«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2008-11-21 | #217, 2008-11-22 | #218, 2008-11-25


ՀԱՅԱՍՏԱՆՆ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ժամանակավոր ապաստան է ստացել 176 քաղաքացի

Հեռանալ Ազատության կղզուց, կտրել Ատլանտյան օվկիանոսը եւ հասնել Հայաստանՙ ապաստան հայցելու համար: Փախստականի կարգավիճակ ստանալու համար ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալություն դիմում են ոչ միայն Կուբայից: Նրանց մեջ մեծ թիվ են կազմում հատկապես հարեւան երկրների քաղաքացիները: Հայաստանը նրանց համար առավել ապահով եւ անվտանգ է թվում, քան սեփական պետությունը: «Այս տարվա ընթացքում փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել է 14 անձ` Իրանից, Թուրքիայից, Վրաստանից եւ անգամ Շրի Լանկայից: Նման կարգավիճակ նրանք կարող են հայցել, եթե իրենց երկրում պատերազմ է, նրանք հետապնդվում են եւ հասարակությունը խտրականությամբ է վերաբերվում, հալածանքի են ենթարկվում քաղաքական համոզմունքի կամ ռասայական եւ էթնիկական որեւէ խմբի պատկանելու համար: Այդ կարգավիճակը ստանալու եւ Հայաստանում օրինական հիմունքներով ապրելու համար նրանք պետք է ապացուցեն, որ վերադառնալու դեպքում նրանց իսկապես վտանգ է սպառնում», ասաց միգրացիոն գործակալության ապաստան հայցողների բաժնի պետի տեղակալՌուզաննա Պետրոսյանը: Փախստականի կարգավիճակ հազվադեպ է տրամադրվում, լավագույն դեպքում բավարարվում է 6 դիմումներից միայն մեկը: Ի տարբերություն այս կարգավիճակի, որի բավարարման դեպքում ստանում են անժամկետ բնակության իրավունք, ժամանակավոր ապաստան ստանալու հայցերը գործակալությունում որպես կանոն չեն մերժում:

Ժամանակավոր ապաստան ստանալու համար գործակալությունն այս տարի ստացել է 176 դիմում, որից 108-ը Վրաստանից, իսկ մնացյալը` Իրաքից: «Վրաց-օսական հակամարտության օրերին Հայաստան էին շտապում Վրաստանում բնակվող հայերը: Դիմողների գերակշիռ մեծամասնությունը հայեր էին», նշեց Ռուզաննա Պետրոսյանը: Նրանք բոլորը 3 ամսով ստացել են ապաստան հայցողի վկայական: Պատերազմական իրավիճակն ավարտվելուց հետո նրանք հիմնականում վերադառնում են սեփական բնակավայրերը:

Փախստականի կարգավիճակ եւ ժամանակավոր ապաստան օտարերկրացիները Հայաստանում սկսել են միայն 2000 թվականից հայցել: Բնագավառում մեծ փորձ չկա, սակայն հիմնական օրենսդրությունը մշակված է: «Կարծում եմ, ոլորտում արդեն հասցրել ենք կայանալ: Մեր նախաձեռնությամբ ներդրել ենք որոշումների վիճարկման համակարգ: Եթե քաղաքացին դժգոհ է ապաստանի մերժման որոշումից, ապա կարող է դիմել դատարան, ընդ որում` անվճար: Շատերն օգտվում են այդ հնարավորությունից եւ դիմում դատարան», ասաց միգրացիոն գործակալության պետԳագիկ Եգանյանը: Գործակալության աշխատանքներից Գագիկ Եգանյանը դժգոհ չէ, թեպետ վստահ է. «Բարեփոխումների անհրաժեշտություն միշտ էլ կա»:

Միավորված ազգերի կազմակերպության աջակցությամբ վերջերս կազմավորվել է Ազգային խորհուրդ անունը կրող նոր կառույց, որը նպատակ ունի բարելավելու փախստականի կարգավիճակի եւ ժամանակավոր ապաստանի հայցման օրենսդրական գործընթացը: Օրենսդրության փոփոխություն արդեն ձեռնարկել են: Գործակալությունում մշակել են օրենքի նոր նախագիծ, որն ընդարձակում է փախստականի եւ ժամանակավոր ապաստան հայցելու հիմքերը: Նախագիծն արդեն ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը եւ հաստատվել առաջին ընթերցմամբ:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4