«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2008-11-18 | #214, 2008-11-19 | #215, 2008-11-20


ՀԱՂԹԱՆԱԿ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՄՐՑԱՎԵՃՈՒՄ

Մեկօրյա հանգստից հետո շախմատի օլիմպիադայի մասնակիցները երեկ կրկին նստեցին խաղատախտակների շուրջ: 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդիպեց առաջատարներից մեկիՙ Ադրբեջանի շախմատիստների հետ, որոնք բոլոր պարտիաներում վաստակած միավորներով ընդամենը կես միավորով էին զիջում հայ շախմատիստներին: Հուրախություն մեր մարզասերների, Հայաստանի հավաքականը սկզբունքային այդ մրցավեճում կարեւոր հաղթանակ տոնեց 2,5-1,5 հաշվով: Մեր թիմի հաղթանակն ապահովեց Վլադիմիր Հակոբյանըՙ երկրորդ խաղատախտակի վրա պարտության մատնելով Շահրիար Մամեդյարովին: Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ադրբեջանցիների առաջատար Թեյմուր Ռաջաբովի հետ, որն իր անհատական վարկանիշով 5 կետով զիջում էր հայ շախմատիստին: Հաշտություն կնքեցին նաեւ Տիգրան Պետրոսյանն ու Ռաուֆ Մամադովը: Վերջինն իրենց մրցավեճն ավարտեցին Գաբրիել Սարգսյանն ու Վագար Գասիմովը: Գաբրիելը մեկ զինվորի առավելություն ուներ եւ փորձում էր հաղթանակի հասնել, սակայն, ի վերջո, մրցակիցները հաշտություն կնքեցին: Ի դեպ, Ադրբեջանի հավաքականն առաջին պարտությունը կրեց մրցաշարում: 6 տուրից հետո Հայաստանի հավաքականը 11 միավորով ռուսների հետ գլխավորում է աղյուսակը: ՌԴ հավաքականը 3-1 հաշվով հաղթեց անգլիացիներին:

6-րդ տուրն անհաջող էր մեր շախմատիստուհիների համար, որոնք մրցում էին Ուկրաինայի հավաքականի հետ: Ավարտված առաջին երկու պարտիաներում մեր շախմատիստուհիները պարտություն կրեցին եւ հայտնվեցին ծանր իրավիճակում: Առաջին խաղատախտակի վրա Էլինա Դանիելյանը զիջեց Կատերինա Լահնոյին, իսկ Լիլիթ Գալոյանը պարտվեց Նատալյա Զդեբսկայային:

Ցավոք, մյուս երկու պարտիաներում մեր աղջիկներին չհաջողվեց շտկել իրավիճակը: Ավելին, Լիլիթ Մկրտչյանը պարտվեց Նատալյա Ժուկովային եւ միայն Նելլի Աղինյանի ոչ-ոքի արդյունքի շնորհիվ մեր հավաքականին հաջողվեց կես միավոր վաստակել: Աղինյանի մրցակիցը Աննա Ուշենինան էր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4