«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2008-11-20 | #216, 2008-11-21 | #217, 2008-11-22


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՆ

Արցախում կա միասնական դիրքորոշում. «ԼՂՀ միջազգային ճանաչում անվտանգության ազգային համակարգի գերակայությամբ»

ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը հրավիրված ասուլիսի ընթացքում առաջին հերթին հայտարարեց, որ իր պատասխանները չեն ներկայացնում ԼՂՀ-ի պաշտոնական դիրքորոշումը, այլ մասնավոր անձի` Վահրամ Աթանեսյանի կարծիքը: Սակայն անգամ սեփական կարծիքը ներկայացնելիս բանախոսն ակնհայտորեն զգուշավոր էր` խուսափելով երկար հայտարարություններից:

Նա հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրակարգում ներկայումս մեկ խնդիր կա` ԼՂՀ միջազգային ճանաչումն Արցախի ժողովրդի համար ընդունելի սահմաններում եւ անվտանգության ազգային համակարգի գերակայությամբ: Իսկ ընդունելի սահմաններն ամրագրված են սահմանադրությամբ, ազատագրված տարածքներն էլ սահմանադրությամբ որակված են անվտանգության գոտի: Արցախի միջազգային ճանաչման վերաբերյալ ԼՂՀ խորհրդարանում լսումներն սկիզբ են առել դեռ երկու տարի առաջ եւ շարունակվում են մինչ օրս: «Լսումների երկրորդ փուլը շուրջ երկու շաբաթ առաջ էր», ասաց Վահրամ Աթանեսյանը: Թեեւ ԼՂՀ-ն կարգավորման գործընթացում բանակցային կողմ չէ, այնուհանդերձ ԼՂՀ ԱԺ պատգամավորը բացառեց պաշտոնական Երեւանի կողմից կարգավորման որեւէ տարբերակի պարտադրման հնարավորությունը: Մոսկովյան հռչակագրի ստորագրումը, Վահրամ Աթանեսյանի համոզմամբ, չի կարող հանդիսանալ կարգավորում կանխորոշող փաստաթուղթ: «Եթե հակամարտությունը կարգավորող հստակ պայմանագիր լինի, ապա ԼՂՀ-ի ստորագրությունը կլինի այդ փաստաթղթի ներքո», ասաց բանախոսը: ԼՂՀ-ի` որպես լիարժեք բանակցային կողմ հանդես գալուն միանշանակ կողմ է, սակայն համոզված է, որ բանակցություններին մասնակցելն իմիտացիա չպետք է լինի: «ԼՂՀ-ն բանակցությունների լիարժեք կողմ չէր անգամ 1994-1997 թվականներին: ԼՂՀ արտգործնախարարի հետ բանակցում էր Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ղեկավարը: Այդ տարիներին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, առանց ԼՂՀ-ի, պարբերաբար հանդիպում էին եւ քննարկում բանակցությունների ընթացքը: Մենք ցանկանում ենք լինել լիարժեք բանակցող կողմ, երբ ԼՂՀ արտգործնախարարի հետ կբանակցի Ադրբեջանի արտգործնախարարը, իսկ նախագահի հետ` նախագահը», ասաց Վահրամ Աթանեսյանը:

Այն կարծիքը, թե իբր Արցախում խուճապ է տիրում ազատագրված տարածքները չհանձնելու դեպքում պատերազմի վերսկսման հնարավորությունից, Վահրամ Աթանեսյանը միանշանակ չափազանցված է համարում: «Ես ընդհանրապես չեմ կիսում այն կարծիքը, թե հակամարտության կարգավորման հանգուցալուծումը մոտ է», նշեց Վահրամ Աթանեսյանը:

Հայաստանում սկիզբ առած քննարկումները թե՛ քաղաքական եւ թե՛ փորձագիտական մակարդակով բանախոսի մեջ միայն մեկ կարծիք է ձեւավորել. «Հայաստանյան իրականությունում չկա հակամարտության կարգավորման վերաբերյալ միասնական կարծիք»: Արցախում, ի տարբերություն Հայաստանի, միասնական դիրքորոշում կա, այն էՙ «ԼՂՀ միջազգային ճանաչումՙ անվտանգության ազգային համակարգի գերակայությամբ», վերահաստատեց բանախոսը: Նա նաեւ նշեց, որ Հայաստանի եւ Արցախի մոտեցումները տարբերվում են, ընդ որում տարբերվել են միշտ: Իսկ թե ինչ ազդեցություն կունենա դիրքորոշումների տարբերությունը, Վահրամ Աթանեսյանի պատասխանը մեկն է. «դրական»:

Իսկ «Ազգի» այն հարցին, թե ինչ կասի ԵԱՀԿ Մինսկի ռուսաստանցի համանախագահող Յուրի Մերզլյակովի հնչեցրած հայտարարության մասին, թե «համապատասխան փոխարինում գտնելու դեպքում, որը կներառի նաեւ միջազգային երաշխիքներ, տարածքները կարող են վերադարձվել», Վահրամ Աթանեսյանն ընդգծեց, որ միջնորդները կարող են տարբեր կերպ մեկնաբանել իրավիճակը, իսկ «ԼՂՀ-ն հակված չէ, որեւէ միջնորդի եւ փորձագետի կարծիքն ընդունել որպես գերակա ճշմարտություն»:

Նա հերքել է նաեւ «Միացում» նախաձեռնության անդամ Ալեքսանդր Քանանյանի հայտարարությունը, ըստ որիՙ ազատագրված տարածքներում վերաբնակեցման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում: «Վերաբնակեցման քաղաքականությունը շարունակվում է եւ Քարվաճառի շրջանում այժմ ավելի շատ մարդ է բնակվում, քան, օրինակ, 2005 թվականին, երբ ընտրվել եմ ԼՂՀ ԱԺ պատգամավոր», նշեց նա: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Քանանյանը վերաբնակվել է Քարվաճառում:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4