«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2008-11-19 | #215, 2008-11-20 | #216, 2008-11-21


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՐՋ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հերթականՙ 7-րդ տուրում բոլորի ուշադրության կենտրոնում երկու առաջատարներիՙ Հայաստանի եւ Ռուսաստանի տղամարդկանց հավաքականների մրցավեճն էր: Երկու թիմերն էլ վաստակել էին 11-ական միավոր եւ գլխավորում էին աղյուսակը: Այդ մրցախաղում հաղթանակի արժեքը բավական բարձր էր: Կողմերից յուրաքանչյուրի հաջողության դեպքում չեմպիոնի տիտղոսին արժանանալու հնարավորությունները մեծապես աճելու էին: Ուստի սպասվում էր համառ ու անզիջում մրցապայքար:

Հայաստանի հավաքականը կրկին գերազանց խաղաց ու 2,5-1,5 հաշվով անչափ կարեւոր հաղթանակ տոնեց: Անշուշտ, առաջին հերթին ուշադրության կենտրոնում էր թիմերի առաջատարներ Լեւոն Արոնյանի եւ Վլադիմիր Կրամնիկի մրցավեճը: Վերջինս Վիշվանաթան Անանդին շախմատային թագի համար մրցախաղում զիջելուց հետո առայժմ այնքան էլ լավ մարզավիճակում չէ: Նախորդ տուրում նա իր անդրանիկ հաղթանակն էր տոնել օլիմպիադայումՙ պարտության մատնելով անգլիացի Նայջլ Շորթին:

Արոնյանն ու Կրամնիկն առաջինն ավարտեցին իրենց մրցավեճըՙ գրանցելով ոչ-ոքի: Որոշ ժամանակ անց նրանց օրինակին հետեւեցին Տիգրան Պետրոսյանն ու Դմիտրի Յակովենկոն: Մեր թիմի հաղթանակը ապահովեց օլիմպիադայում Գաբրիել Սարգսյանը, որը պարտության մատնեց Ալեքսանդր Գրիշչուկին: Հակոբյան-Սվիդլեր պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Այսպիսով 7 տուրից հետո մեր հավաքականը 13 միավորով միանձնյա գլխավորեց աղյուսակը եւ չեմպիոնության լուրջ հայտ ներկայացրեց:

Հայ շախմատիստուհիները 3-1 հաշվով հաղթեցին ավստրիացիներին: Մեր թիմից հաղթանակներ տարան Նելլի Աղինյանն ու Լիլիթ Գալոյանըՙ առավելության հասնելով համապատասխանաբար Քրիստինա Կոպինիցի եւ Յուլյա Նովկովիչի նկատմամբ: Առաջին խաղախատախտակի վրա Էլինա Դանիելյանին փոխարինած Լիլիթ Մկրտչյանը հաշտություն կնքեց Եվա Մոզերի հետ: Խաղաղ դաշն կնքեցին նաեւ Սիրանույշ Անդրեասյանն ու Հելենա Միրան:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4