«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2008-11-20 | #216, 2008-11-21 | #217, 2008-11-22


«ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ Է, ՈՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ԱՊԱՀՈՎԵՆ ԳՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿԵՆ ԱՄԲՈՂՋ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴԱՇՏԸ»

Այս կարծիքը հայտնեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը

Հայկական դրամի 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում երեկ տեղի ունեցավ «Ֆինանսական կայունությունը փոփոխվող աշխարհում» թեմայով կլոր սեղանը, որին մասնակցում էին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն-կառավարչի տեղակալ Մուրիլո Պորտուգալը, ԱՄՀ գործադիր տնօրեն Ախե Բակկերը, բազմաթիվ երկրների կենտրոնական (ազգային) բանկերի նախագահներ կամ փոխնախագահներ:

Հանդես գալով բացման խոսքով, Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մասնավորապես ասաց, որ ներկայիս ճգնաժամը ֆինանսական կայունությունը պահպանելու գործում կենտրոնական բանկերի դերի հետ կապված նոր հարցեր է բարձրացնում: Նա նշեց, որ Հայաստանի նման երկրների համար առավել նպատակահարմար է, որ կենտրոնական բանկերը ե՛ւ ապահովեն գների կայունությունը, ե՛ւ իրականացնեն ամբողջ ֆինանսական դաշտի վերահսկողությունը, այլապես փոքր զարգացող տնտեսությունները մեծ գին կարող են վճարել ճգնաժամերի ժամանակ: ԿԲ նախագահը կարեւորեց այն հանգամանքը, որ կենտրոնական բանկերը պետք է ճիշտ հավասարակշռեն գների եւ ֆինանսական կայունության նպատակները:

ԱՄՀ տնօրեն-կառավարչի տեղակալ Մուրիլո Պորտուգալը նախ շնորհավորեց դրամի 15-ամյակի առթիվ, ապա` անդրադառնալով ֆինանսական ճգնաժամին, ասաց, որ ճգնաժամի պատճառով, որը դեռ շարունակվում է, համաշխարհային տնտեսության աճի տեմպերը գնալով դանդաղելու են. 2008-ին համար 3,7 տոկոսով, իսկ 2009-ինՙ 2,2 տոկոսով: ԱՄՀ-ն դրան արձագանքելու է մի շարք միջոցառումների իրականացմամբ:

Անդրադառնալով Հայաստանի կացությանը, Մուրիլո Պորտուգալն ասաց, որ նոր մարտահրավերներին դիմագրավելու համար Հայաստանը գտնվում է ամուր դիրքերում: Հիմնականում զերծ լինելով ֆինանսական վայրիվերումներից, Հայաստանում գնաճը համեմատաբար ցածր է, երկրի դիրքերը հարկաբյուջետային առումով ամուր են, իսկ իրականացվող քաղաքականության վարկունակությունն ամրագրված է վերջին 15 տարիների ընթացքում արձանագրված նվաճումներով, մասնավորապեսՙ պատշաճ մակրոտնտեսական քաղաքականությամբ եւ տարբեր ոլորտներում վճռական բարեփոխումների իրականացմամբ: Նա նշեց, որ ԱՄՀ-ն աջակցել է եւ աջակցելու է Հայաստանին թե՛ ֆինանսավորմամբ, թե՛ տեխնիկական աջակցությամբ:

ԱՄՀ գործադիր տնօրեն Ախե Բակկերն իր ելույթում անդրադարձավ փոքր զարգացող տնտեսությունների վրա ճգնաժամի հնարավոր ազդեցություններին: Նա նշեց, որ դրանք կարող են արտահայտվել առեւտրային հաշվեկշռի վատթարացմամբ, փոխանցումների եւ արտասահմանյան ուղղակի ներդրումների նվազմամբ: Հայաստանին դիմակայող հնարավոր արտաքին մարտահրավերների ցանկում նա նշեց փոխանցումների, ներդրումների, վարկային ռեսուրսների հնարավոր կրճատումները: Սակայն դրանց հետ մեկտեղ Ախե Բակկերը հիշատակեց դրական գործոնների մասին, որոնց թվում կարող են լինել ապրանքների ավելի ցածր գները, ներմուծման ծավալների կրճատումըՙ փոխանցումների նվազման պատճառով, դեպի բանկային համակարգ ներհոսքի աճը եւ արտաքին ֆինանսավորմամբ ենթակառուցվածքային բնույթի նոր նախագծերը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4