Իսրայելցիները խառնեցին բոլորի խաղաքարտերը
Դրեզդենում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի ավարտից մեկ տուր առաջ բավական հետաքրքրական իրավիճակ է ստեղծվել չեմպիոնի կոչման համար մղվող պայքարում: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի եւ Ուկրաինայի հավաքականները 17-ական միավորով գլխավորում են աղյուսակը եւ այսօր կայանալիք ավարտական տուրում պետք է որոշեն չեմպիոնին: Հայ շախմատիստները մրցելու են Չինաստանի հավաքականի հետ եւ հաղթանակի դեպքում կկրկնեն թուրինյան օլիմպիադայի հաջողությունըՙ անկախ Ուկրաինա-ԱՄՆ մրցախաղի արդյունքից: Հուսանք, որ Հայաստանի հավաքականը հաջողությամբ կեզրափակի մրցաշարը եւ կրկին կնվաճի օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը:
8-րդ տուրում ֆրանսիացիներին հաղթելուց հետո թվում էր, թե մեր շախմատիստների համար այլեւս ոչ մի խոչընդոտ չի լինի ոսկե մեդալների նվաճման հարցում: Սակայն 9-րդ տուրում հայ շախմատիստներն անսպասելիորեն զիջեցին իսրայելցիներին (1,5-2,5): Լեւոն Արոնյանը զիջեց Բորիս Գելֆանդին, Տիգրան Պետրոսյանն էլ պարտվեց Մաքսիմ Ռոդշտեյնին: Մեր հավաքականում լավագույն արդյունքն ունեցող Գաբրիել Սարգսյանը կրկին իրեն գերազանց դրսեւորեցՙ հաղթելով Բորիս Ավրուկին: Ամեն ինչ պետք է որոշեր Վլադիմիր Հակոբյանի եւ Միխայիլ Ռոյզի մրցավեճը, որը բոլորից ուշ ավարտվեց: Հայ գրոսմայստերին չհաջողվեց առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Գրանցվեց ոչ-ոքի եւ Հայաստանի հավաքականն առաջին պարտությունը կրելով, առաջատարի դիրքը զիջեց Իսրայելի շախմատիստներին:
Բարեբախտաբար, Իսրայելի հավաքականը 10-րդ տուրում պարտություն կրեց ուկրաինացիներից (1,5-2,5), իսկ հայ շախմատիստները կրկին վստահ հաղթանակ տոնեցինՙ 3-1 հաշվով պարտության մատնելով Սերբիայի ընտրանուն: Այս անգամ հաջող խաղացին թիմի առաջատարներ Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը, որոնք հաղթեցին համապատասխանաբար Իվան Իվանիշեւիչին ու Դրագան Սոլակին: Իսկ Սարգսյան-Պերունովիչ, Պետրոսյան-Վուչկովիչ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
10-րդ տուրի մյուս կարեւոր հանդիպումներում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. Գերմանիա-1-ԱՄՆՙ 1,5-2,5, Անգլիա-Չինաստանՙ 1,5-2,5, Սլովենիա-Ռուսաստանՙ 0,5-3,5, Իսպանիա-Բուլղարիաՙ 3-1, Հոլանդիա-Լեհաստանՙ 2,5-1,5, Սլովակիա-Ֆրանսիաՙ 1-3: Մրցանակային տեղերի համար պայքարում 11-րդ տուրում որոշիչ կլինեն Հայաստան-Չինաստան, ԱՄՆ-Ուկրաինա, Իսրայել-Հոլանդիա, Ռուսաստան-Իսպանիա, Ֆրանսիա-Ադրբեջան, Վիետնամ-Սերբիա, Հունգարիա-Բելառուս, Վրաստան-Ռումինիա, Խորվաթիա-Անգլիա մրցախաղերը:
Ավարտական տուրից առաջ տղամարդկանց մրցաշարի առաջատարների ցուցանիշներն այսպիսին են (փակագծում նշված է ընդհանուր պարտիաներում վաստակած միավորների քանակը):
1. Հայաստան | 17 (28,5) | 2. Ուկրաինա | 17 (25) | 3. Իսրայել | 16 (25,5) | 4. Չինաստան | 16 (25,5) | 5. Ռուսաստան | 15 (25) | 6. Հոլանդիա | 15 (26) | 7. Իսպանիա | 15 (25,5) | 8. ԱՄՆ | 15 (25,5) | 9. Ադրբեջան | 14 (26,5) | 10. Վիետնամ | 14 (26,5) | 11. Հունգարիա | 14 (25) | 12. Վրաստան | 14 (25,5) | 13. Ռումինիա | 14 (24) | 14. Անգլիա | 14 (24) | 15. Բելառուս | 14 (25) | 16. Ֆրանսիա | 14 (23,5) | 17. Սերբիա | 14 (23,5) |
1. Լեհաստան | 17 (26) | 2. Ուկրաինա | 16 (27,5) | 3. Վրաստան | 16 (28) | 4. Սերբիա | 16 (25,5) | 5. ԱՄՆ | 15 (28) | 6. Ռուսաստան | 15 (27) | 7. Չինաստան | 14 (25,5) | 8. Հայաստան | 14 (25,5) | 9. Ֆրանսիա | 14 (28) | 10 Հնդկաստան | 14 (23,5) | 11. Ռումինիա | 14 (24,5) | 12. Հոլանդիա | 14 (22,5) |