Եվ այսպես, վերջապես ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի 17-րդ առաջնությունը, որի վերջաբանը լուրջ խորհրդածությունների տեղիք պետք է տա: Խոսքը հանդիպման մրցավար Արարատ Ճաղարյանի մրցավարության մասին է, որը ժամանակ առ ժամանակ վեր էր ածվում իսկական խեղկատակության: Մարզադաշտ հաճախած փոքրաթիվ ֆուտբոլասերների մոտ դեռեւս խաղից առաջ մտավախություն կար, որ հանդիպման մրցավարն ամեն կերպ աջակցելու է «Փյունիկին» հերթական անգամ նվաճելու երկրի չեմպիոնի տիտղոսը: Ցավոք, նրանք չսխալվեցին: Ողջ հանդիպման ժամանակ Արարատ Ճաղարյանն իր կողմնակալ գործողություններով փորձում էր օգնել «Փյունիկին» հասնել հաջողության: Խաղային շատ դրվագներում, երբ փյունիկցիները բացահայտորեն խախտել էին կանոնները, մրցավարի սուլիչը, ի զարմանս բոլորի, լռում էր:
Հիմնական իրադարձությունները տեղի ունեցան ընդմիջումից հետո: Կրկին իր վճռորոշ խոսքն ասաց փոխարինման մտած Ալբերտ Թադեւոսյանը, որը 67-րդ րոպեին գլխի հարվածով բացեց հաշիվը: Ի պատիվ արարատցիների, նրանք ոչ միայն մրցավարի կողմնակալ գործողություններից, այլեւ բաց թողած գոլից հետո էլ չընկճվեցին եւ ընդամենը 2 րոպե անց վերականգնեցին հավասարակշռությունը: Սակայն արարատցիները դեռ չգիտեին, թե առջեւում իրենց ինչ նոր փորձություն է սպասում: 82-րդ րոպեին Ճաղարյանը 11 մ հարված նշանակեց «Արարատի» դարպասինՙ գտնելով, որ «Փյունիկի» հարձակվողի դեմ «Արարատի» պաշտպանը կոպիտ է խաղացել: Սակայն արդարությունը հաղթանակեց. «Փյունիկի» ավագ Սարգիս Հովսեփյանի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասի հորիզոնական ձողին: Հաջորդ պահին «Արարատը» խաղադաշտում մնաց 10 հոգով. դաշտից հեռացվեց Արտակ Գրիգորյանը:
Նման պայմաններում արարատցիներին, իհարկե, շատ դժվար էր պայքարել «Փյունիկի» դեմ: Արարատցիները, հատկապես պաշտպանները, փորձում էին շատ զգույշ խաղալ մրցակցի դեմՙ վախենալով նոր 11 մետրանոց հարվածի նշանակումից: Նրանք մինչեւ վերջ պայքարեցին եւ, իրոք, արժանի են դրվատանքի: Արժանին մատուցենք նաեւ «Փյունիկի» երիտասարդ ֆուտբոլիստներին, որոնք մինչեւ վերջ պայքարեցին եւ խաղավերջում կարողացան կորզել հաղթանակը: Կրկին աչքի ընկավ Ալբերտ Թադեւոսյանըՙ դարձյալ գլխի հարվածով խփելով այս առաջնության իրոք «ոսկե» գոլը: «Փյունիկը» 11-րդ անգամ նվաճեց հանրապետության չեմպիոնի տիտղոսը, որի առթիվ շնորհավորում ենք:
Բազմիցս նշել ենք, որ «Փյունիկը» բնավ էլ մրցավարների օգնության կարիքը չունի: Նման կողմնակալությամբ մրցավարները գցում են թիմի վարկը եւ բազում երկրպագուների մոտ հակակրանք ստեղծում «Փյունիկի» հանդեպ: Նման զգացում էր երեկ նաեւ «Հանրապետական» մարզադաշտում: Խաղից հետո տրիբունաներում հավաքված հանդիսականներից շատերը «Արարատ», չեմպիոն», «Արարատ», չեմպիոն» բացականչություններով ճանապարհեցին ֆուտբոլիստներին: Իրոք որ, արարատցիներն ընթացիկ մրցաշրջանում արժանի էին չեմպիոնի տիտղոսին: Եվ չնայած թիմի առջեւ ժամանակ առ ժամանակ ստեղծված արհեստական տարբեր խոչընդոտներին, արարատցիները մինչեւ վերջ պայքարեցին չեմպիոնության համար: Եվ հենց նրանց շնորհիվ երկար տարիներ անց առաջնությունում ոսկե մեդալների համար պայքարում կրկին ինտրիգ ստեղծվեց: Ցավոք, խաղի մրցավարությունը փչացրեց մրցաշրջանից ընդհանուր տպավորությունըՙ ցավ պատճառելով հայկական ֆուտբոլի ճակատագրով մտահոգված բազում ֆուտբոլասերների:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ