Ազգային Ժողովի թույլատրած 360 մլն խմ-ից
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ ոռոգման սեզոնըՙ Սեւանա լճից ջրառ իրականացնելու առումով, կարելի է ավարտված համարել. Որոշ խնդիրներ են մնացել աշնանացան ցորենի հետ, որի ոռոգման իրականացումը, սակայն, Սեւանի հետ կապված չէ: Ըստ ջրտնտպետկոմի նախագահի, այս պահի դրությամբ Սեւանից ջրառը կազմել է 302 մլն խմ, որն այս տարվա համար վերջնական ցուցանիշ է:
Անդրանիկ Անդրեասյանը հիշեցրեց, որ այս տարի ոռոգման սեզոնը սկսվեց սովորականից 2 ամիս շուտ, քանի որ եղանակը վաղ գարնանը կտրուկ տաքացավ, հեղեղներ չեղան, ջրամբարները չլցվեցին եւ տարվա սակավաջուր լինելու պատճառով կառավարությունը հարկադրված եղավ 2 անգամ դիմել Ազգային Ժողովին, խնդրելով թույլատրել Սեւանից մինչեւ 360 մլն խմ ջուր վերցնել: Մինչդեռ օրենքով նախատեսված է տարեկան 170 մլն խմ ջրառ, որը վերջին 4-5 տարիներին չի գերազանցվել: Ջրտնտպետկոմի նախագահը գոհունակություն հայտնեց, որ հաջողվել է խնայել մոտ 60 մլն խմ: Նա նաեւ նշեց, որ բացի Սեւանից, սակավաջուր լինելու պատճառով ջուր է մղվել նաեւ պոմպակայաններից, որը բավականին թանկ է արժեցել: Այդ նպատակով կառավարությունն ավելացրել է ոռոգման ջրի համար տրվող դոտացիան, որպեսզի նաեւ Սեւանի ջուրը հնարավորինս խնայվի:
Ինչպե՞ս է ազդել 302 մլն խմ ջրառը Սեւանի մակարդակի վրա: Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրեց, որ Սեւանի մակարդակը գտնվում է 1898,89 մ նիշի վրա, ինչը 8 սմ-ով ավելի բարձր է նախորդ տարվա նույն պահի եւ 10 սմ-ով բարձրՙ տարեսկզբի համեմատ: Իսկ այն հարցին, թե որքա՞ն կլիներ այդ մակարդակը, եթե այս տարի Սեւանից վերցվող ջուրը չգերազանցեր ջրառի ամենամյա միջին ցուցանիշը, կոմիտեի նախագահը պատասխանեց, որ այդ 1 սմ-ի բարձրացումը ենթադրում է 13 մլն խմ ջրի ավելացում: Այսինքն, եթե այս տարվա ջրառը չգերազանցեր 170 մլն խմ-ն, ապա Սեւանի մակարդակը պետք է բարձրացած լիներ եւս 10 սմ-ով:
Պատասխանելով «Ազգի» հարցին, թե ի՞նչ է արվում, որ եկող տարի հնարավոր լինի խուսափել Սեւանից հավելյալ ջուր վերցնելուց, Անդրանիկ Անդրեասյանն ասաց, որ քայլեր են արվում համակարգում կորուստները նվազեցնելու, մեծ ներդրումներ են կատարվում, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրն է իրականացվում, բայց հիմնականն այն է, որ ջրամբարներում գարնան հալոցքի ժամանակ անհրաժեշտ քանակի ջուր կուտակվի: Միաժամանակ նշվեց, որ հայտնի չէ, թե ինչպիսին կլինեն եղանակային պայմանները եկող տարի:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ