«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2008-11-18 | #214, 2008-11-19 | #215, 2008-11-20


ՍՏԵՂԾՎԵԼ Է ԿԱՅՈՒՆ ԹԻՄ

Այսպիսին է Ռաֆայել Մեհրաբյանի կարծիքը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր գոհունակությունը հայտնեց Լիվերպուլում անցկցված Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկների ելույթներից: Դեռեւս մինչեւ մրցումների մեկնելը գլխավոր մարզիչը հայտարարել էր, որ օլիմպիադայում բրոնզե մեդալ նվաճելը հաջողությունների սկիզբն է եւ այն շարունակություն էր ունենալու Լիվերպուլում: Եվ եթե կողմնակալ մրցավարությունը չլիներ, ապա 3 մեդալի փոխարեն Հայաստանի պատվիրակները 5 պարգեւի կարժանանային: Ըստ Մեհրաբյանի, մրցանակակիր կդառնային նաեւ Ազատ Հովհաննիսյանն ու Անդրանիկ Հակոբյանը:

Գլխավոր մարզիչը գոհ էր ոչ միայն մեդալներ նվաճած բռնցքամարտիկներից, այլ նաեւ պարտվողներից: Վերջիններիս մրցակիցներն ուժեղ մարզիկներ էին եւ դարձան կամ Եվրոպայի չեմպիոններ, կամ մրցանակակիրներ: Ռաֆայել Մեհրաբյանը հատկապես առանձնացրեց Ցոլակ Անանիկյանին (91 կգ), որը վերջին մենամարտերը վնասվածքով էր վարել: Ըստ նրա, Ցոլակը հեռանկարային բռնցքամարտիկ է եւ լուրջ վերաբերմունքի ու քրտնաջան աշխատանքի դեպքում կարող է մեծ հաջողությունների հասնել:

Գլխավոր մարզիչը համարում է, որ ստեղծվել է կայուն թիմ, որում հիմնականում երիտասարդ բռնցքամարտիկներ են ընդգրկված, որոնց 90 տոկոսը հնարավորություն ունի մասնակցելու հաջորդ օլիմպիադային: Իհարկե, դեռեւս շատ անելիքներ կան իրոք մարտունակ թիմ ստեղծելու ճանապարհին: Հարկավոր է քաշային յուրաքանչյուր կարգում մրցակցություն ստեղծել: 51, 69, 75 կգ քաշային կարգերում կան երիտասարդ, հեռանկարային բռնցքամարտիկներ: Աշխատանքներ պետք է տարվեն նաեւ 81 կգ եւ գերծանր քաշային կարգերում ուժեղ բռնցքամարտիկներ պատրաստելու եւ նրանց ազգային հավաքականում ընդգրկելու համար: Այդ դեպքում մեր հավաքականը հետագայում մրցումների կարող է մասնակցել լրիվ կազմովՙ քաշային 11 կարգերում:

Ռաֆայել Մեհրաբյանը կարեւորեց նաեւ ազգային եւ երիտասարդական հավաքականների անդամների համատեղ մարզումների, ուսումնամարզական հավաքների անցկացման անհրաժեշտությունը: Սակայն ֆինանսական միջոցների սղությունն առայժմ այդ հնարավորությունը չեն տալիս: Այս առնչությամբ բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը նշեց, որ ֆեդերացիան աշխատում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ հայթայթել հարցի դրական լուծման համար, որպեսզի մեր բռնցքամարտիկները հնարավորություն ունենան ավելի շատ միջազգային մրցումների մասնակցել:

Դերենիկ Գաբրիելյանն անդրադարձավ նաեւ Եվրոպայի առաջնության մրցավարությանը: Նա եւս հաստատեց, որ մեր երկու բռնցքամարտիկները մրցավարության զոհ դարձավ, դա բացատրելով մրցավարների ոչ պրոֆեսիոնալ մոտեցմամբ: Ըստ նրա, իմաստ չուներ 500 եվրո ծախսելբողոքարկման համար, քանի որ նմանատիպ դեպքերը ոչ մի արդյունքի չէին հանգեցրել: Լիվերպուլում լուրջ խոսակցություն է ընթացել մրցավարության հիմնախնդիրների մասին: Առաջարկվել է, որպեսզի մրցավարները հատուկ քննություն հանձնեն եւ միայն արտոնագիր ստացածներին թույլատրվի սպասարկել միջազգային մրցումները: Դերենիկ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարվա մայիսի 22-31-ը Երեւանի մարզահամերգային համալիրում անցկացվելու է բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունը: Իսկ մինչ այդ, դեկտեմբերի 6-ին նույն մարզասրահում տեղի կունենա Հայաստանի եւ Ռուսաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականների ընկերական մրցախաղը:

Հանդիպմանը ներկա էին նաեւ լիվերպուլյան ռինգի մեր հերոսները, որոնք հակիրճ ներկայացրին իրենց զգացումները:

Ցոլակ Անանիկյան-Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելիս հավատում էի, որ կարող եմ հաջող հանդես գալ լիվերպուլյան ռինգում: Մարզիչներս էլ հավաստիացնում էին, որ լավ մարզավիճակում եմ: Հուսով ու հավատով էի ռինգ դուրս գալիս: Եվ դա օգնեց ինձ առավելության հասնել մրցակիցներիս նկատմամբ: Ափսոս միայն, որ եզրափակիչում էլ չհաջողվեց հաղթել: Փոխարենը կձգտեմ հաջորդ մրցումներում, ինչպես նաեւ օլիմպիական խաղերում հաջողության հասնել:

Էդուարդ Համբարձումյան-Օլիմպիադայում չէր հաջողվել մեդալ նվաճել, ուստի ցանկանում էի այդ բացը լրացնել Եվրոպայի առաջնությունում, որին լավ էի նախապատրաստվել: Շնորհակալ եմ մարզիչներից, որ մեզ լավ էին նախապատրաստել այդ մրցումներին: Բոլոր տղաներն էլ իրենց լավ դրսեւորեցին: Ուրախ եմ նաեւ, որ մեր հավաքականը թիմային հաշվարկում 3-րդ տեղը զբաղեցրեց:

Հովհաննես Դանիելյան-Հավատում էի, որ մեդալ կնվաճեմ, ինչը չէր հաջողվել Պեկինում: Լավ էի մարզվել, ուսումնամարզական հավաքներն էլ նպաստեցին լավ մարզավիճակի ձեռքբերմանը: Ուրախ եմ նաեւ, որ ռեւանշի հասա մրցակցիս նկատմամբ անցյալ տարի կրած պարտության դիմաց:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4