«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2008-11-18 | #214, 2008-11-19 | #215, 2008-11-20


ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱՍԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՎԱՔ

Օրերս Չեխիայի Բռնո եւ Պրահա քաղաքներում անցկացվեց Համազգային հայ եկեղեցասեր երիտասարդական կազմակերպության եվրոպական հանձնախմբի հերթական համաժողովը, որին մասնակցեցին ՀՀԵԵԿ եվրոպական ութ երկրների ներկայացուցիչներ: Հավաքի կազմակերպիչն էր Հայ առաքելական եկեղեցու Չեխիայի եւ Հունգարիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը : Մասնակցում էին նաեւ Հոլանդիայի հոգեւոր հովիվ Տաթեւ վարդապետ Հակոբյանը եւ Իտալիայի հայերի հոգեւոր հովիվ Առեն վարդապետ Շահենյանը , ինչպես նաեւ ներկայացուցիչներ Լեհաստանից, Շվեդիայից, Բելգիայից, Ավստրիայից, Չեխիայից, Իտալիայից, Հոլանդիայից, Սլովակիայից: Համաժողովի մասնակիցներին ողջունեց Վիեննայում ՀՀ դեսպանության Պրահայի գրասենյակի ղեկավար Աշոտ Ոսկանյանը :

Երկօրյա ժողովների ընթացքում մոտ հարյուր եկեղեցասեր երիտասարդներ քննարկեցին Համազգային հայ եկեղեցասեր երիտասարդական կազմակերպության եվրոպական մասնաճյուղի օրակարգն ու առաջիկա ծրագրերը: Ինչպես նշեց հայր Բարսեղը, հաստատվել է նաեւ Չեխիայի հանձնախմբի կազմը, քննարկվել են կանոնադրական հարցեր, վարչական խնդիրներ, լսվել են տարբեր առաջարկներ: Որոշվել է խթանել եվրոպական ներհամայնքային կապերի զարգացումը: Հայ երիտասարդներին պետք է լճացման վիճակից հանել, աշխուժացնել համայնքների միջեւ փոխադարձ այցելությունները, մեծացնել մասնակիցների շրջանակը: Հիմնական նպատակներից մեկն էլ այն է, որ սփյուռքահայ երիտասարդներին բերեն եկեղեցու գիրկը, որ տղաները թողնելով առկա ամոթխածությունըՙ իբրեւ սարկավագներ ծառայեն խորանին, իսկ աղջիկները երգեն երգչախմբում: Մեծ ուշադրություն է դարձվելու հոգեւոր-կրթական ծրագրերին: Արդեն իսկ պատրաստվում է 300 հարցից հարցարան, որը պատասխաններով հանդերձ պետք է բաժանվի հայ երիտասարդներին, որպեսզի նրանք ավելի լավ ճանաչեն Հայ առաքելական եկեղեցին:

Հայր Տաթեւն էլ ընդգծեց, որ Համազգային հայ եկեղեցասեր երիտասարդության կազմակերպության ստեղծումը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մտահղացումն է եւ ծրագիրն այն է, որ վաղվա մեր եկեղեցին ապահովենք հայ երիտասարդներովՙ թե՛ սփյուռքում եւ թե՛ Հայաստանում: Իսկ հայր Առենը, որը ներկայացնում է նաեւ ՀՀԵԵԿ եվրոպական հանձնախումբը, հավաստեց, որ փոքրաթիվ, բայց լավ կազմակերպված Իտալիայի համայնքում արդեն իսկ ամեն ամիս երիտասարդական հանդիպումներ են լինում, իսկ երկու ամիսը մեկ երիտասարդների համար մատուցվում է պատարագ, բացվել է կիրակնօրյա վարժարանը, եւ մեծ խանդավառություն է նկատվում:

Իսկ Բռնոյի հավաքույթն ու ժամերգությունն աննախադեպ էին կազմակերպվածությամբ եւ բնույթովՙ առաջին անգամ Չեխիայի տարածքում ժամերգությունը տեղի ունեցավ Չեխիայի, Հոլանդիայի եւ Իտալիայի հայ հոգեւոր հովիվների մասնակցությամբ: Նոյեմբերի 9-ին պատարագ մատուցվեց նաեւ Պրահայի Սուրբ Յիլյիի եկեղեցում, որի պատարագիչն էր Իտալիայի հայոց հոգեւոր հովիվ հայր Առենը:

Երկօրյա հավաքին մասնակցեցին նաեւ հայր Բարսեղի հրավերով Հայաստանից ժամանած հայկական էստրադայի երիտասարդ ներկայացուցիչներ Էրիկն ու Հասմիկ Կարապետյանը, որոնց ելույթները մի անգամ եւս խանդավառեցին հայ երիտասարդությանըՙ ժամանակակից եւ ժողովրդական երգերի կատարումներով:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4