Աճի նվազման միտումներ են նկատվում ծառայությունների եւ շինարարության ոլորտներում
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալներով, այս տարվա հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական աճը կազմել է 9,2 տոկոս: Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) գերազանցել է 3 տրիլիոն դրամի սահմանը: Նշենք, որ այս տարվա ընթացքում, բացառությամբ գարնանային մեկ-երկու ամիսները, տնտեսական աճը գտնվել է 10 տոկոսի սահմաններում: Մինչդեռ հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ որոշակի անկում է արձանագրվել:
Վերջին տարիներին ավանդաբար աճի ամենաբարձր ցուցանիշ ապահովող շինարարության եւ ծառայությունների ոլորտներում աճի տեմպերը նվազել են: Մասնավորապեսՙ շինարարությունում աճը կազմել է 6,9 տոկոս, ծառայությունների ոլորտումՙ 13,3 տոկոս: Հոկտեմբերին հատկապես նկատելի է եղել շինարարության ծավալների նվազումըՙ մոտ 41 տոկոսով սեպտեմբերի համեմատ:
Բարեբախտաբար, արդյունաբերությունն ավելացրել է աճի տեմպերը: Աճն այստեղ հունվար-հոկտեմբերին կազմել է 4 տոկոս: Առանց էլեկտրաէներգիայի արտադրության արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 2,5 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 5,8 տոկոսով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը հունվար-հոկտեմբերին աճել է 1,8 տոկոսով, մանրածախ առեւտրաշրջանառությունըՙ 7,9 տոկոսով:
Արտաքին առեւտրաշրջանառությունը 2008-ի 10 ամիսներին ավելացել է 31,5 տոկոսով եւ կազմել 4 մլրդ 520 մլն դոլար: Արտահանման ծավալները որոշակիորեն (0,9 տոկոսով) աճել են, հասնելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշինՙ 941 մլն դոլարի:
Ներմուծումը կազմել է 3 մլրդ 579 մլն դոլար, աճելով 42,8 տոկոսով:
Արտահանման-ներմուծման բացասական հաշվեկշիռը կազմել է 2 մլրդ 638 մլն դոլար: Ներմուծման մեջ շարունակում են գերակշռել ավտոմեքենաները, սարքավորումները եւ հանքահումքային ապրանքները:
Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում օգոստոսին կազմել է մոտ 89 հազար դրամ, մասնավոր հատվածումՙ 110 հազար դրամ, բյուջետայինումՙ մոտ 63 հազար դրամ: Աշխատավարձերի միջին աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 19,8 տոկոս:
Ա. Մ.