«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2008-11-25 | #219, 2008-11-26 | #220, 2008-11-27


ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՍԱՀՄԱՆ Է

 Գուժ Մանուկյան (դերասան)- Ի՞նչ ասեմ, այնքան է խոսվել մեր շախմատիստների փառահեղ հաղթանակների մասին, որ մնում է երջանիկ լինել, ուրախանալ, շնորհավորել հայ ժողովրդին թե՛ ներսում - թե՛ դրսում այսպիսի աննախադեպ հաջողության համար: Անկեղծ ասած, անսպասելի էր բոլորիս համար երկրորդ անգամ չեմպիոն հռչակվելը: Դա պարզապես հայ մարդու մտքի թռիչքի արգասիքն էր: Ինձ համար շատ ուրախալի փաստ էր դա, կեցցեն տղաները: Շնորհավորում եմ հանրապետության նախագահին, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին աննախադեպ հաջողության համար:

 Վլադիմիր Մսրյան (դերասան)- Մեզ համար այսօր մեծ տոն է: Մշտապես սպասել ենք նման հաջողությունների: Արդեն երկրորդ օրն է, ուրախությանս չափ ու սահման չկա: Ցանկանում էի թոռնիկիս հետ դիմավորել մեր շախմատիստներին, սակայն մի փոքր հիվանդ էր: Սա մեծ երեւույթ է, տոն է ողջ հայության համար, ինչպես ժամանակին Տիգրան Պետրոսյանի աշխարհի չեմպիոն հռչակվելն էր: Զարմանք է առաջացնում, որ երկրորդ անգամ անընդմեջ դարձանք օլիմպիական չեմպիոն: Սա պարզապես ազգի բերկրանք ու երջանկություն է պարգեւում եւ խոսում է մեր ուժի, մեր խելքի մասին: Ինձ թվում է, որ դպրոցներում շախմատի առարկան դասավանդելը շատ ճիշտ կլինի: Կցանկանայի, որ մեր երեխաներն ավելի շատ իրենց խելքին ապավինեն, քան նույնիսկ ուժին: Ճիշտ է, տղամարդուն ուժը հարկավոր է, սակայն ներկայիս պատերազմներում ավելի շատ հաղթում է խելքը: Շնորհավորում եմ մեր հերոսներին: Սա մեզ համար մեծ պարծանք է:

 Արմեն Գրիգորյան (ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար)- Կարծում եմ, կրկնակի հաջողության գրավականը թիմային ոգին էր եւ մեր շախմատիստներիՙ աշխարհում լավագույնը լինելը: Նրանք մեկ անգամ եւս ապացուցեցին, որ լավագույն շախմատիստներն են եւ Հայաստանի Հանրապետությունը շախմատային գերտերություն է: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ մեր շախմատիստներին այս փառապանծ նվաճման համար: Առաջին զգացումս հպարտությունն էր: Իհարկե, օլիմպիական չեմպիոն դառնալը դժվար է, սակայն կրկնակի դժվար է այն պահպանելը:

 Յուրի Առուստամյան (շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ)- Ուրախության ու ցնծության օր է: Բոլորս շատ ուրախ ենք ու հպարտ մեր շախմատիստների նվաճմամբ: Ցանկանում ենք, որ նրանք մշտապես նման հաջողություններ ունենան: Վերջին տուրում մեր երկու հավաքականները հաղթեցին միլիարդանոց ժողովուրդ ներկայացնող Չինաստանի եւ Հնդկաստանի հավաքականներին: Պատկերավոր ասած, մեկը հաղթեց հազարին: Դրանից ավելի մեծ ուրախություն դժվար է պատկերացնել: Իհարկե, այս հաջողությունը մեր շախմատիստների եւ շախմատի ֆեդերացիայի քրտնաջան աշխատանքի, նրա նախագահի ուշադրության արդյունք է: Եթե բոլոր բնագավառներում էլ նման նվաճումների հասնենք, կյանքն ավելի կլավանա:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4