Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից ստացած տեղեկատվության համաձայն, միջազգային շուկայում նավթի գների անկումից հետո Հայաստանում բենզինի գները ավելի շատ են նվազել, քան եվրոպական երկրներում: Մասնավորապես, 1 լիտր -95 բենզինի գինը Ավստրիայում 1,27 եվրո է, Բելգիայում` 1,55, Իտալիայում եւ Գերմանիայում` 1,45, Իսպանիայում` 1,23, Պորտուգալիայում` 1,46 եւ այլն: Իսկ Հայաստանում 1 լիտր -95-ն արժե 330 դրամ:
Ավստրիայում, Ֆինլանդիայում մեկ լիտր -95 տեսակի բենզինի գինը հուլիսի համեմատ հոկտեմբերին իջել է 4,5 տոկոսով, Գերմանիայում` 7,6, Հունաստանում` 5,5, Նիդեռլանդներում` 3,5, Իտալիայում, Սլովենիայում` 5,8, Լյուքսեմբուրգում, Ֆրանսիայում` 3,9, Պորտուգալիայում` 2,6, Իսպանիայում գնի փոփոխություն չկա, Բելգիայում թանկացել է 1,3 տոկոսով: Հայաստանում նույն ժամանակահատվածում բենզինի նույն տեսակի գինն իջել է 16,5 տոկոսով:
Այսպիսով, կարող ենք փաստել, որ ներկայումս միջազգային շուկայի գների փոփոխություններին, տվյալ դեպքումՙ անկմանը, Հայաստանում համարժեք արձագանքում է միայն բենզինի շուկան, ինչը վկայում է նրա մրցակցային լինելու մասին: Մինչդեռ ամենամեծ եւ քաղաքականացված շահարկումները կատարվում են հենց բենզինի շուկայի առնչությամբ:
Ա. Մ.