«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2008-11-19 | #215, 2008-11-20 | #216, 2008-11-21


ԱՆԵԼԻՔՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ` ԵՎՍ

Աշխատանքի տասն ամիսներն է ամփոփում քաղաքաշինության նախարարությունը

Մեր երկրում ապրելը դեռեւս հարմար չէ: Ապրելու հարմար երկիր դարձնելու նախագահի խոսքերը քաղաքաշինության նախարարի ուշադրության կենտրոնում են, թեպետ նույն այդ հարմարությունը դեռեւս հեռու է իրականությունից, գոնե քաղաքաշինական տեսանկյունից: Նախարարն ինքն էլ չի ժխտում: Իսկ հարմար դարձնելու համար նախարարությունում որոշակի աշխատանք կատարել են: Նախարարը տարբերակում է ձեռնարկված քայլերից երկուսը. «Ստեղծվել է քաղաքաշինական խորհուրդը, որը նպատակ ունի հասարակությանը մասնակից դարձնելու քաղաքաշինական քննարկումներին եւ գտնելու ճիշտ լուծումներ: Երկրորդ քայլը միտված է հանրապետության ինքնատիպ դիմագիծ ունեցող քաղաքներում, ինչպիսիք են, օրինակՙ Գորիսը, Ջերմուկը, կատարվող կառուցապատման ուղղությամբ խիստ հսկողություն սահմանելուն»:

Մայրաքաղաքում ապօրինի շինարարության դեմ պայքարելու համար նախարարությունում անգամ սկսել են օրենք մշակել: Օրենքի նախագիծն արդեն պատրաստ է եւ ներկայացվելու է կառավարության քննարկմանը: Այս օրենքն ընդլայնելու է քաղաքաշինության նախարարության լիազորություններն ապօրինի շինարարության դեմ պայքարում: Ապօրինի շինարարություն իրականացնելու համար սահմանվելու են տույժեր, անգամ գործը կարող է հասնել քրեական պատասխանատվության: Իսկ որ այս ոլորտում իսկապես լուրջ բացթողումներ կան, նախարար Վարդան Վարդանյանն ընդունում է: «Վարչապետն ինձ եւ Երեւանի քաղաքապետին հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել ապօրինի շինարարությունների թիվը եթե ոչ ամբողջությամբ վերացնելու, գոնե նվազագույնին հասցնելու համար», ասաց նախարարը: Ապօրինի շինարարության վերաբերյալ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանի ահազանգը նախարարի համար ընդունելի է: Պատգամավորի դիտարկումներն ուսումնասիրվելու են, իսկ ապօրինի շինությունները քանդվելու են: Ասուլիսի ընթացքում գոնե նախարարից այս ուղղությամբ հավաստիացումների պակաս չեղավ:

Վերահսկիչ պալատի վերջին բացահայտումների համաձայն, քաղաքաշինության նախարարությունում հայտնաբերվել են 117 մլն դրամի խախտումներ: Հայտնել էին նաեւ, որ 37 մլն դրամ արդեն վերադարձվել է պետական բյուջե: Վարդան Վարդանյանն այս հարցում ունի իր տեսակետը. «Վերահսկիչ պալատի ներկայացրած տվյալներին մենք համաձայն չենք եւ ես պաշտոնապես հայտարարում եմ. նախարարությունը ոչ մի դրամ պետական բյուջե չի վերադարձրել: Պատճառը պարզ է . մենք այդ գումարների հետ առնչություն չունեինք: Վերահսկիչ պալատը նախապես խոսում էր 600 մլն դրամի մասին, հետո այդ գումարը դարձավ 300 մլն, այժմ էլ դարձել է 117մլն»:

Քաղաքաշինության նախարարությունում 2009 թվականի բյուջեն արդեն հաշվարկել են եւ կազմել ծրագրերը: Այժմ սպասում են Ազգային ժողովի հաստատմանը: Իսկ 2008-ի կարեւորագույն հաջողություններից մեկը նախարարությունում համարում են աղետի գոտու վերականգնման հայեցակարգի ընդունումը: «Մինչեւ 2013 թվականը աղետի գոտում բնակարանաշինության խնդիրը լուծված կլինի, Գյումրիում կկառուցվի 3500 բնակարան», վստահեցրեց քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:

Քաղաքաշինության նախարարության 2009 թվականի հատկացումները կազմելու են 29 միլիարդ 400 միլիոն դրամ, ինչը 58 տոկոսով ավելին է նախորդ տարվա համեմատությամբ: 4.5 մլրդ դրամը միայն հատկացվելու է բնակարանների գնման վկայագրերի ծրագրին: Հաջորդ տարի ԲԳՎ կտրվի 653 ընտանիքի, որոնցից 522-ն ապրում են աղետի գոտում: Աղետի գոտում եւ մայրաքաղաքում իրականացվող շինարարության որակը, նախարարի հավաստմամբ, ուշադրության կենտրոնում է: Միայն Վերահսկիչ պալատը չէ, որ ստուգումներ է իրականացնում: Նախարարությունը եւս 1200 շինարարական օբյեկտներում ստուգումներ է իրականացրել: 32 մլն դրամի տուգանք է գրանցվել, իսկ 11 կազմակերպություն ընդհանրապես զրկվել է լիցենզիայից:

Չնայած լրագրողների ցուցաբերած հետաքրքրությանը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող նախարարը նույն կուսակցության նախագահի հետ իր հարաբերությունները հանրության քննարկմանը չի ցանկանում ներկայացնել: «Չեմ ուզում անձնական հարաբերությունները քննարկել մամուլի միջոցով: Միայն կարող եմ ասել, որ իմ հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի հետ այնպիսին են, ինչպիսին եղել են», հայտարարեց նախարարը:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4