Ճապոնուհի Սադակո Սասակին վեց տարեկան էր, երբ Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքներում տեղի ունեցավ ատոմային հարձակումը: Ատոմային ռմբակոծման հետեւանքով երեխան սկսեց տառապել լեյկիմիայով: Սակայն նա հավատում էր, որ եթե կարողանա 1000 թղթե կռունկ պատրաստել, ապա կբուժվի: Սադակոն հրաժեշտ տվեց կյանքին, երբ 12 տարեկան էր եւ պատրաստել էր իր 600-րդ կռունկը:
Ծանոթանալով Սադակոյի պատմությանը` Գեղագիտության ազգային կենտրոնի սաները որոշեցին իրականացնել փոքրիկ ճապոնուհու անավարտ երազանքը: Նրանք պատրաստեցին 1000 կռունկ, նույնքան էլ նկարազարդ լապտերներ եւ ուղարկեցին Ճապոնիայի խաղաղության հիմնադրամին:
Երեխաների այս նախաձեռնությամբ սկիզբ դրվեց «Խաղաղության լապտերներ» անունը կրող հայ-ճապոնական մշակութային համագործակցությանն ուղղված ծրագրին: Հենց այս ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում Գեղագիտության ազգային կենտրոնի 7-16 տարեկան սաները կազմակերպել էին օրիգամիի յուրատեսակ հավաքածուի ցուցադրություն: Երեխաների ձեռքի աշխատանքներին զուգահեռ ցուցադրվում էին նաեւ երիտասարդ նկարիչների գործերը: Երեխաները թատերականացված ցուցահանդես էլ էին պատրաստել` այն նվիրելով ատոմային ռմբակոծման զոհերի հիշատակին:
«Ցուցահանդեսները խաղաղության մասին հանրությանն իրազեկելու եւ ժողովուրդների միջեւ կապեր հաստատելու հիանալի միջոց են: Չնայած հայ եւ ճապոնացի երեխաներին բաժանող հազարավոր մղոնների` հայ մանուկները պատկերի ձեւով նրանց են ուղարկել իրենց մտքերը: Կարծում եմ, այլ մշակույթների եւ կենցաղավարության մասին տեղեկացվածությունը հրաշալի դեղատոմս է համընդհանուր խաղաղություն եւ գործընկերություն զարգացնելու համար», ասաց ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Կոնսուելո Վիդալը :
Ճապոնական ավանդական եւ նրբագեղ արվեստի ազդեցությամբ ստեղծված աշխատանքների ցուցադրությունն առաջին անգամ է կազմակերպվում` նպատակ ունենալով խթանել հայ ճապոնական մշակութային կապերի ամրապնդումն ու խաղաղության մասին հանրային իրազեկումը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ նոյեմբերի 29-ը:
«Մեզ համար անչափ կարեւոր եւ գնահատելի է հայ մանուկների նախաձեռնությունը: Հիրավի, նրանք խաղաղության իսկական դեսպաններ են: Համոզված եմ, որ մեր պատմության ահասարսուռ դեպքերն այլեւս աշխարհի ոչ մի անկյունում չեն կարող կրկնվել, որովհետեւ արդեն իսկ ունենք խաղաղության բազմաթիվ դեսպաններ», ասաց «Խաղաղության լապտերներ» ծրագրի համակարգող Յոնի Նագազավան :
Ծրագիրը, սակայն այսքանով չի ավարտվելու: Այն իր շարունակությունն է ունենալու օգոստոսի 6-ին, երբ Հիրոսիմայում Խաղաղության հիշատակի հիմնադրամի գործունեության շրջանակներում տեղի ունենալիք միջոցառման ընթացքում, հայ երեխաները խաղաղության իրենց կոչով կդիմեն աշխարհի բոլոր երկրների նախագահներին:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ