«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2008-11-21 | #217, 2008-11-22 | #218, 2008-11-25


ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՆՇԱՆԱՌՈՒԻ ԳՆԴԱԿԸ ՍՐՏՈՒՄ

Ավալյանների ընտանիքում արդեն շուրջ 20 տարի խնամքով պահպանվում է խամրած եւ ոչնչով աչքի չընկնող մի լուսանկար: Սեւ ու սպիտակ է, միայն ուշադիր զննելուց հետո կարելի է հասկանալ, թե ովքեր են պատկերված: Արմեն Ավալյանի համար այս լուսանկարն առանձնահատուկ արժեք ունի:

Պատերազմը նոր էր սկսվել: Հայ-ադրբեջանական սահմանում կրակոցներն արդեն սովորական էին դարձել: Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում կրակոցներից ազատ հատուկենտ ժամերին զբաղվում էին հողի մշակմամբ: Ցորենի բերքն այդ տարի առատ էր, սակայն դաշտերն ադրբեջանցիների տեսադաշտում էին: Բերք հավաքելը հավասարազոր էր պատերազմ մեկնելուն:

Բերքահավաքն անվտանգ կազմակերպելու համար հայկական կողմն առաջարկում է բանակցել: Համաձայնությունը կայանում է, բանակցությունների ավարտին լուսանկարվում են: Լուսանկարի պատմությունը թերեւս այսքանով էլ կավարտվեր, եթե կարճ ժամանակ անց ադրբեջանցիներից մեկը շրջադարձային դեր չխաղար Արմեն Ավալյանի կյանքում:

«1993 թվականի հունիսի 4-ն է: Նոր էի դիրքերից գյուղ իջել, երբ կրակոցները կրկին սկսվեցին: Անմիջապես դիրքեր վերադարձա: Այդ օրը մարտերը, իսկապես, թեժ էին: Բայց վառոդի հոտը զգալուց հետո այլեւս չես կարող հետ կանգնել: Վառոդի հոտը թմրանյութի է նման, բթացնում է վախի զգացումը: Կրակոցներին դադար չկար, մեկ էլ զգացի, որ վիրավորվել եմ: Սրտիս հատվածում սուր ծակոց զգացի եւ հասկացա` վերջ, ամեն ինչ ավարտվել է», հիշում է Արմեն Ավալյանը: Վիրավորվել էր նշանառուի կրակոցից, նույն այն ադրբեջանցու, որ պատկերված էր լուսանկարում եւ ում անձնապես ճանաչում էր: «Անունը Սալմա էր, ամենավտանգավոր նշանառուներից էր: Նա միայնակ էր աշխատում, կրակելուց էլ գրեթե միշտ անվրեպ էր` կամ սրտին, կամ գլխին», ասում է Արմեն Ավալյանը:

Նշանառուի սխալն ու սանտիմետրերի տարբերությունը Արմենի համար ճակատագրական են դառնում: Ուսավանդակից է վիրավորվում: Ադրբեջանցի նշանառուն օգտագործել էր դեռեւս աֆղանական պատերազմից հետո արգելված «էքսցենտրիկ» կոչված կենտրոնախույս գնդակը: «Ուսից եմ վիրավորվել, սակայն գնդակն անցել է կողոսկր, հետո թոքեր եւ խրվել սրտի միջնապատում: Սա, իհարկե, հետո բժիշկներն ասացին: Առաջին պահին միայն հասկացա, որ վիրավորվել եմ եւ մտածեցի կնոջս մասին: Այդ ժամանակ 24 տարեկան էի, 3 ամիս առաջ էի ամուսնացել, կինս հղի էր», հիշում է նա: Դիրքերից մինչեւ շրջկենտրոն հասցնելը շուրջ 5 ժամ է տեւում: «Արյունաքամ էի եղել: Այդ օրը Բերդի հիվանդանոցում լույս չկար: Անմիջապես վիրահատեցին լամպի լույսի տակ: Բժիշկները միանգամից վերքերս փակեցին: Եթե նրանք փորձեին գնդակը դուրս բերել, ապա օրգանիզմս չէր դիմանա: Այդ պահին դա ամենաճիշտ որոշումն էր: Ապրելու կամքս ու շարք վերադառնալու ցանկությունը մեծ էին», նշում է Արմեն Ավալյանը:

2 շաբաթ անց դուրս է գրվում հիվանդանոցից, սակայն սրտի հատվածում ծակոցները շարունակվում են: Բերդի հիվանդանոցից ուղարկում են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: «Բժիշկները 2 անգամ վիրահատեցին, այդպես էլ գնդակը չգտան: Պատրաստվում էին երրորդ անգամ վիրահատել: Վիրաբույժ Հրայր Հովակիմյանը Ամերիկայից նոր էր հայրենիք եկել, հենց նա էլ դարձավ իմ փրկիչ հրեշտակը: Հետազոտությունից հետո ասաց, որ գնդակը սրտում է: Անհապաղ հարկավոր է վիրահատել, հակառակ դեպքում 2 շաբաթվա կյանք է մնացել: Վիրահատությունից առաջ ասացի` բժիշկ, խնդրում եմ, միայն թե, երբ աչքերս բացեմ, առաջինը գնդակը տեսնեմ: Հենց այդպես էլ եղավ», հիշում է նա: Հետագայում բժիշկները կգրեն. «Վիրավորվել է սրտավանդակի շրջանում հրազենային կրակոցից: Սրտում օտար մարմին է եղել: Հեռացվել է 7,62 մմ գնդակը»:

Այսօր էլ Արմեն Ավալյանը շարունակում է ապրել հայրենի գյուղում: Չնայած սահմանամերձ գյուղին բնորոշ բոլոր դժվարություններին, որոնք նրա առօրյան են դարձել, հեռանալ չի պատրաստվում: «Սիրում եմ իմ գյուղը: Արյուն եմ թափել, որպեսզի այսօր ազատ ապրեմ: Ինչպես կարող եմ թողնել իմ պատմությունն ու արմատները եւ հեռանալ», ասում է նա: Երեք դստեր եւ մեկ որդու հայր է: Որդին ընդամենը 4 տարեկան է: Ի նշան անհուն երախտագիտության, պատերազմից հետո ծնված մինուճար որդուն Արմենը կոչել է իր բժշկի` Հրայրի անվամբ:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


Նկար 1. Արմենը որդուՙ փոքրիկ Հրայրի հետ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4