«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2008-11-20 | #216, 2008-11-21 | #217, 2008-11-22


ՆՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՕՐԵՐ»-Ի ԷՋԵՐՈՒՄ

Լույս է տեսել Պրահայում տպագրվող «Օրեր» ամսագրի հերթական համարը: Հարցազրույցներ աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայ արվեստագետների հետ, վերլուծություններ եւ հայկական տարբեր գաղթօջախներում ծավալվող աշխատանքների մասին պատմող նյութեր. խմբագիրն ու լրագրողները փորձել են այս ամենն ամփոփել մեկ համարում: «Մեր բոլոր հոդվածագիրներն ու զրուցակիցները` սփյուռքահայ թե հայաստանցի, խոսում են մի քանի կարեւոր թեմաների շուրջը` սեր, հայրենիք, ազատություն, արդարություն եւ սեփական ժողովրդով ու պետությամբ հպարտանալու կարողություն», խմբագրականում գրում է «Օրեր»-ի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը:

«Օրեր»-ի այս համարում ընթերցողների ուշադրությանն է ներկայացվում «Արմենիան ռիփորթեր» շաբաթաթերթի մեկնաբան Թաթուլ Հակոբյանի վերլուծականը` «Հայաստանը նոր զարգացումների խաչմերուկում» խորագրով: Մարտյան դեպքերից մինչեւ ֆուտբոլային դիվանագիտություն. դեպքերը հեղինակի տեսադաշտում են: Այս անգամ եւս ամսագրի ուշադրության կենտրոնում է Հայկական բարեգործական ընդհանուր միության գործունեությունը: Մայնի Ֆրանկֆուրտում բացվել է ՀԲԸՄ-ի առաջին գրասենյակը: Հեղինակը պատմում է այս իրադարձության մասին եւ ներկայացնում գրասենյակի ծրագրերը: Արծվի Բախչինյանը հանդիպել է մնջախաղի վարպետ Ռուզան Հակոբյանի հետ: Հարցազրույցը դերասանուհու կյանքի, անցած ուղու, երազանքների եւ նպատակների մասին է: «Գիտական» խորագրի ներքո ֆրանսահայ Ալեքսանդր Արորդի Վարպետյանը վերլուծում եւ բացահայտում է Գերմանիայի Նեբրա հնավայրում հայտնաբերված բրոնզե «երկնային սկավառակ» կոչվող պեղածոյի շուրջը ծավալվող պատմությունները: Իսկ գրող-հրապարակախոս Ալեքսանդր Թոփչյանն իր գրախոսականն է ներակայացնում ֆրանսիացի պատմաբան Ֆիլիպ Վիդըլեի «Թուրքական գիշեր» գրքի մասին: Հայերի բարեկամ ֆրանսիացի պատմաբանն իր գրքում պատմում է Հայոց ցեղասպանության մասին:

Ընթերցողներին կհետաքրքրի բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանի մասին պատմող հոդվածը: Իսպաներենով, հայերենով եւ անգլերենով ստեղծագործող բանաստեղծուհու թեկնածությունն առաջարկվել էր Նոբելյան մրցանակի: «Աշխարհի ամենածանոթ հայ հոգեբույժը. Հակոբ Ակիսկալ» վերտառությամբ հարցազրույցում Հակոբ Ակիսկալը պատմում է միջազգային հոգեբուժության եւ սեփական արմատների մասին: Այս համարում խմբագրի ուշադրության կենտրոնում է նաեւ ռեժիսոր Աննա Մելիքյանը: Ռեժիսորի «Ջրահարսը» ֆիմլը կներկայացվի «Օսկար» մրցանակի: Պրահայում անցկացվող «Ապոստրոֆ» միջազգային թատերական փառատոնին մասնակցել են Էդգար Էլբակյան թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ ռեժիսոր Արմեն Էլբակյանն ու դերասանուհի Աննա Էլբակյանը: Հարցազրույցն այս զույգի հետ պատմում է ոչ միայն նրանց ստեղծագործական ուղու, այլեւ անձնական կյանքի որոշ մանրամասների մասին:

Հետաքրքրական այլ պատմություններ եւս խմբագրակազմի դիտակետի ներքո են: Ամսագիրը գրավիչ կարող է լինել ոչ միայն սփյուռքի, այլեւ հայաստանյան ընթերցողների համար:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4