«Էյ-Սի-Փի» ընկերության ընդհանուր հարցերով վարչության պետ Անդրանիկ Ղամբարյանից տեղեկացանք, որ միջազգային շուկայում գունավոր մետաղների, մասնավորապեսՙ պղնձի գնի կտրուկ անկման հետ կապված, ընկերությունում ստեղծվել է խիստ ծանր իրավիճակ, ինչի հետեւանքով փակվում են Ալավերդու հանքը եւ հանքահարստացուցիչ ֆաբրիկան: Կապված հանքի եւ հանքահարստացուցիչ ֆաբրիկայի փակվելու հետ` նոյեմբերի 21-ից կրճատվել են այդ արտադրամասերի աշխատողները: Այդ տեղամասերում մնում են միայն պահպանող խմբերՙ 10-12 աշխատող: 75 մարդ տեղափոխվում են Դրմբոնի հանքավայրում եւ հարստացուցիչ ֆաբրիկայում աշխատելու, մնացած աշխատողներին կառաջարկվեն այլ աշխատանքներ: Ա. Ղամբարյանը նշեց նաեւ, որ նշված արտադրամասերի փակման հետ կապված կրճատումներ կան այլ ստորաբաժանումներումՙ տեխնիկական վերահսկողության, քիմիական լաբորատորիայում, էներգամատակարարման, հատուկ սննդի եւ բուժծառայության ոլորտներում: Նա նաեւ կարեւորեց, որ հանքում եւ ֆաբրիկայում անորոշ ժամանակահատվածով աշխատանքների դադարեցումը կապված է նաեւ այդ արտադրամասերում արտադրության ոչ շահութաբերության հետ: Ֆինանսական ճգնաժամը ուղղակի արագացրեց նշված աշխատատեղերի փակման գործընթացը: Ըստ նրաՙ եթե աշխատանքային ռիթմը հասնի նախկին մակարդակին, հանքը եւ հարստացուցիչ ֆաբրիկան չեն բացվի, քանի որ ժամանակին այդտեղ աշխատել են առանց շահութաբերության:
Աշխատանքից կրճատված բանվորներն ստացել են ընթացիկ ամսվա աշխատավարձը, սակայն դեռեւս վերջնահաշվարկը չեն ստացել: Պարոն Ղամբարյանը նշեց նաեւ, որ ընկերության ղեկավարությունը եւ Ալավերդու քաղաքապետարանը միջոցներ են ձեռնարկում այս ծանր իրավիճակից դուրս գալու եւ ելք գտնելու ուղղությամբ, քանզի հարյուրավոր ալավերդցիներ գործազուրկ են դարձել:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ