Գործնական հոգեբանության եւ սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանը եւ Ամերիկայի հումանիտար համալսարանը կնքել են համագործակցության պայմանագիր: Բուհի ուսանողները հնարավորություն կունենանՙ ուսանելով հայրենի երկրում, ձեռք բերելու միանգամից երկու համալսարանների դիպլոմները: «Ուրարտու» համալսարանը ամերիկյան մեր գործընկերոջ ճյուղային հաստատությունը չի դառնում: Երկու համալսարաններն էլ հավասար գործընկերներ են: Մեր նպատակն է համատեղել կրթական համակարգում ունեցած մեր երկարատեւ փորձը եւ մեր ուսանողներին տալ իսկապես որակյալ կրթություն: Համագործակցության պայմանագիրը կնքելիս մենք ուղենիշ ենք ունեցել Հայաստանի կրթության զարգացման պետական ծրագրային քաղաքականության պահանջները», նշեց «Ուրարտու» համալսարանի ռեկտոր Սեդրակ Սեդրակյանը :
«Ուրարտու» համալսարանը Հայաստանի կրթական դաշտում գործում է արդեն 17 տարի եւ Հայաստանի առաջատար բուհերից մեկն է: Ամերիկյան հումանիտար համալսարանը կիրառում է մասնագիտական կրթության տարբեր մեթոդներ եւ որակյալ բարձրագույն կրթություն է ապահովում` ուղենիշ ունենալով ավանդական լիբերալ կրթության սկզբունքները: «Մեր համալսարանը բաց է համագործակցության համար: Մենք համոզված ենք, որ բարձրագույն կրթությունը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է», ասաց Ամերիկյան հումանիտար համալսարանի հիմնադիր Հենրի Սաֆավին :
Սեդրակ Սեդրակյանը պատմեց, որ պայմանագիրը ստորագրվել է երկար բանակցությունների ընթացքում, իսկ գործընթացը հավանության են արժանացրել թե՛ ՀՀ ԿԳ նախարարությունը, թե՛ Ամերիկյան դեսպանատունը: «Կարեւորում ենք ամերիկյան բարձրագույն մասնագիտական կրթության փորձը: Պայմանագրի համաձայն, «Ուրարտու» համալսարանը Ամերիկյան հումանիտար համալսարանի հետ համատեղ կիրականացնի բակալավրի եւ մագիստրոսի որակավորման աստիճաններով մի շարք մասնագիտությունների ուսուցում կրեդիտային համակարգի սկզբունքով: Կարծում եմ, որ այս կրթությունը հնարավորություն կտա պատրաստելու շուկայում մրցունակ մասնագետներ», ասաց Սեդրակ Սեդրակյանը:
Փորձի փոխանակումը լինելու է երկու համալսարանների համագործակցության առանցքում, քանի որ Ամերիկյան հումանիտար համալսարանը եւս հավատարմագրված բուհ է եւ այն ճանաչված է Լիբերալ կրթության ամերիկայի ակադեմիայի կողմից:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ