3 տարվա ընթացքում հանրապետության դպրոցները, ինչպես Կարբիի Թեքեյան կրթօջախը, կհամալրվեն ռազմագիտության դասարաններով
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
2 տարի, շուրջ 200 մլն դրամ եւ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցը հիմնովին վերանորոգված է, հագեցած լաբորատոր սարքավորումներով եւ սեփական կաթսայատնով: Այդ դպրոցը պարզապես չհամալրեց հանրապետության վերանորոգված դպրոցների շարքը: Պաշտպանության նախարարության աջակցությամբ դպրոցում ձեւավորվել են ռազմագիտության դասարան եւ հրաձգարան: Այն իր տեսակով եւ տեխնիկական հագեցվածությամբ հանրապետությունում բացառիկ է:
Վերանորոգման արդյունքներին ծանոթանալու համար կառավարության ներկայացուցիչների ուղեկցությամբ դպրոց էր ժամանել հանրապետության վարչապետը: Տիգրան Սարգսյանի ուշադրության կենտրոնում նաեւ ռազմագիտության դասարանն էր: Նա անձամբ հետեւեց աշակերտների պարապմունքներին եւ հետաքրքրվեց, թե նրանցից քանիսն են ցանկանում հետագայում նվիրվել զինվորական գործին:
Հինգ աշակերտներից երկուսն արդեն որոշում կայացրել էին. կրթությունը շարունակելու են ռազմական ակադեմիայում: Ռազմագիտության դասընթացը դպրոցում անցկացվում էր նաեւ մինչ վերանորոգումը: Նոր սարքավորումները, երեւակայական թշնամուն հետապնդելու եւ ոչնչացնելու համակարգչային ծրագրի ներդրումը, իրական զենքին աշակերտներին ծանոթացնելու հնարավորությունները, դպրոցի ռազմագիտության ուսուցչի հավաստմամբ, նկատելի արդյունքներ կտան կարճ ժամանակահատվածում: «Առարկան հավասարապես նաեւ աղջիկներն են ուսումնասիրում: Դպրոցն ավարտելուց հետո թե՛ հոգեպես եւ թե՛ ֆիզիկապես նրանք պատրաստ կլինեն ծառայելու բանակում», ասաց ռազմագիտության ուսուցիչԱրարատ Ստեփանյանը: Նման դասարան հիմնելու գաղափարը եւ նախաձեռնությունը գրող Զորի Բալայանինն էին, որը Կարբիի դպրոցում հաճախ է լինում: «Ոչ պատերազմ-ոչ խաղաղության այս ժամանակահատվածում մենք ուղղակի պարտավոր ենք զինվորական պատրաստվածությունն սկսել դպրոցից: Վերանորոգումից հետո դպրոցում գործում են ֆիզկուլտուրայի բացօթյա եւ փակ դահլիճներ: Մեծ ուշադրություն է դարձվում աշակերտների ոչ միայն ռազմական գիտելիքներին, այլեւ ֆիզիկական կոփվածությանը», ընդգծեցԶորի Բալայանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ նման դպրոցների առկայությունը հանրապետությունում պետք է լինի ոչ թե բացառիկ երեւույթ, այլ օրինաչափություն: Այս ուղղությամբ որոշումն արդեն կայացած է: «Հանրապետության շուրջ 1400 դպրոցները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Տարեցտարի դպրոցները պետք է համալրվեն ռազմագիտության առարկան պատշաճ դասավանդելու համար անհրաժեշտ սարքավորումներով: Կառավարությունը նախատեսում է երեք տարվա ընթացքում լուծել խնդիրը», նշեց Տիգրան Սարգսյանը: ՀՀ ԿԳ նախարարՍպարտակ Սեյրանյանըտեղեկացրեց, որ այս տարվա բյուջեում գումարներ այս ուղղությամբ արդեն հատկացվել են: «2009 թվականին նախատեսում ենք հանրապետության 500 դպրոցներում հիմնել ռազմագիտության լսարաններ: Սա արդեն իսկ խնդրի լուծման ուղղությամբ էական քայլ է», վստահեցրեց Սպարտակ Սեյրանյանը: Իսկ պաշտպանության նախարարՍեյրան Օհանյանը, որ ամենայն ուշադրությամբ հետեւում էր ոչ միայն սարքավորումների որակին, այլեւ երեխաների պատրաստվածության աստիճանին, ասաց, որ նման դասարանների հիմնումը շարունակական է լինելու: «Այս դպրոցը պետք է օրինակելի լինի մյուսների համար: Նոր սերնդի ռազմական կրթության գործում մենք սխալվելու իրավունք չունենք», ասաց պաշտպանության նախարարը:
Կարբիի Վահան Թեքեյանի անվան դպրոցը գտնվում է Թեքեյան մշակութային միության անմիջական եւ մշտական ուշադրության կենտրոնում: Հանրապետության եւ Արցախի Վահան Թեքեյանի անունը կրող 5 դպրոցներին յուրաքանչյուր տարի փոխանցվում են միության հանգանակած գումարներըՙ ուսուցչական կազմերին: «Օգնությունը համակարգված բնույթ է կրում: 1992 թվականից ի վեր Կարբիի դպրոցը մեր ուշադրության կենտրոնում է: Ամեն տարի ֆինանսական աջակցություն է տրվում դպրոցի ողջ անձնակազմին: Աջակցել ենք նաեւ դպրոցի վերանորոգման աշխատանքներին», նշեց Թեքեյան մշակութային միության նախագահՌուբեն Միրզախանյանը:
Կարբիի միջնակարգ դպրոցն այսօր հանրապետության այն բացառիկ կրթօջախներից է, ուր աշակերտների թիվը ոչ թե նվազում է, այլ աճում: Դպրոցում սովորում է 720 աշակերտ, իսկ այս տարի բացվել է երկու առաջին դասարան` 68 աշակերտով: