«Մերժումները փոքր թիվ են կազմում», վստահեցնում է դեսպան Չարլզ Լոնսդեյլը
Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարությունը Հայաստանում ծավալած ավելի քան տասը տարվա գործունեությունից հետո ավարտում է իր աշխատանքները: 2006 թվականին Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը Հայաստանը դասակարգել է որպես միջին եկամուտների երկիր: Հեղինակավոր այս կազմակերպության տվյալներն էլ հիմք են դարձել, որ Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարությունը որոշում ընդունի ավարտել իր ծրագրերը: «Միջազգային զարգացման նախարարությունը կառավարում է Բրիտանիայի օգնությունն աղքատ երկրներին` նպատակ ունենալով վերացնել չքավորությունը: Հայաստանի նոր դասակարգումը թույլ է տալիս մտածել մեր օգնությունը դադարեցնելու մասին եւ գումարներն ուղղել առավել կարիքավոր երկրներին: Այս տարիներին մենք համագործակցել ենք Հայաստանի կառավարության հետ բոլոր մակարդակներով: Հուսով եմ, որ մեր ծրագրերն իրական փոփոխություններ են բերել` սկսած կենտրոնական կառավարության արդիականացումից մինչեւ հեռավոր գյուղերի կյանքի բարելավումը», նշեց ՄԶՆ-ն Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի բաժնի տնօրենՓոլին Հեյզը:
1997 թվականից ի վեր Մեծ Բրիտանիան Հայաստանին է տրամադրել ավելի քան 70 մլն ֆունտ ստեռլինգ: Հանրային ոլորտի բարեփոխումներից բացի ՄԶՆ համագործակցել է նաեւ Գեղարքունիքի եւ Տավուշի մարզպետարանների հետ` օժանդակելով դպրոցների եւ հիվանդանոցների վերանորոգմանը եւ ջրամատակարարման համակարգի բարելավմանը: «ՄԶՆ-ն ավարտում է իր աշխատանքները, սակայն Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Հայաստանի զարգացմանը` Եվրոպական հանձնաժողովի, Համաշխարհային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ ՄԱԿ-ի գործակալությունների միջոցով: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում Հայաստանի համագործակցությանը Եվրոպական միության հետ», նշեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանՉարլզ Լոնսդեյլը:
Եվրոմիության հետ կապերի ամրապնդումը նաեւ Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում է: Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսել կատարած վերջին այցելության ընթացքում խոսել է Եվրոմիության հետ հարաբերությունների սերտացման մասին եւ առաջարկել թեթեւացնել ՀՀ եւ Եվրոմիության անդամ երկրների միջեւ գործող վիզային ռեժիմը: Մեծ Բրիտանիայի դեսպանը նշեց, որ իրենք հետաքրքրված են Հայաստանի ինտեգրմամբ Եվրոպական ընտանիք:«Ազգի»այն հարցին, թե ձեռնարկվո՞ւմ են արդյոք որոշակի քայլերՙ թեթեւացնելու վիզային ռեժիմը Միացյալ Թագավորության հետ, դեսպանը նշեց. «Խնդիրը դիտարկվում է Եվրոմիության հետ հարաբերությունների ընդհանուր համատեքստում եւ «Եվրոմիություն. նոր հարեւաններ» ծրագրի ձեւաչափում: Ինչ վերաբերում է մեր դեսպանությանը, ապա արդեն իսկ գործում է բավականին ազատ ռեժիմ եւ մերժումների թիվը բավականին փոքր է»: Չարլզ Լոնսդեյլը նաեւ դրական է գնահատել մոսկովյան հռչակագրի ստորագրումը` կարեւորելով հատկապես երկու նախագահներիՙ խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու պատրաստակամությունը: «Ղարաբաղյան կարգավորման առաջընթաց կա: Սակայն ես չեմ կարծում, որ խնդիրը կարող է լուծվել մինչեւ տարեվերջ», հայտնեց դեսպանը:
Դեսպան Չարլզ Լոնսդեյլը Հայաստանում պաշտոնավարում է այս տարվա հունվարից: Տպավորություններն առայժմ դրական են: «Մարդիկ Հայաստանում ջերմ են եւ բարի: Հայաստանի որ անկյունն էլ գնաս, միշտ կգտնվի մեկը, որ Ձեզ իր տուն կհրավիրի: Հայաստանը շատ հետաքրքրական եւ պատմական երկիր է», նշեց դեսպանը:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ