Մեքսիկացի Ռաուլ Մարկեսին հաղթելուց հետո խոսակցություններ էին գնում, որ Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը լինելու է գերմանացի Ֆելիքս Շտուրմը, որը կրում է միջին քաշում WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Վերջինս հայտարարել է, որ Աբրահամն իրեն մրցակից չէ եւ աշխարհում հայտնի է միայն կոտրած ծնոտով Էդիսոն Միրանդայի հետ մենամարտի շնորհիվ:
«Ի տարբերություն ինձ, Արթուրն էլիտար բռնցքամարտիկների շարքին չի դասվում: Նա հանրահայտ է դարձել շնորհիվ իր ջարդած ծնոտի, մինչդեռ ես անվանի բռնցքամարտիկ եմ իմ ցուցադրած մենամարտերի շնորհիվ: Ուստի նրան բնավ էլ ինձ մրցակից չեմ համարում: Նրա ցուցադրած բռնցքամարտը ցածրակարգ է: Աբրահամի հետ մենամարտն ինձ համար հասարակ մրցավեճ կլինի: Նրա միակ զենքը նոկաուտի ենթարկող ուժգին հարվածն է: Դա միակ բանն է, որ Արթուրը կարող է ինձ հակադրել: Ես հաճույքով կմենամարտեմ նրա հետ: Իսկ ինչո՞ւ են աշխարհի լավագույն բռնցքամարտիկները նախընտրում մենամարտել ինձ հետ, այլ ոչ թե Արթուրի: Նա այս հարցը պետք է իրեն ուղղի: Նրա վարքագիծը պարզապես ծիծաղելի է: Եթե նա պատրաստ է ինձ հետ առանց փողի մենամարտելու, ապա թող պայմանագիր կնքի գումարից հրաժարվելու մասին եւ մենամարտը կկայանա: Մեր հավանական մենամարտի վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակումները բազմաթիվ են: Ոչ մի լուրջ գործարար թերթի միջոցով բանակցություններ չի վարում: Եթե Աբրահամի թիմը հաճախ է իմ անունը շոշափում, ուրեմն հարգում է ինձ», հայտարարել է Ֆելիքս Շտուրմը:
Իր հերթին Շտուրմի պրոմոութեր Կլաուս Պետեր Կոլը հիշեցրել է, որ դեռեւս սիրողական բռնցքամարտում Շտուրմը երկու անգամ հաղթել է Աբրահամին եւ պատրաստ է կրկին հաղթել արդեն պրոֆեսիոնալ ռինգում. «Ֆելիքսն աշխարհի բազմակի չեմպիոն Օսկար դե Լա Հոյայի հետ նրա լավագույն տարիներին հանդիպել է եւ բոլոր փորձագետների կարծիքով, հաղթել է նրան: Ուստի, նա արդեն հասել է այն ամենին, ինչին ձգտում է Արթուրըՙ Ամերիկայում ճանաչված լինելը: Չնայած Արթուրի հանդեպ իմ հարգանքին, նա Օսկար դե Լա Հոյայի վարպետությունը չունի: Գիտեմ, որ Արթուրն իր խոսքի տերն է: Եթե նա իրականում ցանկանում է առանց հոնորարի մրցել Ֆելիքսի հետ, ապա թող ստորագրի պայմանագիրը եւ մենամարտը կկայանա: Մենք շնորհակալությամբ կընդունենք նրա առաջարկը: Բոլորն անհամբերությամբ են սպասում Աբրահամ-Շտուրմ մենամարտին»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ