Կատերինա Ռոհոնյանն ամերիկացիներին փրկեց պարտությունից
Ռուսաստանի հավաքականի նկատմամբ տարած անչափ կարեւոր հաղթանակը Թուրինի օլիմպիադայի չեմպիոն հայ շախմատիստներին հնարավորություն ընձեռեց ռեալ կերպով պայքարելու ոսկե մեդալների համար: Մեր ընտրանին այդ հաղթանակի շնորհիվ 13 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: Հայ շախմատիստներին հետապնդող Գերմանիայի առաջին, Իսրայելի եւ Ֆրանսիայի հավաքականներն ունեն 12-ական միավոր: 8-րդ տուրում մեր ընտրանին կմրցի ֆրանսիացիների հետ, որոնք 2,5-1,5 հաշվով առավելության հասան Հնդկաստանի հավաքականի նկատմամբ: Ֆրանսիայի հավաքականն իր վարկանիշով 7-րդն է օլիմպիադայում: Հնդիկների նկատմամբ հաղթանակն ապահովեց Մաքսիմ Լագրավեն` պարտության մատնելով Պենտալա Հարիկրիշնային:
Տեղեկացնենք մյուս առավել կարեւոր մրցախաղերի արդյունքներին. Գերմանիա-1-Ռումինիա` 2,5-1,5, Չինաստան-Ուկրաինա` 2-2, Իսրայել-Իսպանիա` 3-1, ԱՄՆ-Հունգարիա` 2,5-1,5, Անգլիա-Ադրբեջան` 2-2, Հունաստան-Բելառուս` 2-2, Վիետնամ-Հոլանդիա` 2,5-1,5, Բուլղարիա-Ավստրալիա` 4-0: 11-ական միավորով 5-9-րդ տեղերում են Ռուսաստանի, Ուկրաինայի, Չինաստանի, Վիետնամի եւ ԱՄՆ-ի հավաքականները:
Դրեզդենում հայ շախմատիստներն իրոք որ ուժեղագույնն են: Այդ մասին է վկայում թեկուզ այն փաստը, որ անցկացրած 28 պարտիաներում նրանք ոչ մի պարտություն չեն կրել` տոնելով 12 հաղթանակ, 16-ն ավարտելով ոչ-ոքի: Սա աննախադեպ երեւույթ է օլիմպիադաների պատմության մեջ: Սա նաեւ հավաստում է, որ մեր թիմի անդամները հավասարաչափ ուժեղ են բոլոր խաղատախտակների վրա: Ինչպես եւ նախորդ օլիմպիադայում, այս անգամ էլ պարզապես գերազանց է խաղում Գաբրիել Սարգսյանը, որը իսկական մարտիկ է եւ պայքարում է մինչեւ վերջ: Նա թիմում լավագույն արդյունքի է հասել` 7 հնարավորից վաստակելով 6 միավոր (5 հաղթանակ, 2 ոչ-ոքի): Վստահ են հանդես գալիս նաեւ Տիգրան Պետրոսյանն ու Վլադիմիր Հակոբյանը` 5-ական միավոր 7 հնարավորից: Լեւոն Արոնյանի խնդիրն իհարկե ավելի բարդ է, քանի որ առաջին խաղատախտակի վրա նրան հարկ է լինում մրցել հիմնականում էլիտար գրոսմայստերների հետ: Նա 6 հնարավորից ունի 3,5 միավոր: Լեւոնը տոնել է մեկ հաղթանակ, 5 պարտիա ավարտել ոչ-ոքի: Մեր պահեստային խաղացող Արտաշես Մինասյանն էլ, որ ցանկացած պահի պատրաստ է փոխարինել խաղընկերներից որեւէ մեկին, անցկացրած մեկ պարտիան հաղթանակով է ավարտել:
Օլիմպիադայի ավարտին մնացել է չորս տուր: Հուսով ենք, որ հայ շախմատիստները նույնպիսի վստահ ելույթներով կշարունակեն պայքարը եւ ձեռքից բաց չեն թողնի 2-րդ անգամ անընդմեջ օլիմպիական չեմպիոն հռչակվելու գերազանց հնարավորությունը:
Առայժմ այնքան էլ վստահ հանդես չեն գալիս մեր աղջիկները, որոնք 7 մրցախաղերից 5-ում հաղթել են, 2-ում պարտվել ու ընթանում են 13-րդ տեղում: Մինչդեռ մեր թիմն իր վարկանիշով 6-րդն է: Որքան էլ որ անսպասելի է, իր հնարավորություններից ցածր է հանդես գալիս Էլինա Դանիելյանը` 6 հնարավորից վաստակելով ընդամենը 2,5 միավոր: Նա անցկացրած վերջին երեք պարտիաներում պարտվել էր, ուստի ավստրիացիների հետ խաղում մարզիչները նպատակահարմար գտան փոխարինել Էլինային: Առավել հաջող է խաղում Լիլիթ Մկրտչյանը, որը 7 հնարավորից 4,5 միավոր է վաստակել: 2-րդ ցուցանիշն ունի Լիլիթ Գալոյանը (6-ից 4 միավոր): Նելլի Աղինյանն ունի 3 միավոր (5-ից), իսկ Սիրանուշ Անդրեասյանը 4 պարտիաներում վաստակել է 2,5 միավոր: Նա մեր թիմում միակն է, որ դեռ չի պարտվել:
Կանանց մրցաշարի առաջատարը 13 միավորով Չինաստանի հավաքականն է: 7-րդ տուրում չին շախմատիստուհիներն անդրանիկ միավորը կորցրին` ոչ-ոքի խաղալով ԱՄՆ-ի ընտրանու հետ: Հետաքրքրական է, որ ամերիկուհիներին պարտությունից փրկեց թիմի կազմում հանդես եկող Կատերինա Ռոհոնյանը, որը հաղթեց Ժոնգի Թանին: Ի դեպ, դա միակ հաղթանակն էր ամերիկացիների կազմում: Ռոհոնյանը խաղում է չորրորդ խաղատախտակի վրա եւ բավական վստահ է հանդես գալիս` 6 հնարավորից վաստակելով 4 միավոր: Թիմի կազմում է նաեւ հայազգի մեկ այլ շախմատիստուհի` Տաթեւ Աբրահամյանը, որը մասնակցել է ընդամենը 3 մրցախաղի ու իր հաշվին գրանցել 1 միավոր: ԱՄՆ-ի տղամարդկանց հավաքականում էլ հանդես է գալիս գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը: Նա 4 հնարավորից իր թիմին 3 միավոր է պարգեւել: Վարուժանը խաղում է 4-րդ խաղատախտակի վրա, իսկ թիմի առաջատարը Գատա Կամսկին է: Իսկ ահա Սերգեյ Մովսիսյանը գլխավորում է Սլովակիայի հավաքականը: Նա թիմի առաջատարին վայել խաղ է ցուցադրում` 5 հնարավորից վաստակելով 4 միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ