամսից ավելի բանտերում պահվող «քաղբանտարկյալները»` որպես ԵԽ երկդիմության եւ անհետեւողականության դեմ բողոքի նշան: Հացադուլին են միացել նաեւ «Միացում» նախաձեռնության 8 անդամները: Ամեն ինչ համակարգված է:

Ա. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4