«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2008-11-19 | #215, 2008-11-20 | #216, 2008-11-21


ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ am ՏԻՐՈՒՅԹՈՒՄ

Տեղեկատվական պատերազմում Ադրբեջանը նախահարձակ է

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ

Հայկական am տիրույթում կայք կարող են ձեռք բերել նաեւ Ադրբեջանի քաղաքացիները: Մեկ տարվա համար վճարելով ընդամենը 13.000 դրամ, աշխարհի ամեն մի երկրի քաղաքացի կարող է հայկական am տիրույթում գնել սեփական կայքը: «Սա բիզնեսի օրենք է: am տիրույթում գտնվող կայքերը մեր ապրանքն են, որը եւ վաճառում ենք: Որեւէ երկրում on-line տարբերակով մարդիկ կարող են այն գնել», ասաց Ինտերնետ միության տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը:

ԵՊՀ դասախոս Դավիթ Ալավերդյանը, որ դասավանդում է «Տեղեկատվական պատերազմներ» առարկան, համոզված է, որ տեղեկատվական պատերազմում Ադրբեջանը շատ ավելի ակտիվ է եւ նախաձեռնող, իսկ համացանցն այս մարտում նրանց ձեռքին հզոր գործիք է: «Ադրբեջանցիներն այս տեղեկատվական պատերազմում ահռելի գումարներ են ծախսում: Նրանք գործում են միանգամից մի քանի ուղղությամբ: Գրեթե բոլոր տեղեկատվական կայքերն ունեն անգլերեն ու ռուսերեն տարբերակներ: Սակայն սա էլ բավական չէ. ադրբեջանցիներն ունեն ռադիոհաղորդումներ հայերեն լեզվով, www.irevan-az.com վեբկայքը եւս հայերեն է, ընդ որում հրաշալի հայերենով: Այսպիսով, նրանք փորձում են ապատեղեկատվություն տարածել նաեւ հայալեզու լսարանում եւ ապակողմնորոշել: Սակայն սա էլ բավական չէ, նրանք սեփական կայքն ունեն նաեւ am տիրույթում: Սա արդեն անթույլատրելի է եւ դուրս տրամաբանությունից», ասաց Դավիթ Ալավերդյանը:

«www.xronika.am կայքն ադրբեջանցիների վերահսկողության ներքո է», վստահ է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Կայքն am տիրույթում գործում է 2008-ի մարտից, գնորդը ոմն Մայքլ Էդվանսն է: Առաջին լուրջ ապատեղեկատվությունը, որ տարածվեց կայքի միջոցով, այս տարվա օգոստոսին էր, ռուս-վրացական պատերազմի ժամանակ: «Երեւանը Ջավախեթիում եւ Սվեմո-Քարթլիում զենք է բաժանում» վերտառությամբ հոդված էր դրվել: Նշվում էր, որ Ջավախքում եւ Սվեմո-Քարթլիում կազմավորվել են մարտական խմբեր, որոնք պատրաստ են դուրս գալ վրացական իշխանությունների դեմ: Դեռ ավելին, նշվում էր, որ նրանք ունեն պաշտոնական Երեւանի աջակցությունը: Այս ինֆորմացիան տարածեցին ադրբեջանական մյուս լրատվամիջոցները` հղում կատարելով, այսպես կոչված, հայկական www.xronika.am կայքին: Շատ արագորեն այն դարձավ ամենաընթերցվող եւ հղում կատարվող կայքերից մեկը», նշեց Սամվել Մարտիրոսյանը: Սակայն սա միակ հանգամանքը չէ, որն ապացուցում է կայքի` ադրբեջանական քարոզչության գործիք լինելը: «Նախորդ տարվա օգոստոսին ադրբեջանական ԶԼՄ-ներով տեղեկություն տարածվեց, որ հայկական հակերները կոտրել են Ադրբեջանի Տնտեսական եւ սոցիալական զարգացման կենտրոնի կայքը: Նշվում էր, թե իբր այնուհետեւ հայ հակերներն այդ կայքը փոխարինել են հայկական xronika.com հասցեով: Ադրբեջանցիների խաղը պարզ դարձավ, երբ ոմն Արթուր Օհանյան սկսեց էլեկտրոնային նամակներ տարածել այն հայ հասցեատերերին, ովքեր բավականին ակտիվ են համացանցում: Նամակում նա առաջարկում էր ծանոթանալ Ադրբեջանի մասին պատմող նյութին, որը տեղակայված է հենց xronika.com հասցեում: Նամակը վարակված էր վիրուսով, որը հնարավորություն էր տալիս պարզելու ծածկագրերը, իսկ Արթուր Օհանյան անվան ներքո հանդես է գալիս ադրբեջանցի հակեր Բաջիօղլուն: xronika.com-ը դադարեց գործել հունվարից, որովհետեւ մենք արդեն պարզել էինք, որ ադրբեջանական է եւ անիմաստ էր դարձել գործունեությունը: Սակայն արդեն մարտից սկսեց գործել xronika. am-ը, որն առավել ակտիվ էր դառնում այն շրջանում, երբ մեզ մոտ սրվում էր քաղաքական իրավիճակը: Առաջին հայացքից կայքն այդ տպավորությունը չի թողնում, քանի որ այնտեղ լուրեր են տեղադրվում ողջ տարածաշրջանի մասին, սակայն հարկ եղած դեպքում իր նպատակին ծառայում է, ինչպես եղավ օգոստոսին», նշեց Սամվել Մարտիրոսյանը:

Հայկական կողմը տեղեկատվական այս պատերազմում դեռեւս տանուլ է տալիս: Ադրբեջանական կողմից ակտիվորեն տարածող ապատեղեկատվությունը հայկական կողմը գերադասում է պարզապես անտեսել: «Տեղեկատվական պատերազմն ուղղակիորեն ազդում է մեր ազգային անվտանգության վրա: Դեռ ավելին, հայկական լրատվական կայքեր կան, որոնք պարզապես զբաղված են ադրբեջանական կայքերում տեղադրված ինֆորմացիան արտատպելով: Եվ պատահական չէ, որ կարող ես հայկական լրատվամիջոցներում հանդիպել Խանքենդի անվանը, որը նույն Ստեփանակերտն է ադրբեջաներեն, կամ էլ ԼՂՀ-ն գրվում է չակերտների մեջ», ասաց Դավիթ Ալավերդյանը:

Ի՞նչն է խանգարում հայկական կողմին պարզապես դադարեցնելու www.xronika.am-ի գործունեությունը: Ինտերնետ միության տնօրենը նշեց, որ կայքերի գործունեությունը կարելի է դադարեցնել միայն դատարանի որոշման դեպքում: «am տիրույթում գործող կայքերը ենթարկվում են հայաստանյան եւ միջազգային օրենքներին: Եթե խախտվում են այդ օրենքները, ապա դատարանի որոշումը հիմք ընդունելով մենք կարող ենք դադարեցնել կայքերի գործունեությունը: Ինչ վերաբերում է ապատեղեկատվությանը, ապա ո՞վ կարող է ապացուցել, որ դա, ասենք, ինչ-որ հայի հիվանդ երեւակայության արդյունքը չէ: Փակելով խնդիրը չի լուծվի, հարկավոր է նույն զենքով պայքարել», նշեց Անդրանիկ Ալեքսանյանը:

Տեղեկատվական անվտանգության մասնագետները դեռեւս մատնանշում են միայն www.xronika.am-ը որպես ադրբեջանցիների կողմից վերահսկվող կայք, սակայն չեն բացառում, որ դրանց թիվը հայկական տիրույթում շատ ավելին լինի: Անդրանիկ Ալեքսանյանի փոխանցմամբ, am տիրույթում մինչ օրս վաճառվել է 10.000 կայք:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4